Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի տեղեկություններով` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության դեպքից հետո պաշտոնանկ են արվել ինստիտուտի զորքերի ծառայության կազմակերպման գծով տեղակալ, գնդապետ Արմեն Մզիկյանը և ինստիտուտի մեկ այլ տեղակալ, շտաբի պետ Մարկոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի հրաժարականը:
Կուրսանտի սպանության գործով մեղադրյալներից մեկի հայրը, որը նույնպես ինստիտուտի պետի տեղակալներից է, արդեն ազատվել է պաշտոնից:
Կուրսանտի սպանության վարկածներից մեկի համաձայն` համակուրսեցիները ցանկացել են իրենց ենթարկեցնել Հայկազին, սակայն դա նրանց չի հաջողվել: Մեր տեղեկություններով` դեպքը տեղի է ունեցել գիշերը, երբ ինստիտուտում բոլորը քնած են եղել: Վիճաբանության ընթացքում համակուրսեցիները դաժանորեն ծեծել են Հայկազին: Նախնական վարկածի համաձայն` նրան ձեռքերով կամ բարձով խեղդել են (դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ նշվում է, որ մահը վրա է հասել շնչահեղձ լինելու հետևանքով), և տղան մահացել է:
Ի դեպ, Հայկազի մարմնին, բացի բազմաթիվ վնասվածքներից, եղել են նաև երակների կտրվածքներ, ինչը վկայում է, որ «հնարամիտ» հանցագործները փորձել են ցույց տալ, թե իբր նա ինքնավնասում է կատարել, սակայն, երևի հասկանալով, որ այդ տարբերակն այնքան էլ «հավատ չի ներշնչի», նրան կախել են մարզահրապարակի պտտաձողից: Դեպքից հետո տղաներն անմիջապես թաքցրել են իրենց վրա մնացած արյան հետքերը: Սակայն առավոտյան դեպքի վայր ժամանած առաջին քննիչն անմիջապես նկատել է, որ «փնթի» սպանություն է կատարվել:
Ի դեպ, մեր տեղեկություններով, գործով մեղադրյալները հրաժարվում են իրենց առաջադրված մեղադրանքից, այսպես ասած` «չոր ատկազ են կանգնում»:
Նշենք նաև, որ առաջիկայում ինստիտուտում պաշտոնանկությունները կշարունակվեն, իսկ դեպքի պատճառները և մյուս հանգամանքները կպարզի քննությունը: