կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-19 17:50
Իրավական

Պերմյակովի պաշտպանությունից հրաժարված փաստաբանը Մոսկվայում է

Պերմյակովի պաշտպանությունից հրաժարված փաստաբանը Մոսկվայում է

Լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա Փաստաբանների պալատի նախագահի որոշմամբ կարգապահական վարույթ է հարուցվել հունվարի 12-ին  Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին դաժանաբար սպանած Վալերի Պերմյակովի պաշտպանությունը ստանձնած փաստաբան Թամարա Յայլոյանի հանդեպ:

 

Համաձայն ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի որոշման`  լրատվամիջոցներում առկա ինֆորմացիայի համաձայն` Թամարա Յայլոյանը խախտել է  Փաստաբանի վարքագծի կանոնագրքի մի քանի կետեր: Մասնավորապես` խոսքն այն մասին է, որ իր հարցազրույցում հայտնել է, որ Վալերի Պերմյակովին իրավական օգնություն է ցույց տվել Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալի հրավերով, հրաժարվել է Պերմյակովին իրավական օգնություն ցույց տալուց, հրապարակել է Պերմյակովի ցուցմունքները։

 

Yerkir.am-ը փորձեց զրուցել Թամարա Յայլոյանի հետ, սակայն նրա հարազատներից տեղեկացանք, որ նա այժմ գործի բերումով գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում: Հարցին, թե արդյո՞ք խոսքը վերաբերում է հենց Պերմյակովի գործին, պատասխանեցին, որ չգիտեն:

 

Փաստաբանների պալատը տեղեկացնում է նաև, որ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելն ինքնին չի նշանակում, որ փաստաբանը թույլ է տվել կարգապահական խախտում, և այդ հարցի վերջնական պատասխանը կարող է տրվել միայն կարգապահական վարույթի իրականացման արդյունքում' ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի համապատասխան որոշմամբ:

 

Հիշեցնենք, որ Թամարա Յայլոյանը հրաժարվել էր պաշտպանությունից` պատճառաբանելով, որ հուզվել է, երբ Պերմյակովը ցուցմունք է տվել երեխային սպանելու մասին, հասկացել է, որ էմոցիոնալ առումով չի կարող իրականացնել նրա պաշտպանությունը: