կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-21 16:30
Քաղաքական

«Ոմանց թվում է, թե փողոցում կանգնած մարդիկ ավելի սրտացավ են, քան իշխանությունից որևէ մեկը»

«Ոմանց թվում է, թե փողոցում կանգնած մարդիկ ավելի սրտացավ են, քան իշխանությունից որևէ մեկը»

Այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է Գյումրիի ոճրագործության հետ կապված որոշ հարցերի:


«Փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին ամբողջ ազգը համարեց իրենը: Ես ինձ հարց էի տալիս` եթե Աստծո կամոք նա ապրի, մեծանա, ապագայում ի՞նչ պատասխան պետք է տայինք նրան իր մենակության համար: Երևի Աստված նախընտրեց, որ նա միանա իր ընտանիքին»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը` հավելելով, որ երբ տարիքով մարդ է մահանում, էլի վիշտ է, բայց անմեղ ու անպաշտպան երեխայի վրա հնարավոր չէ պատկերացնել` ինչպե՞ս հնարավոր եղավ դանակ բարձրացնել կամ գնդակահարել:


Մեր հարցին` արդյո՞ք տեղ ունեն այն քննադատությունները, որ իշխանությունները ոչ միայն անգործություն ցուցաբերեցին Գյումրու ոճրագործությունից հետո, այլև ցավակցություններն էին շատ ուշացած, պատգամավորը չհամաձայնեց` ասելով.
«Զարմանում եմ նման տիպի մեկնաբանությունների վրա: Ցավում եմ, որ կան այնպիսի սառնասիրտ ու քար մարդիկ, ովքեր յուրաքանչյուր դժբախտ դեպքի ժամանակ տեսնում են իրենց քաղաքական դիվիդենդները ու առիթը չեն բաց թողնում, որ իշխանության վրա ցեխ շպրտեն, բայց դա ոչ աստվածահաճո գործ է: Դեպքից անմիջապես րոպեներ անց, իշխանության բուրգից սկսած, բոլորը զբաղված էին Գյումրու ողբերգության հարցով` անընդհատ կապեր, զանգեր, ճշտումներ: Մարդիկ ի՞նչ գիտեն, թե ինչով է զբաղված եղել հայկական կողմը: Ցավակցությունները եղել են ժամանակին, առանձնազրույցներ ենք ունեցել տարբեր մարդկանց հետ դեպքից ժամեր հետո, ես ելույթ եմ ունեցել ՀՀԿ խմբակցության անունից, դատապարտել ենք: Կա՞ մի հայ, որը չդատապարտի այդ դեպքը: Ոմանց թվում է, թե փողոցում կանգնած մարդիկ ավելի սրտացավ են այդ ընտանիքի ու երեխայի համար, քան իշխանությունից որևէ մեկը»:


Վահրամ Բաղդասարյանը սխալ համարեց այն, որ մարդիկ վարկածներ են առաջ քաշում` Գյումրու ոճրագործության հետ կապված: Նրա համոզմամբ` այդ վարկածները ժողովրդի մեջ խուճապ են առաջացնում, և որոշ քաղաքական գործիչներ ու ՀԿ-ներ հենց դրանով են զբաղված, որ, տարբեր վարկածներ առաջ քաշելով, խուճապ առաջացնեն ժողովրդի մեջ, ինչն էլ խանգարում է նախաքննությանը: Վահրամ Բաղդասարյանը նշում է, որ Գյումրու ողբերգությունը բոլորի ցավն է, դա համազգային ցավ է: