կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-06 18:45
Առանց Կատեգորիա

Ինչ է կատարվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին

Ինչ է կատարվում ղարաբաղա-ադրբեջանական սահմանին

2015թ. առաջին վեց օրերին, պաշտոնական տվյալներով, հայկական զինուժը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների և հայկական դիրքերի ինտենսիվ գնդակոծությունների հետևանքով արդեն 4 զոհ և մեկ վիրավոր է տվել: Չնայած հայկական կողմի հավաստիացումներին, թե այդ մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը անհամաչափ ավելի մեծ մարդկային կորուստներ է կրում, Ադրբեջանի ՊՆ-ն հետևողականորեն հերքում է այդ բոլոր տեղեկությունները:

 

Այն, ինչ տեղի է ունենում հունվարյան այս օրերին, կարծես խոսում է ԼՂ հակամարտության` բոլորովին նոր փուլ թևակոխելու մասին: Նախ՝ նկատելի է, որ այս անգամ ուժային գործողությունների թիրախ է դարձել հենց ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծը: Ի տարբերություն նախորդ տարվա օգոստոսյան դեպքերի, երբ գնդակոծության էին ենթարկվում նաև Հայաստանի սահմանամերձ գյուղերը, այս անգամ հակառակորդը կենտրոնացել է միայն ԼՂՀ-ի ուղղությամբ:

 

Չի բացառվում, որ սա պայմանավորված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ՝ ցույց տալու համար, որ իր խնդիրը ԼՂ-ի հետ է, և որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև սահմանը պետք է վերահսկվի լիարժեքորեն: Համենայն դեպս, դժվար է հավատալ, որ հունվարի 2-ից, այսինքն` այն օրվանից, երբ Հայաստանը պաշտոնապես դարձավ ԵՏՄ անդամ, Ադրբեջանի կողմից սահմանագծում իրավիճակի այսքան լարումը զուտ պատահականություն է:

 

Բոլոր դեպքերում`Ադրբեջանի ՊՆ-ն փոխել է հայտարարությունների տոնայնությունը՝ անցնելով ակնհայտ սպառնալիքների լեզվին: Հայկական դիրքապահների կողմից իրենց բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների իբր ինտենսիվ գնդակոծման մասին Ադրբեջանի ռազմական գերատեսչության վերջին հայտարարությունում խոսվում էր հայկական բանակին ջախջախիչ հարվածներ հասցնելու մասին: Ադրբեջանի Պն մամլո ծառայության ղեկավար Վագիֆ Դերգյաղլին նախօրեին հայտարարել է, թե նախարար Զաքիր Հասանովը բանակին հրամայել է, «որ զավթիչներն իրենց հանգիստ չզգան ադրբեջանական հողերում, որ հողը նրանց ոտքի տակ այրվի»:

 

Էականը ոչ թե ինքնին սպառանիքներն են, որոնց հայ հասարակությունն արդեն վարժվել է, այլ այն իրողությունը, որ Դարգյաղլին կամա, թե ակամա քողազերծում է ադրբեջանական բանակի նոր մարտավարությունը, այն է` շարունակաբար մեծացնել լարվածությունը շփման գծում հայկական կողմին որքան հնարավոր է մեծ կորուստներ պատճառելու միջոցով: Նպատակը ոչ միայն մարդկային կորուստներ պատճառելն է, այլև հայկական բանակում խուճապ հարուցելը: Հատկանշական է նաև ադրբեջանական ռազմական գերատեսչության կողմից վերջին շրջանում անընդհատ հնչեցվող այն պնդումը կամ հավաստիացումը, որ բանակը լիարժեքորեն պատրաստ է «ետ վերադարձնել իրենց հողերը»:

 

Ի տարբերություն նախորդ դեպքերի, այս անգամ հակառակորդը, չբավարարվելով դիվերսիոն օպերացիաներ իրականացնելու փորձերով, դրանք ուղեկցում է հայկական դիրքերի անդադար գնդակոծմամբ: Ընդ որում` փոքր տրամաչափի հրաձգային միջոցներից զատ, հակառակորդն արդեն անցել է խոշորին՝ կիրառելով նաև նռնականետներ և փոքր տրամաչափի հրետանային միջոցներ, մասնավորապես` 60 և 82 մմ-անոց ականանետներ:

 

Սա արդեն դուրս է գալիս հակամարտ դիրքերի միջև սովորական փոխհրաձգության ստանդարտներից և աստիճանաբար վերածվում ճակատային տևական մարտերի, ինչն, իհարկե, հղի է երկկողմանի մարդկային ավելի մեծ կորուստներով: Ըստ էության, դատելով հունվարի 5-ի գիշերը տեղի ունեցած բախումների մասին ԼՂՀ ՊՆ-ի հայտարարությունից, հայկական կողմի վերջին երկու և ադրբեջանական կողմի 3 զոհերը եղել են հենց նման ճակատային մարտերի հետևանք:

 

Նման մարտավարության առանձնահատկությունն այն է, որ ստիպում է հակառակ կողմին, տվյալ դեպքում` հայկական զինուժին, ձեռնարկել թշնամու ակտիվությունը ճնշելու միջոցներ, ինչն ինքնին նշանակում է պարտադրաբար տուրք տալ ադրբեջանական պրովոկացիաներին և մտնել պատերազմական գործողությունների մեջ: Այս իմաստով բացարձակապես պատահական լինել չի կարող պաշտոնական Բաքվի որդեգրած՝ շփման գծում ունեցած մարդկային կորուստներն ամբողջությամբ թաքցնելու նոր մարտավարությունը: Եթե նախկինում դրանք ներքին հանրույթին մատուցվում էին որպես դժբախտ պատահարների հետևանքներ, ապա վերջին երեք-չորս ամիսներին ընդհանրապես որևէ տեղեկատվություն չի հաղորդվում:

 

Սա զուտ անպատասխանատվության դրսևորում չէ: Բաքվում թերևս հասկացան, որ փաստերի նման աղավաղումներն ավելի շատ են մատնում սեփական բանակի անձեռնահասությունն ու սպայակազմի ոչ պրոֆեսիոնալիզմը, որոնք վերջնարդյունքում ընդամենը սեփական բանակի նկատմամբ ադրբեջանական հասարակության անվստահությունն են մեծացնում: Նման աննորմալություն կարող է իրեն թույլ տալ միայն բարոյական բոլոր արժեքներից զուրկ և տոտալիտար իշխանությունը: Բայց ինքնին կորուստները թաքցնելու այս մարտավարությունը ցույց է տալիս, որ ներկայիս իշխանական վարչախմբի համար սեփական զինվորի կյանքը ոչ մի արժեք չունի, որ Բաքուն չի երկնչում ու երկնչելու իր զինվորներին անհրաժեշտության դեպքում նաև «մսաղացի» բերանը լցնելուց:

 

Սա կարևոր հանգամանք է` հասկանալու, որ, զրկված լինելով զինվորների կյանքը խնայելու հարցում հասարակական ճնշումներից, Ադրբեջանը ոչ միայն ցուցադրում է իր բացարձակ անկաշկանդվածությունը, այլև նորանոր զոհեր տալու միջոցով իր ուղեգիծը շարունակելու տրամադրվածությունը: Կարելի է կարծել, որ երկարաժամկետ կտրվածքով Ադրբեջանը փորձում է հասնել լայնամասշտաբ պատերազմի, սակայն դա հասունացնում է աստիճանաբար, փուլ առ փուլ՝ մի կողմից միջազգային հանրությանն ադապտացնելով լարվածության շարունակական մեծացմանը, մյուս կողմից` միջազգային և սեփական հանրության մոտ հասունացնելով պատերազմի անխուսափելիության գաղափարը:

 

Դժվար է ասել՝ որքանով է Ալիևն իսկապես պատերազմ ցանկանում: Մի կողմից` նավթի գների անկումը խուճապի է մատնում Ալիևի վարչակազմին և հասունացնում այն գաղափարը, որ այս միտումների պահպանման պարագայում ուղղակի հօդս է ցնդում տարածքները վերադարձնելու նպատակադրումը, ինչը և կարող էր ստիպել Ալիևին գնալ հնարավորինս շուտ հարցը լուծելու արկածախնդրության: Մյուս կողմից` նա չի կարող հաշվի չառնել, որ դա կարող է ուղղակի կործանարար լինել իր և իր կլանի համար, եթե նույնիսկ անտեսենք նավթային խոշոր կորպորացիաների ուժեղ դիմադրությունը պատերազմ սկսելու` Բաքվի հնարավոր մտադրություններին: Բայց կարճաժամկետ կտրվածքով Բաքուն թերևս ձգտում է հասնել նրան, որ հայկական կողմը համաձայնի անցնել ԼՂ հակամատրության կարգավորման մեծ և համապարփակ պայմանագրի մշակմանը՝ շրջանցելով մադրիդյան սկզբունքները:

 

Մինչդեռ այն պահանջը, թե հայկական կողմը պետք է անհապաղ դուրս բերի զորքերը ներկայիս ԼՂՀ-ի տարածքից, վկայում է, որ անգամ պայմանագրի մշակմանն անցնելու` Երևանի և Ստեփանակերտի համաձայնելը չի զսպելու Բաքվին և այն նորանոր միակողմանի պահանջներ է առաջադրելու՝ չհրաժարվելով շփման գոտում իրավիճակի ավելի ու ավելի շիկացման մարտավարությունից: Հենց այս պատճառով Ադրբեջանին հիմա սանձահարելու խիստ անհրաժեշտություն է առաջանում, որովհետև հակառակ պարագայում, որքան էլ ծանր լինի ասելը, արյունը շարունակելու է թափվել և թափվել ավելի ու ավելի հաճախակի:

 

Իսկ թե ինչպե՞ս պետք է դա անել, արդեն պրոֆեսիոնալների խնդիրն է:

 

Գևորգ Դարբինյան