|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում գրանցված թունավորման հետևանքով մինչ օրս 86 երեխա է հոսպիտալացվել: Նրանցից մեծ մասը դուրս է գրվել` առողջության բավարար ցուցանիշով: Ներկայումս հիվանդանոցում է գտնվում 8 երեխա և 4 մեծահասակ` մանկապարտեզի աշխատակիցներ և երեխաներից մեկի ծնողը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Նա նշեց, որ մասսայական հոսպիտալացման պատճառը եղել է դիզենտերիա հիվանդությունը, որի առաջացման պատճառները պարզելու մասին ներկայումս համապատասխան հետազոտություններն են իրականացվում: Ի դեպ, հարուցված է նաև քրեական գործ, որի շրջանակներում նույնպես պետք է պարզվեն մեղավորները:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե հնարավոր է թունավորումը նրբերշիկից լիներ, Ա. Մուրադյանը պատասխանեց, որ դեռևս 2013 թվականի օգոստոսի 1-ի` առողջապահության նախարարի հրամանով արգելված է նախադպրոցական հաստատություններում երշիկեղեն օգտագործելը: Սակայն մանրամասները կպարզվեն քրեական գործի շրջանակներում:
Նախարարը նշեց նաև, որ հենց դեպքի օրը ինքը և ՀՀ գլխավոր վարակաբանը մեկնել են Եղվարդ և ձեռնարկել բոլոր բուժական ու կանխարգելիչ միջոցները: