Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրը՝ armeniangenoicde100
Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանի վկայությունը
1915 թ.,Կիլիկիա
Բուլղարահայ թեմի առաջնորդ Ղևոնդ եպիսկոպոս Դուրյանը Գևորգ կաթողիկոսին ուղղված նամակում պատմում է, որ Հայաստանը կործանվել է, ոչ մի անկյունում հայ չի մնացել: Զանգվածային տեղահանության հետևանքով սպանվածների, անհետացածների, մահմեդականացվածների և առևանգվածների թիվը հասել է 835.600-ի: Բազմաթիվ հայ մայրեր իրենց նորածին մանուկներին Եփրատի ալիքների մեջ են գցել կամ տանը սպանել: Շատերի երեխաներին խլել են ու վաճառել: Եկեղեցիները կողոպտված են, մզկիթի, ախոռի վերածված:
12 օգոստոսի 1915 թ.
Ֆիլիպե
Վեհափառ Ս. Հայրապետ
Կր հաստատեմ մեր յղած անցյալ ամսուայ թուակիր և 250 թուահամար գրութիւնն և ներփակեալ տեղեկագիրն: Մեր այս երրորդ տեղեկագրով ամէնադժբախտ պարտականութիւնն է, որ կը ստանձնենք հաղորդելու Ձերդ Վեհափառութեան Հայաստանի կործանումը. այլևս ոչ մէկ հայ չէ մնացած Հայաստանի որևէ մէկ անկիւնը, ամէն կողմ աւերուած, քանդուած ու կործանուած է, ներփակեալ պոլսական աղբիւրէ մեր ստացած գրութեան պատճէնը արցունքով Ձերդ Վեհափառութեան կը յղենք:
Զանգուածային տեղահանութեան հետևանօք Հայաստանի, ինչպէս և Փոքր Ասիոյ այլ և այլ գաւառներու մէջ սպանուածներու, անհետացածներու, իսլամացածներու, առևանգուածներու թիւը` 835.600:
Այս համատարած կորստեան թիւը ահռելի և սոսկալի թիւ մըն է: Արտասահմանի հայութիւնը ամէն միջոցներու կը դիմէ իր դժբախտ հայրենակիցներուն օգնութեան հասնելու համար:
Շնորհապարտ պիտի ըլլայինք, ՎեՀափառ Տէ՛ր, եթէ եւրոպական պետութեանց մօտ Ձերդ Վեհափառութեան դիմումներուն բարեհաճութիւն ունենայիք հաղորդելու տալ մեզ ի մխիթարութիւն արտասահմանի հայոց: Մատչելով ի համբոյր Աստուածարեալ Սրբոյ Աջոյդ պատուականի,
Մնամ ամէնախոնարհ հոգևոր որդի
Ձեր` Ընտրեալ Առաջնորդ պուլկարահայոց
Ղևոնդ Եպիսկոպոս Դուրեան
ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 96, թթ. 37-40, բնագիր, ձեռագիր:
2/15 օգոստոսի 1915 թ.
Գերապատիւ Տ[էր] Ղևոնդ Եպ. Դուրեան Առաջնորդ Պուլկարիոյ հայոց ի Ֆիլիպէ
Վերջին նամակէս ետքը, զոր ստացած ըլլալնիդ իմացուցած էք, հետզհետէ ներքին գաւառներէն աւելի ստոյգ տեղեկութիւններ կրցան հասնիլ: Մեր այս նամակին մէջ տրուած տեղեկութիւնները քաղուած են Բաբերդէն իսլամանալով ազատած և պատահաբար Պոլիս եկած կնոջմէ մը, թուրք սպայի մը կողմէ յափշտակուելով Պոլիս բերուած 9-10 տարեկան զիլեցի ազջիկէ մը, Խաբբերդէն եկած իսլամ ճամփորդէ մը, Երզնկայէն եկած օտար ճամփորդներէ և այլն, հետևաբար մեր այս տեղեկութիւնները մեզ պատմուած են նոյն իսկ ականատեսներէ ու խժդժութեանց ենթակայ եղողներէ:
Այսօր այլևս ստուգուած է, որ Կարնոյ, Տրապիզոնի, Սեբաստիոյ, Խարբերդի, Բաղէշի և Տիգրանակերտի նահանգներուն մէջ հայ չէ մնացած բնաւ, այդ միլիոնի մը չափ ժողովուրդը իրեն հայրենիքէն յանկարծական տեղահան եղած և դէպի հարաւ քշուած է: Նախ բանտարկութիւնէ ազատ մնացած այրերը մեծավմասամբ և բանտարկեալներէն անոնք, որոնց վրայ յանցանք մը չէ գտնուած, զանազան տեղեր աքսորելու պատրուակաւ խումբ-խումբ ճամփայ հանուած և ամբողջովին կոտորուած են` առանց մէկ հոգի իսկ ազատուիլու: Մնացեալ ժողովուրդէն կին, ծեր և մանուկ Խարբերդի վիլայէթին մԷջ պարզապէս իբրև անտէր ապրանք նկատուած, իսլամ ժողովուրդին քմահաճոյքին ենթարկուած են, ամէնաբարձր պաշտօնեաներէն սկսեալ մինչև հասարակ գիւղացին իրեն հաւած կինը կամ աղջիկը իրեն կնութեան առած է բռնի իսլամացնելով, պզտիկ մանուկները ուզողը առած է ուզածին չափ և մնացեալները ճամփայ հանուած են հետիոտն և անօթի, առանց պաշարի, գտնուած չեթէներուն սուրին կեր ըլլալու կամ անօթութիւնէ մեռնելու համար:
Կարնոյ, Բաղէշի, Սեբաստիայի և Տրապիզոնի նահանգներու ժողովուրդը տեղահան եղած ժամանակ կառավարութեան կողմէ բաւական դիւրութիւն տրուած է իրենց. 5-10 օր պայմանաժամ, մասամբ գոյք ծախելու թոյլտւութիւն և ճամփայ հանուած ատեն քանի մը ընտանիքի սայլ մը տրամադրած են, որ մէկ-երկու օրէն զիրենք ճամփուն մէջտեղը լքելով ետ կը դառնան: Ճամփայ ելլող կարաւանները երբեմն յաջորդ օրը և երբեմն քանի մը օր ետքը ճամփուն վրայ կը հանդիպին չեթէներու և իսլամ գիւղացիներու, որոնք զիրենք ամբողջովին կը կողոպտեն: Ականատես մը մեզ կը պատմէ, թէ Կարնոյ վիլայէթէն Խարբերդի դաշտը հասած կիներու կարաւանը հոն դաշտին մէջ ձգուած է քանի մը օրեր, ուր անօթութիւնէ մեռած են հետզհետէ ամէնքն ալ (օրական 50-60 հոգի) և կառավարութիւնը միմիայն քամի մը հոգի ղրկած է անոնց դիակները թաղելու, որպէսզի իսլամ տարրին առողջութիւնը չխանգարվի:
Զիլեցի փոքրիկ աղջնակը մեզ կը պատմէ, թէ երբ Մարզուանի, Ամասիոյ և Թոքատի ժողովուրդը դէպի առաջ կ՚երթային, Սարը Գըշլա ըսուած տեղը (Սեբաստիոյ և Կեսարիոյ մէջտեղը) կառավարութեան դրան առջև իսկ բոլոր աղջիկ և մանչ մանուկները առնուեցան մայրերու ձեռքէն և սենեակներու մէջ լեցուեցան և կարաւանը ստիպեցին, որ առաջ երթայ, իսկ մանուկներուն համար յայտարարութիւն եղավ շրջակայ գիւղերու, որպէսզի ամէն ոք գար և ուզածը ընտրեր ու առներ: Իսկ ինքն ու իր մէկ ընկերուհին (ամասիացի Նուարդ) սպայի մը կողմէ բերուած են Պոլիս: Կիներու և մանուկներու կարաւանները ամէն քաղաք կամ աւան հասնելուն կառավարութեան շէնքին առջև կը ցուցադրուին, որպէսզի իսլամները իրենց ընտրութիւնները կատարեն:
Այս բարբարոսութիւները ի գործ դրուած են ամէն կողմ, և այսօր այդ նահանգներուն բոլոր ճամփաներուն վրայ հազարաւոր հայերու դիակներուն է, որ կր հանդիպին ճամփորդները:
Բազմաթիւ հայ կիներ իրենց ծծկեր մանուկներով ինքզինքնին Եփրատի ալիքներուն յանձնած են կամ իրենց իսկ տուներուն մէջ ինքնասպան եղած են: Եփրատ և Տիգրիս հազարաւոր հայերու գերեզման եղած են:
Նահատակուած քահանաներու և վարդապետներու մասին խոսիլն աւելորդ է: Երբ ժողովուրդը ամբողջովին պարպեր են, եկեղեցիները արդէն կողոպտուած և մզկիթի, ախոռի կամ ուրիշ բաներու վերածուած են:
Մենք կը կարծենք, թէ կառավարութեան այս ծրագիրը Հայկական Խնդիրը միանգամ ընդ միշտ փակելու համար հայկական վեց նահանգները հայութենէ պարպել, դատարկելն էր:
Այս տեղեկագրին վրայ բան մր աւելցնելու հարկ կա՞ր արդեօք: Թուրքիոյ ամբողջ հայութիւնը մահուան դատապարտուած է և այս մահավճիռը ամէնայն խստութեամբ կը գործադրուի երկրեան ամէն անկիւնները, եւրոպական քաղաքակիրթ տէրութեանց աչքին առջև և տակաւին ցայսօր Գերմանիա և Աւստրիա չկրցան խօսք հասկցնել իրենց դաշնակցին այս բարբարոսական արատը իրենց ճակտէն ալ հեռացնելու համար: Այստեղ ամէն ջանք ապարդիւն եղաւ, արտասահմանի հայութեան վրայ է մեր յոյսը:
ՀԱԱ, ֆ. 57, ց. 5, գ. 96, թթ. 41-48, պատճեն, ձեռագիր:
Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում. Վերապրածների վկայություններ, փաստաթղթերի ժողովածու, հ. 2, Բիթլիսի նահանգ, ՀԱԱ, Երևան, 2012, էջ 305 – 311: