Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի բուսաբանական այգու «Հույսի արահետ» հատվածում այսօր՝ սեպտեբերի 20-ին, տեղի է ունեցել Խաչարձանի օծման և բացման արարողություն։ Նշենք, որ Արահետի հիմնադրման օրից սա թվով 7-րդ միջոցառումն էր:
Երևանի բուսաբանական այգու «Հույսի արահետը» հիմնվել է 2020 թվականին, մի խումբ սրտացավ այցելուների նախաձեռնությամբ ու ջանքերով: 2020 թ. սեպտեմբերի 21-ին տնկվել է 30 ծառ-տնկի: Սեպտեմբերի 26-ին, Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151 ամյակի առիթով անցկացվել է ծառատունկ-հիշատակում: 2021-ի ապրիլի 1-ին արահետում տնկվել է խորհրդանշական «Կենաց ծառը»: Ապրիլի 24-26-տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը` նվիրված Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցին: Մայիսի 8-ին` Հաղթանակի օրվան ընդառաջ, իրականացվել է խորհրդանշական «Ծառ հիշատակաց» միջոցառումը` Հայրենական և Արցախյան հերոսների մասնակցությամբ: Մայիսի 28-ին անցկացվեց «Ծառ ապրողաց» միջոցառումը` նվիրված Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարեդարձին, որի խորհրդանշական 103 ծառի տնկումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին:
Համառոտ անրադառնալով Արահետի անցած մեկամյա ուղուն, նախաձեռնության կազմակերպիչ, պատմաբան Սամվել Բաղդասարյանը ընդգծեց, որ հանգամանքների բերումով, հայ ժողովրդի համար դժվարին տարվան զուգահեռ` Արահետն էլ, ասես, ստիպված եղավ հասունանալ առավել արագ` հասակ առնելով ոչ միայն յուրաքանչյուր տնկված ծառի հետ, այլև հոգևոր, մշակութային միջոցաումներով: Նշվեց Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151-ամյակը, հիշատակվեց Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցը, որի շրջանակներում տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը, նշվեց Հաղթանակի օրն ու Սարդարապատի հերոսամարտը, որի 103 ծառի տնկումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին: Իսկ Արահետի պայմանական «թանգարանը» համալրեցին խորհրդանշական` «Կենաց ծառը», «Ծառ հիշատակաց»-ն ու «Ծառ ապրողաց»-ը:
«Հայկական շատ ընտանիքներում, զավակի առաջին տարեդարձը նշվում է մկրտությամբ և հիշարժան նվերով: Նվերը` խորհրդանշական Խաչարձանն է (քանդակագործ` Արմեն Եղիազարյան), որի օրհնության կարգը, նման է մկրտության, ուստի Արահետին հարկավոր է նաև հոգևոր նոր անուն: Արահետին ապրեցնողը այս մեկ տարվա ընթացքում եղել է հույսը: Այլևս սա Հույսի արահետ է», - ամփոփելով իր խոսքը նշեց Ս.Բաղդասարյանը:
Անրադառնալով Խաչարձանին զետեղված գրությանը` «Հայոց մեծ Եղեռնի 106-րդ և Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարելիցին», Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը կարևորեց. «Մեկը տխուր առիթ է, մյուսը` ուրախ: Բայց և՛ տխրության պահին, և՛ ուրախության պահին պետք է լինենք միասնական: Անցած տարվա ընթացքում ունեցանք 44-օրյա պատերազմ, մեր տղաները անհավասար պայքար մղեցին թուրքի դեմ` չխնայելով, Աստծո կողմից տրված ամենաթանկը` կյանքը: Մենք պետք է ապրենք այնպես, որ տղաները` նայելով վերևից, չզղջան, ապրենք միասնական, սիրով, ներողամտությամբ: Եվ այս Խաչարձանը պետք է դառնա ասվածի վկայությունը»:
Նշենք, որ Խաչարձանի տեղադրումն, ինչպես նաև Արահետի ընթացիք աշխատանքները իրականացվել են Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքի օժանդակությամբ: Հատուկ շնորհակալություն հայտնվեց նաև Երևանի բուսաբանության ինստիտուտի տնօրեն Անահիտ Ղուկասյանին` Արահետի կողքին լինելու, ինչպես նաև Արահետի աշխատանքներին մասնակցած բոլոր գաղափարակից-ընկերներին` սրտացավ վերաբերմունքի համար:
Միջոցառմանը մասնակցեցին Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի № 147 դպրոցի աշակերտները` ուսուցիչ Սոֆյա Ղամբարյանի գլխավորությամբ, Արահետի մշտական այցելուներ, հյուրեր: