Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շողեր Տոնոյանի վկայությունը
1901թ., Մուշ, Վարդենիս գյուղ
Շողեր Տոնոյանի պատմությունը սկսվում է 1915 թվականի Վարդավառի օրվանից, երբ իրենց գյուղում սկսվեց կոտորածը: Գյուղը նախ թալանել են, տարել անասուններին, հետո արդեն բոլոր տղամարդկանց, գեղեցիկ հարսներին ու աղջիկներին տարել ու թուրքացրել են: Հավաքել են մեծ ու փոքր, տարել գոմերը ու վառել: Նրա հայրական տնից վաթսուն մարդ է վառվել, միայն նա ու եղբայրն են փրկվել: Գաղթի ճանապարհին հանդիպում են Անդրանիկի խմբին: Անդրանիկի հետ գնացել են Պարսկաստան, Խոյ, Նախիջևան, Ղարաբաղ,Ղափան… 1922 թվականին հասել են Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղը: Այնտեղ ամուսնացել է սասունցի Գրիգոր Տոնոյանի հետ ու ունեցել զավակ` Աղավնի, Վարդուշ, Գյուլնազ, Մկրտիչ, Սարգիս, Վաչագան, Հրեղեն, Անահիտ, Շուշիկ:
«…1915 թվին Վարդեվրի օրը եղավ կոտորում: Թուրք ասկյարներ Դաղստնու չեչեններ բերին, մեզ կոտորին: Մեր գեղ էկան թալանին, օխչար, գոմշդանք, մալ քշին տարան: Ով խորոտ էր` տարան: Իմ հորքուրին մե տղա կար, էն գիշեր-ցերեկ իմ մոտ էր, դրան լե տարան: Տղամարդ չմնաց: Հավաքին մեծ ու մանր, տարան լցրին Ավզուտ գեղի գոմերու մեջ, կրակ տվին, վառին: Էդ գոմեր էնքան մեծ էին, իմալ օր հիդա մեր կոլխոզի գոմերն են: Լցրին Մալխասի Մարդոյի գոմերու մեջ, խոտի դեզեր դարսին գոմու շուրջ բոլոր, վրեն նավթ ցանին, տվին կրակին: Իմ հոր տնից վաթսուն ջան վառվան էդ գոմերու մեջ: Էն օր ես եմ տեսել, լաո՜, թող իմ թշնամին չտեսնա: Մենակ ես ու ախպերս ազատվանք: Էն օր ես իմ աչքերով եմ տեսել, լաո՜: Առաջուց խորոտ հարս ու աղջիկ տարան թուրքացրին, ինչ լե մատղաշ տղա-էրեխա կար` մորերու գրկից պոկեցին տարան, օր դարձուն զաբթիա:
Գոմի մեջ օր ծուխ ու կրակ մտավ, ժողովուրդ սկսավ հազալ ու խեղդվան: Մեր զմանուկ ուրացավ, լաո՜, իսկական սոդոմ-գոմոր էր: Վառվող մարդիկ վազվզում, խփվում էին պատերուն, ոտի տակ տրորում գետնին ընկած իրենց մանրերուն: Էն օր ես իմ աչքով եմ տեսել, լաո՜, թող սարի գիլանք չտեսնեն: Կըսեն, թուրք մոլլան էդ օր տեսավ` չդիմացավ, ինքն ուրան կախեց: Էդ ալալորումի մեջ, մարդկանց մեծ մաս խեղդվավ, մեռավ: Գոմի տանիք փլավ: Փլավ, լցվավ մեռուկներու վրա: Երանի ես ու քորփա ախպերս լե վառվեինք, իմալ օր վաթսուն ջան վառվան, օր չտեսնեինք իդա անհավատ մարդոց անխիղճ ու անաստված օրենք: Գոմերու մեջ վառեցին մեր կեղ` Վարդենիսի, Մշախշենի, Աղբենիսի, Ավզուտի, Խվների ու էլի շրջակա գյուղերու սաղ կեղացոց: Էն օր ես եմ տեսել, զիմ դուշման չտեսնա: Մեր մեջ մի շատ տարիքով կին կար: Էնոր ճանչըցողներ կըսեն Փոլո Արշակի զոքանչ: Էդ կին կեղներ հարյուր տարեկան: Ծուխ օր սկսե մտնել գոմու մեջ, էն հավքեց տղա-էրեխեքուն, պառկցուց վըր քիթ ու բերնին, ու իրանց մերերուն պառկցուց էրեխեքու վրեն: Իմ ախպոր լե պառկցուց գետնին: Հանեց զուր գոգնոց լե, թալեց վրեն, ընձիկ լե բրթեց, օր պառկիմ ախպորս վրեն` չթողնիմ օր էլնի, ինչքան լացի-չլացի` չթողնիմ օր էլնի: Աստված զուր հոգին լուսավորի, լուսի փայ էղնի ընդրա հոգին: Էդ կնիկ ըսավ. «Լաո՜, լալով բան դուրս չի գա, պտի ընենց անենք, օր ամեն օջախեն մի տղա պրծնի, դուրս գա կրակից, օր ըդրանց ծուխ չմարի, օր աշխարհին պատմեն անաստված ու անխիղճ թուրքի արածներ: Ժողովու՜րդ, ձեր հույս մի՛ կտրեք, ձզի մի՛ կորցնեք, մնացե՛ք ձեր հավատին: Նաչար մարդու Աստված մեծ է, բալքի մի դուռ կբանա»: Ես իմ ջանդըկով ծածկի իմ ախպորս: Գոմի կեղտի մեջ, քիթ ու բերնին ընկած խեղճի շունչը կկտրեր, էն կուզեր դուրս գալ: Էնքան լաց-լաց, ուշքը գնաց, խաղաղվեց: Գոմի գերաններ օր վառան, տանիք փլավ, էրդիկ բացվավ, բոց ու ծուխ էդ ծակից դուրս էլավ, մզի օդ էկավ: Հմա օր օդ առանք, ես ու իմ հորեղբոր աղջիկ` Արեգ, վերցրինք իմ ուշաթափուկ ախպոր ոտ ու ձեռից թալինք տանիք: Ես ու Արեգ լե վառված գերաններու, ջանդգներու վրայով էդ էրդկից մզի թալինք դուրս: Օր էլանք տանիք, տեսանք թուրք զինվորներ շուրջպար բռնած կպարեն, կուրախանան: Մինչև էսօր իմ անկջներու մեջ է ընոնց երգի ձեն. «Եո՛րի, եավրու՜մ, եո՛րի» («Պարի՛ր, որդի՜ս, պարի՛ր» – թուրք.) ասում ու թրեր իրար զարկելով կպարեին: Էդ պար, լաո՜, հայ տան մեջ պտի չպարվի. էդի անխիղճ, անաստված, վայրենի գազաններու խաղ է, լաո՜: Էդ պարով ընկած ընոնք մզի չտեսան: Ես ախպորս առա շալակս ու փախա: Փախա, մտա մոտիկ ղամիշներու մեջ:
Էդ ղամիշներուն շամբ կըսեն: Մութն օր ընկավ, առա ախպերս ու փախա, թե ինչքան ժամանակ փախա կամ ուր փախա` չգիտեմ, մեկ էլ տեսա, որ դպա մեր եանը մարդիկ կուգան: Ախպորս առա ու թաքնվա բլերու տակ: Մեկ էլ լսեցի էդ մարդիկ հայերեն կխոսան: Վազեցի, միացա ընոնց խմբին: Էդ խումբ Անդրանիկի խումբն էր: Ես մեռնե՜մ էնոր ոտերու հողու փոշուն: Մենք գացինք, ու՛ր գացինք` թուրք բռնեց մեր առեջ: Անդրանիկի հետ գացինք Պարսկաստան, Խոյի ճամփեն` թուրք բռնեց մեր առեջ, փախանք, գացինք Նախջըվան, Ղարաբաղ, Ղափան, Գորիս, Սիսիան, Սևան…: Է՜, լաո՜, ու՛ր ասես օր չենք փախել ու տանջվել…: Գորիսի եայլաներուց լե էկանք հիդա Թալին: Էն օր ես եմ տեսե, լաո՜, թող իմ դուշման չտեսնի:
Սիսիանի՞, թե՞ Գորիսի մի գյուղամեջ, էդ գյուղի անուն Աղուդի-Վաղուդի էր, գաղթականությունը արտերուց հասկ էր հավքել, ամեկ` հինգ-վեց կիլոյի չափ ցորեն սարքել: Ութ-տասը մանր էրեխեքով գացել էին ձորը ջրաղաց` էդ ցորեններ աղալու: Էդ քոռփեք գացին ու չեկան: Էլան տղամարդիկ գացին, օր ի՜նչ տեսնան: Իմ աչքեր քոռներ, չտեսնեի: Էդ ադրբեջան-թուրքեր էրեխեքուն լցրած ջրաղացի բուխարիկի մեջ, կրակ տված, վառած: Լաո՜, էստեղի թուրքեր ոչ մի բանով չեն տարբերվի էն թուրքերուց, թե կուզիս ճիշտն իմանաս, սրանք ավելի քաֆուր ու զուլում են, քանց մեր էրգրի թուրքեր:
Էկան Անդրանիկ փաշին ասին, օր մատղշներուն լցրած են բուխերիկի մեջ, վառած են: Անդրանիկ փաշան զուր բուխարի-փափախ հանեց, չոքավ գետին ու երդվավ` անպայման զուր վրեժ առնի ու էդպես լե էնեց: Էդ գյուղի թուրքերու հախից եկավ: Ես մեռնիմ Անդրանիկի ոտքի հողերուն…
1922 թվին էկանք էստեղ Թալինի շրջան Մեհրիբան, մկա` Կաթնաղբյուր գյուղ: Էս Կաթնաղբյուր գյուղ հայի գյուղ է էղել, թուրքեր էկել, քանդել են մեր եկեղեցիներ. շոշ (խճուղի) օր շինին, խաչքարեր էլան հողի տկից: Պսակվա սասունցի Արփի գյուղացի Գրիգոր Տոնոյանի հետ: Իմ ամուսին մեր գյուղի գյուղսովետի առաջին նախագահ էղավ: Ուսում չուներ, համա շատ խելոք էր: Էն էլ իմ բախտից 1955 թվին մեռավ: Ինը էրեխա եմ պահել: Իմ էրեխեքի անուններ` Աղավնի, Վարդուշ, Գյուլնազ, Մկրտիչ, Սարգիս, Վաչագան, Հրեղեն, Անահիտ, Շուշիկ: Երեսունվեց թոռ ու ծոռներ ունիմ: Իմ էրեխեք լավ են. էդքան պահեցի` ո՛չ մեկը խուժան չեղավ…»:
Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 9, էջ 92-93:
Աղբյուրը՝ armeniangenocide100