Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին վարչապետ, ներկայումս ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ից կնշանակվի ԵՏՄ գործադիր մարմնի ղեկավար` 4 տարի ժամկետով: Նրա նշանակումը բազմաթիվ հարցականների տեղիք տվեց: Սակայն «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի համար այդ նշանակումը անսպասելի չէր: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Տիգրան Սարգսյանը Հայաստանի վարչապետության տարիներին ավելի շատ աշխատել է եվրոպական արժեքների նսեմացման ուղղությամբ:
«Վարչապետ եղած ժամանակ, լծակներ ունենալով, Տիգրան Սարգսյանը կարող էր ամբողջացնել եվրոպական ինտեգրումը` չթողնելով այն բյուրոկրատական մակարդակին: Իրական արևմտամետ, ժողովրդական արժեքներ կրող ու լծակների տիրապետող պաշտոնյան այդպես չէր իրացնի իր գործառույթները: Ես կարող եմ բերել համեմատություն` Միխայիլ Սահակաշվիլին, ով իրական արևմտամետ էր, կատարեց իրական բարեփոխումներ»,- ասաց Անուշ Սեդրակյանը:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ մասնագիտությամբ ֆինանսիստ և ֆինանսների բնագավառում մեծ փորձ ունեցող Տիգրան Սարգսյանի նոր պաշտոնը կարող է հուշել այն, որ ԵՏՄ-ն պատրաստվում է անցնել միասնական արժութային համակարգի, Անուշ Սեդրակյանը կարծիք հայտնեց, որ եթե անգամ Հայաստանը համաձայնի անցնել միասնական արժութային համակարգի, ռուբլու ներկայիս խայտառակ իրավիճակի պարագայում ԵՏՄ անդամ` քիչ, թե շատ ինքնիշխանություն ունեցող ոչ մի այլ երկիր չի համաձայնի այդ համակարգին, քանի որ այդ գործընթացը կտապալվի:
Հարցին` կարո՞ղ է, արդյոք, Տիգրան Սարգսյանի ղեկավար պաշտոնը ԵՏՄ գործադիր մարմնում բարձրացնել Հայաստանի դերակատարությունը, Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Հայաստանի դերակատարության բարձրացմանը կարող է նպաստել 3 գործոն` առողջ ժողովրդավարությունը, ամուր հասարակությունը և բարգավաճող տնտեսությունը: Ուրիշ որևէ բան Հայաստանի դերակատարության բարձրացմանը չի կարող նպաստել»:
Իսկ Տիգրան Սարգսյանը կարո՞ղ է ազդեցություն ունենալ Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: Այս հարցին նա պատասխանեց. «Այդ ազդեցությունը կլինի զրոյական, որովհետև նույնիսկ վարչապետ եղած ժամանակ Տիգրան Սարգսյանին չհաջողվեց ձևավորել հանրային աջակցության սեգմենտ, որը կարող էր նա անել, եթե լիներ իսկապես ռեֆորմատոր և ժողովրդավար»:
Մեր զրուցակիցը մաղթեց Տիգրան Սարգսյանին` հզորացնել ԵՏՄ-ն, եթե դա, իհարկե, հնարավոր է: