կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-30 17:08
Հասարակություն

Էկիր իմ, որ հայ մեռնիմ

Էկիր իմ,  որ հայ մեռնիմ

Աղբյուրը՝ armeniangenocide100

Գրիգոր Ամալյանի վկայությունը

1945 թ., Երեւան, Նոր Արաբկիր

 

Գրիգոր Ամալյանը Մեծ եղեռնի ժամանակ յոթ-ութ տարեկան է եղել: Նա պատմել է, թե ինչպես են թուրքերը տարել իր հորը, քարավանից քաշքշելով փախցրել քրոջը: Հիշում է շատ վայրագություններ, ալան, թալան, լաց ու կոծ, ճանապարհների եզրին հայ անարյուն դիակներ, որոնք գիշատիչ թռչուններու կեր էին դարձել: Նա պատմում է, թե ինչպես է տարիներ անց վերադարձել հայրենի Արաբկիր ու հանդիպել արդեն պառաված քրոջը:

Գևորգ ախպարը Մեծ եղեռնի ժամանակ յոթ-ութ տարեկան էր և հիմա լավ կհիշե, թե իր հայրը ինչպես առին տարին, իր քրոջը (իմ մեծ մորս)` Վերժին Հազարյանին, քարավանեն քաշկռտելով փախցուցին: Կհիշե շատ վայրագություններ, ալան, թալան, լաց ու կոծ: Կհիշե ճամփաներու եզրին հայ դիակներ անարյուն, որոնք գիշատիչ թռչուններու կեր էին դարձած ու հիմա ինք կերթա հոն, ուր այդ գազանությունները եղան: Ան կհասնի Արաբկիր, իրենց գյուղը: Քանի մը անգամ գնաց-եկավ իրենց տունին առջևը. դիտեց իրենց տունը, ուր մայրը իրեն ծնունդ տված էր, ուր իր մանկությանը հասակ առած էր: Կարծես իր հոգիեն կտոր մը կար անոր մեջ: Ճպռոտ ծերուկ մը իրեն կհետևեր հայացքով: Գևորգ ախպարը նրա մեջ տեսավ իր պապերուն սպանողը, իրենց հնամենի տան զավթիչը, ան ուզեց կռիվ տալ, բայց զսպեց իրեն: Հայ ըլլալուն վախը սրտին մեջն էր: Հոն մոտ էր այն գյուղը, ուր իր Վերժին քույրը գյուղի մուխթարին կնության էր տրված: Ան չգիտեր ինչ ըներ: Ոչ մեկ դուռ կրնար զարնել, ոչ մեկ տուն կրնար մտնել, մի կտոր բան ուտել: Եվ խոր շունչ քաշեց, «Աստվա՜ծ, օգնիր ինձ» ըսավ և քայլերով մոտեցավ գյուղի աղբյուրին: Ան իր աչքերուն չհավատաց, երբ աղբյուրի գլխին կանգնած տեսավ պառավ մը, որն այնքան կնմաներ իր քրոջը. «Ի՛նքն է, ի՛նքն է» մտածեց Գևորգ ախպարը: Հակառակ այդքան տարիներուն, որ հիսունյոթ տարի էր անցած, անոնց աչքերը իրար ճանչցան: Այդ արյան ձայնն էր, որ կխոսեր անոնց հոգիներուն մեջ: Այդ պահուն, երբ անոնց հայացքները գրկեցին միմյանց, անոնց մարմիններեն սարսուռ մը անցավ: Դող մը եկավ անոնց արդեն վտիտ ծունկերուն: Պառավը շփոթվեցավ: Ջուրին կուժը ձեռքին, պաղած նայվածքը դիմացը կեցած մարդուն հառած` եղած տեղը սառած մնաց, կարծես հուզումեն լեզուն կապվեցավ, ինչ ընելը չգիտցավ: Բայց այդ ի՛նչ ալեկոծում կար իրենց ներսիդին, որքան ուզեցին իրարու փաթթվիլ, ողջագուրվիլ ու կարոտ առնել տարիներու, բայց պետք չէր, որ մարդ տեսնար իրենց: Հոն աղբյուրին գլուխը անոնք բաներ մը փսփսացին իրարու, հասկցան իրար: Ժամադրվեցան գիշերվա մութին հանդիպիլ:

Եվ իննիսունամյա պառավը, վերջին անգամ համբուրելով իր թոռնիկներին ու անկողնում քնացնելով, դուրս է գալիս այն տնից, ուր ապրել էր հիսունյոթ տարին: Վերժին մեծ մայրս հուզում մը կապրեր: Ան տարիներու անցյալ մը կտեսնար իր հիշողության մեջ: Ան կտեսնար ամբողջ ժողովուրդ մը, որ բռնած էր մահվան ճամփան: Դող մը եկավ վրան:

Աչքերը ամուր գոցեց: Բայց ականջները լսեցին փլատակ զանգակներու ղողանջ, հոսող արյան կանչ: Աչքերը գոց տեսավ, թե հայ կույսեր ինչպես լլկվեցան: Տեսավ, թե ինչպես իր գեղեցկությունովը հիացած իրեն քարավաններից դուրս քաշեցին: Մինչ ինք ընդդիմանալով կպոռար. «Չե՛մ ուզեր, ես կմեռնի՜մ»: Եվ հիմա ալ  իր թևեն կքաշեին, բայց արդեն իր եղբայրն էր, որ կքաշեր: Վերժին ցնցվեցավ: Ու այդ ցնցումեն ուշքի եկավ, քայլեց եղբոր թևին կռթնած: Քայլեց, նորեն հայուն խաչը շալակին, հասան սուրիական սահմանը` անկե ալ Հալեպ:

Երբ կհարցնեն, թե ինչու եկար, ի՛նչ գլխեդ անցավ. «Ի՛նչ ըսեմ, տղա՜ս, գլուխս եկածը շա՜տ է: Ես հարյուրեն ավելի եմ: Ես արաբկիրցի եմ: Գլխավորս (ամուսինս) Խաչեր կկոչվեր: Իրմե ունիմ երեք զավակ, որոնց երկուքը հիմա Հայաստան կապրին` իրենց զավակներով ու թոռներով: Ջարդի ատեն տասը օր կըլլար, որ ամուսինիս զինվորական փրկագին տված էինք: Շատ ուրախ էի: Բայց չար օր մը եկավ, գեղին էրիկ մարդիկը հավաքեցին ու տարին, անոնք ետ չեկան, ջարդեցին: Շատ զուլումներ տեսանք, թուրքերը զիս պիտի փախցնեին, բայց աներ հայրս զիս տվավ այդ գյուղի մուխթարին: Շա՜տ լացի, բայց` մնացի: Անկե ալ ունեցա երեք զավակ: Հիսունյոթ տարի հոն մնացի, բայց ես իմ հայու աղոթքս կընեի, հայու Աստված կպաշտեի: Եկող-գացողեն եղբորս մասին լուր կառնեի, որ Հալեպ է: Էկեր իմ եոր հա՜յ մեռնիմ»:

Վերժինե Սվազլյան, Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ, Երկրորդ համալրված հրատ., Երևան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2011, վկայություն 373, էջ 558-559: