կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-13 16:23
Հասարակություն

Կաթողիկոսը հանդիպել է Հովհաննես Թումանյանի ժառանգների հետ

Կաթողիկոսը հանդիպել է Հովհաննես Թումանյանի ժառանգների հետ

Սեպտեմբերի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալել է հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ժառանգներին՝ ուղեկցությամբ բ. գ. դ., պրոֆ. Սերգո Երիցյանի: Այս մասին հայտնում են Yerkir.am-ին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Պարոն Երիցյանը, Նորին Սրբությանը ներկայացնելով բանաստեղծի ժառանգներին, տեղեկացրել է, որ Հայաստան են ժամանել մասնակցելու Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումներին:

Այնուհետև Վեհափառ Հայրապետն իր հայրական օրհնությունն է բերել հյուրերին՝ ուրախություն հայտնելով հայրենիքում բանաստեղծի ժառանգներին միասնական և համախմբված տեսնելու առիթով: Քաղցրությամբ հիշելով բանաստեղծի զավակների հետ Մոսկվայում իր հանդիպումներն ու զրույցները` Նորին Սրբությունն ընդգծել է, որ Թումանյանի թողած ժառանգությունը համամարդկային է և անգնահատելի է նրա վաստակը հայ ժողովրդի կյանքում` հավելելով, որ նրա ստեղծագործությունները սիրելի և ուսանելի են յուրաքանչյուր հայորդու համար: Վեհափառ Հայրապետը նշել է, որ առաջիկայում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս տոնախմբվելու են մեր ժողովրդի երկու մեծերի` Կոմիտաս վարդապետի և Հովհաննես Թումանյանի հոբելյանները:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հետաքրքրվել է Թումանյանի ժառանգներից յուրաքանչյուրի գործունեությամբ, ծանոթացել վերջին հոբելյանական հրատարակություններին, ապա մաղթել, որ մշտապես նախանձախնդիր լինեն բանաստեղծի թողած ժառանգության հանդեպ: