Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն անդրադարձավ օրեր առաջ Փարիզում տեղի ունեցած` ողբերգական ելքով ահաբեկչությանը, երբ իսլամիստ հանցագործները, կրակ բացելով փարիզյան Charlie Hebdo խմբագրատան վրա, սպանեցին 12 լրագրողի:
Անուշ Սեդրակյանի խոսքով` դա շատ ծանր իրադարձություն էր, իսկ հայկական սոցիալական ցանցերը փորձ արեցին վեր հանել այն մտահոգությունը, թե ինչո՞ւ է աշխարհը կենտրոնացել Ֆրանսիայի դեպքերի վրա, եթե երկրագնդում ամենուրեք մարդիկ են սպանվում: Ըստ բանախոսի` մարդու սպանությունը բոլոր դեպքերում դատապարտելի է, և աշխարհը կենտրոնացել էր Ֆրանսիայի դեպքերի վրա, որովհետև Ֆրանսիան դարեր շարունակ համարվել է մարդու ազատության, պաշտպանվածության, մարդու իրավունքների պաշտպանության օրրանը, և այդ օրրանի վրա հարձակումը սասանում է, ընդհանրապես, քաղաքակրթական արժեքները: Անուշ Սեդրակյանը նշում է, որ այդ ահաբեկչական ակտերով փորձ արվեց Եվրոպայի համար ստեղծել հակաիմիջ, թե Եվրոպան այլևս պաշտպանված չէ:
«Քաղաքակիրթ աշխարհը հասկացավ, որ Եվրոպայում անհամաչափ միջոցներ են կիրառվում` ծաղրանկարի դեմ` ահաբեկչություն: Եվրոպան քրիստոնեական տարածք է, որտեղ քրիստոնեական հանդուրժողականությունը գործում է դատա-իրավական համակարգի շրջանակներում, որը անզոր է ահաբեկչական մեթոդների դեմ: Եվրոպան հասկացավ, որ իրեն անհրաժեշտ է այլ ձևի մոբիլիզացիա և համախմբում»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք Եվրոպան չդարձավ իր անարդյունավետ միգրացիոն քաղաքականության զոհը, և ի՞նչ է սպասվում Եվրոպային, նա պատասխանեց. «Չեմ գտնում, որ Եվրոպան ապիկար միգրացիոն քաղաքականություն է վարել: Եվրոպան ընդամենը տրամադրել է հնարավորություն, որ մարդիկ ազատ մտնեն Եվրոպա և ինտեգրվեն: Ես համարում եմ, որ Եվրոպան ոչ այնքան զգույշ քաղաքականություն է վարել` չդնելով որոշակի ցենզեր Եվրոպայում բնակություն հաստատողների համար: Այսուհետ Եվրոպան կփոխի իր միգրացիոն քաղաքականությունը, գուցե կդնի կրթական ցենզ»:
Բանախոսը նշեց, որ Եվրոպան կխստացնի իր հակաահաբեկչական միջոցառումները, իսկ ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ զորքային պայքար մղելուն, նրա համոզմամբ, անցել են զորքային, հրթիռային պատերազմներ վարելու ժամանակները, համենայն դեպս` Եվրոպայի համար: Այժմ քաղաքակիրթ աշխարհում տեղի է ունենում երկու տիպի պատերազմ` տեխնոլոգիական և մարդկային ուղեղների վերահսկման: «Եվրոպան պայքար կմղի մարդկային ուղեղների և մարդկային արժեքների համար»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Նրա համոզմամբ` Եվրոպան չի կարող փլուզվել, և դրա վառ ապացույցը Փարիզում կայացած միլիոնանոց երթն էր, մարդիկ դուրս էին եկել` պաշտպանելու քաղաքակիրթ Եվրոպայի արժեքները: «Եթե անգամ պատկերացնենք, որ Եվրոպան մի օր կոչնչանա, այնուամենայնիվ, Եվրոպան կշարունակի գոյատևել մշակութային ու քաղաքակրթական տեսլականում»,- ասաց Անուշ Սեդրակյանը: