կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-22 17:55
Առանց Կատեգորիա

Կկործանվի՞, արդյոք, ԵՏՄ-ն դեկտեմբերի 23-ին

Կկործանվի՞, արդյոք, ԵՏՄ-ն դեկտեմբերի 23-ին

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանից բացի, կայանալու է նաև ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստը: Դրանց մասնակցելու համար աշխատանքային այցով Մոսկվա է մեկնում Սերժ Սարգսյանը: ԵՏՄ անդամ երեք երկրների կողմից միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը վավերացնելուց հետո, փաստորեն, Հայաստանն առաջին անգամ բարձրագույն խորհրդի նիստին կմասնակցի որպես դեռևս չգործող այդ կազմակերպության գրեթե լիիրավ անդամ: Սակայն այդ նիստը կարող է նախանշել ոչ թե ԵՏՄ-ի փաստացի մեկնարկը, այլ դե ֆակտո վախճանը:

 

Ռուսաստանի տնտեսության ճգնաժամը ԵՏՄ անդամ մյուս երկու երկրներին՝ Բելառուսին և Ղազախստանին, ստիպում է լրջորեն մտածել առևտրատնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացման մասին: Բելառուսի նախագահը, պատճառաբանելով Ղազախստանի համար նախատեսված իր ապրանքների մուտքը Ռուսաստան սահմանափակելու` ռուսական «Ռոսսելխոզնադզորի» որոշումը, կառավարությանն արդեն հանձնարարել է Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել դոլարով կամ եվրոյով՝ հաշվի առնելով ռուբլու արժեզրկումը: Իր հերթին, Ղազախստանը կարծես լիարժեք ներգրավվում է Ռուսաստանը շրջանցող տրանսկասպյան և, այսպես կոչված, «Հարավային միջանցքի» գազային նախագծերում:

 

Այս հանգամանքը հնարավորություն է տալիս Արևմուտքին, Ռուսաստանի վիճակից օգտվելով, տնտեսական և քաղաքական դիվիդենդներ շահել, Ղազախստանի և Բելառուսի նկրտումներն օգտագործելով` սեղմել օղակը Ռուսաստանի, նախագահ Պուտինի և նրա հավակնոտ ծրագրերի շուրջ: Օրեր առաջ ռուս-բելառուսական մաքսային դիմակայության ամենաթեժ պահին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հայտարարեց, որ ԱՄՆ-ը բաց է Բելառուսի հետ երկխոսության համար, ինչն ուղղակի ակնարկ էր Բելառուսի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները մեղմացնելու կամ վերացնելու հնարավորության մասին: Բացի դրանից` դեկտեմբերի 21-ին Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական այց կատարեց Ուկրաինա, որը, ինչպես խոստովանեց Բելառուսի նախագահը, տեղի էր ունեցել Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի նախաձեռնությամբ: Երկկողմ բանակցությունների ընթացքում, ըստ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի տարածած պաշտոնական տեղեկատվության, Պորոշենկոն հայտնել է, որ Ուկրաինան կարող է միջնորդի դեր ստանձնել Մինսկի և Բրյուսելի միջև` ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում՝ փոխարենն ակնկալելով սերտ համագործակցություն ֆինանսական և ռազմական ոլորտներում: Պետք է ենթադրել, որ Պորոշենկոն այս առաջարկությունը հնչեցրել է եթե ոչ Բրյուսելի և Վաշինգտոնի հանձնարարությամբ, ապա առնվազն համաձայնությամբ, ինչը ևս Բելառուսի հետ հարաբերությունները վերանայելու` վերջիններիս պատրաստակամության ակնհայտ ակնարկ է: Դատելով Կիևում Լուկաշենկոյի արած այն հայտարարությունից, թե Կիևը ցանկացած հարցում կարող է հենվել իրենց վրա, Բելառուսի նախագահը, ըստ էության, դրական ազդակներ է հաղորդել Բրյուսելին:

 

Այս ամենի ֆոնին խիստ հատկանշական է դառնում Լուկաշենկոյից անմիջապես հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից Ուկրաինա պաշտոնական այց կատարելու իրողությունը, և չի բացառվում, որ Նազարբաևը ևս Կիև մեկնում է Պորոշենկոյի հրավերով:

 

Իսկ հատկանշականն այն է, որ այցերը տեղի են ունենում Մոսկվայում կայանալիք ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստի նախօրեին՝ ցույց տալով, թե ինչ մթնոլորտում է այն անցնելու: Փաստորեն, այդ նիստի արդյունքներից է պարզ դառնալու՝ որքանով են հաղթահարելի տարաձայնությունները Մինսկի և Մոսկվայի միջև, որքանով է Բելառուսի ղեկավարը լուրջ տրամադրված ՌԴ-ի հետ կոնֆլիկտը ԵՄ-ի հետ հարաբերությունները վերականգնելու միջոց դարձնելու հարցում, և ինչ է անելու Կրեմլը իր համար անցանկալի այդ միտումները կանխելու նպատակով:

 

Մոտ 10 օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՄՄ-ի իրավանորմատիվային բազան թույլ է տալիս Մաքսային միության անդամերին առևտրային բնույթի համատեղ քայլեր ձեռնարկել, եթե երրորդ երկրները տնտեսական ճնշում են գործադրում մյուս անդամների հանդեպ: Թեեւ Լավրովը նշել էր, թե դեռևս դրա անհրաժեշտությունը չկա, սակայն սա նախազգուշացում է այն մասին, որ Մոսկվան ցանկացած պահի կարող է ԵՏՄ անդամներից պահանջել միանալ իրեն ԵՄ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարցում: Եթե Մոսկվան հակված չէ Արևմուտքի սանկցիաները մեղմելու և երկրի տնտեսությունը փրկելու նպատակով իրական քայլեր ձեռնարկել ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ, այսինքն` շարունակելու է կոնֆրոնտացիայի գիծը, ապա չի բացառվում, որ մինչև հունվարի 1-ին ԵՏՄ-ի գործարկումը նա անդամ մյուս երկրների առջև, ի վերջո, դնի այդ պահանջը, ինչ կարող է տեղի ունենալ դեկտեմբերի 23-ի մոսկովյան հանդիպման ժամանակ:

 

Այն փաստը, որ Նազարբաևը և Լուկաշենկոն հենց այդ նիստի նախօրեին որոշեցին մեկնել Կիև, թերևս ցույց է տալիս, որ նրանք ևս ունեն այդ մտավախությունը և, ընդունելով Պորոշենկոյի հրավերը, փաստացի փորձում են մերժել կամ կանխել Կրեմլից հնչելիք այդ առաջարկ-պահանջը: Սա չափազանց ծանր դրության մեջ կարող է դնել Հայաստանին, որը չունի իրավիճակի վրա ազդելու միջոց: Բելառուսն ու Ղազախստանն ունեն Պուտինին այդ հարցում մերժելու բավարար քաղաքական ռեսուրս և կամք: Չկարողանալով ազդել նրանց վրա՝ Կրեմլը կարող է հույսը դնել Սերժ Սարգսյանի վրա՝ փաստացի որպես սպառնալիք օգտագործելով թեկուզ ԼՂՀ-ի հետ սահմանին մաքսակետ դնելու և այն լիարժեք կենսագործելու հեռանկարը: Հայաստանի կողից դրան համաձայնելը կնշանակի վերածվել իզգոյի, դառնալ Ռուսաստանի կատարյալ կցորդը, կորցնել միջազգային սուբյեկտայնությունը և խափանել ԵՄ-ի հետ հարաբերություններ կառուցելու որևէ հեռանկար: Մոսկվայում չեն կարող, սակայն, հաշվի չառնել, որ նման պահանջի ներկայացումը կարող է Ղազախստանին և Բելառուսին վերջնականապես օտարել ԵՏՄ-ից: Նրանք, չտրվելով Արևմուտքից մեկուսացման` Մոսկվայի պահանջներին, թերևս ԵՏՄ-ից դուրս գալու որոշում էլ չեն ընդունի՝ շատ լավ հասկանալով, որ հետևանքը կարող է լինել Ուկրաինայի օրինակով Ռուսաստանի կողմից իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ լայնամասշտաբ էքսպանսիայի ծավալումը:

 

Այս առումով պատահական չէին պատերազմից չվախենալու մասին` Մոսկվային ուղղված` Լուկաշենկոյի նախազգուշացումները: Փոխարենը Աստանան և Մինսկը ԵՏՄ-ն կվերածեն կենդանի դիակ կազմակերպության, որը դե յուրե կլինի, բայց դե ֆակտո գոյություն չի ունենա և դա կանեն ԵՏՄ վերազգային կառույցների գործունեությունը տապալելու, նրա որոշումները չկատարելու միջոցով:

 

Թե ինչպե՞ս դա կարող է տեղի ունենալ, այս օրերին ապացուցում է Բելառուսը, որը, խախտելով միության ներսում ապրանքների ազատ տեղաշարժի ապահովման` ՄՄ-ի ոսկե կանոնը, դրա հետ կապված իրավապայմանագրային հանձնառությունները, վերականգնել է մաքսակետերը Ռուսաստանի հետ սահմանին և իրականացնում է ավտոմեքենաների լիարժեք ստուգում:

 

Այս հեռանկարը մի կողմից կարող է փրկություն դառնալ Հայաստանի համար, քանի որ ԵՏՄ-ն պարզապես կվերածվի հերթական մեռելածին միության` ԱՊՀ-ից հետո: Բայց դա հնարավոր կլինի, եթե Հայաստանը ևս կարողանա կամ ՌԴ-ն թույլ տա մյուսների նման շրջանցել ԵՏՄ-ի ղեկավար մարմինների որոշումները: Հակառակ դեպքում ստացվելու է, որ դրանց ընդունած որոշումները պարտադիր կատարման ենթակա են միայն Հայաստանի համար և Հայաստանի պարագայում:

 

Գևորգ Դարբինյան