կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-09 16:31
Քաղաքական

Քաղաքական կանխատեսումը` հանրային պահանջի ձեւով. Անուշ Սեդրակյան

Քաղաքական կանխատեսումը` հանրային պահանջի ձեւով. Անուշ Սեդրակյան

Բոլոր այցերի դեպքում, ինչպես եղավ Պուտինի այցի դեպքում, այդպես լինում է իրանցի պաշտոնյաների այցերից հետո, դրանց ամբողջ օրակարգն ու քննարկվող գաղափարական հարցերն իմանում ենք պոստ ֆակտում: Նույնը Դավութօղլուի այցի կապակցությամբ` այցի բովանդակային մասն առայժմ խիստ մշուշոտ է. Yerkir.am-ին այսօր ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

 

Նա համարում է, որ որքան Հայաստանն ավելի շատ բաց սահման ունենա, այնքան մեր երկրի տնտեսության ու Մաքսային միությանը հետագայում այլընտրանք ստեղծելու առումով ավելի մեծ հնարավորություններ կունենա:

 

«Այլ բան է, որ ինչպես տեսնում ենք, Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունը շատ հեռու են թափանցիկ եւ հաշվետու լինելուց, եւ մենք կարող ենք ունենալ անկանխատեսելի հետեւանքներ: Մենք արդեն ունեցել ենք բազմաթիվ այդպիսի անկանխատեսելի հետեւանքներ: Ես կարծում եմ, որ այդ թափանցիկության բացակայությունն աշխատելու է նաեւ Դավութօղլուի այցի տարբերակում, եւ այստեղ հասարակության խնդիրն է' պահանջել առավելագույն թափանցիկություն»,- ասաց Անուշ Սեդրակյանը:

 

Հարցին' իսկ ի՞նչ «անակնկալի» մտավախություն ունեն Ահմեդ Դավութօղլուի' Հայաստան գալու կապակցությամբ, «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը պատասխանեց, որ մտավախություն չունի, եւ քաղաքական կանխատեսումը չի կարող արտահայտվել մտավախությունների ձեւով: «Ինձ թվում է, որ քաղաքական կանխատեսումը պետք է արտահայտվի զուտ հանրային պահանջների ձեւով: Իսկ պահանջներից մեկն այն է, որ հայ-թուրքական սահմանը պետք է բացվի' առանց Թուրքիայի կողմից նախապայմանների»,- մանրամասնեց Անուշ Սեդրակյանը:

 

Իսկ թե ինչպես է պատրաստվում է իրենց կուսակցությունն այդ պահանջը ներկայացնել, մեր զրուցակիցը նշեց, թե դա մեկ կուսակցության մակարդակում գտնվող խնդիր չէ, այլ Հայաստանի հասարակության խնդիրն է,  եւ նախեւառաջ պետք է դրվի հանրային քննարկման:

 

«Հայաստանի համար հրատապ անհրաժեշտություն է, որ հայ-թուրքական սահմանը, ինչպես նաեւ բոլոր սահմանները բացվեն` առանց նախապայմանների: Մենք պետք է պահանջենք, եւ մեր կուսակցությունը` որպես ազատ ու լիբերալ կուսակցություն, միշտ պահանջել է թափանցիկ քաղաքականություն, մենք պահանջելու ենք նաեւ դա: Բազմիցս ե'ւ ինտերվյուներով, ե'ւ հրապարակումներով, մենք մեր պահանջները ներկայացրել ենք: Մենք պահանջում ենք հանրային քննարկում»,- ասաց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը:

 

Yerkir.am-ի հարցին` «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը կհրավիրի՞ այդպիսի  հանրային քննարկում, Անուշ Սեդրակյանը պատասխանեց. «Շատ լավ գաղափար տվեցիք, կարելի է նաեւ հրավիրել»: