կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-01 12:40
Իրավական

Պետությունը տնտեսում է հիվանդ, խոցելի խմբերի հաշվին

Պետությունը տնտեսում է հիվանդ, խոցելի խմբերի հաշվին

«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»  և «Պետական նպաստների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը ոտնահարում են կանանց իրավունքները. այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեցին «Դադարեցրեք մայրության նպաստի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունների կատարումը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Տաթևիկ Դավթյանը և Մանե Թանդիլյանը:

 

Նոյեմբերի 19-ին Ազգային ժողովին է ներկայացվել վերոհիշյալ նախագծի վերափոխված տարբերակը, որը, սակայն, կրկին չի բավարարում հասարակությանը: Տաթևիկ Դավթյանը հայտնեց, որ նախագծում միաձուլել են երկու տարբեր իրավական հասկացություն` նպաստ և փոխհատուցում, երկուսն էլ անվանվել է մայրության նպաստ: Այնինչ` կինը, ով ֆիզարձակուրդ է գնում նախատեսված 4.6 ամսով` երեխա ունենալու և նրան խնամելու համար, պետության կողմից պետք է ստանա փոխհատուցում` իր չստացած եկամուտների դիմաց:

 

Մյուս խնդրահարույց կետն այն է, որ վերին շեմ է սահմանվում 1 միլիոնից բարձր աշխատավարձ ստացողների համար, այս դեպքում, անկախ աշխատավարձի չափից, մայրության նպաստը չի կարող գերազանցել 2 միլիոն դրամը: Տ. Դավթյանի խոսքով` ուղղակի անթույլատրելի մոտեցում է պետության կողմից այն, որ ասացին, թե այս դեպքում ընդամենը 400 կին է 1 միլիոնից բարձր աշխատավարձ ստանում:

 

«Այսինքն` ոչինչ, որ այդ 400 հոգու իրավունքները խախտվեն: Պետությունն ասում է` կին, եթե դու քո կենսաբանական գործառույթն իրականացնես, հղիանաս, մենք քեզ կպատժենք, չենք տա նախատեսված այս ամիսների համապատասխան նպաստը»,- ասաց Տ. Դավթյանը` հավելելով, որ այս նախագծի վավերացմամբ Հայաստանը մի քայլ հետ կանի Եվրոպական սոցիալական խարտիայից:

 

Մասնագիտությամբ հաշվապահ Մանե Թանդիլյանը նշեց, որ 2 միլիոն դրամից բարձր աշխատավարձ ստացողներից եկամտահարկը գանձվում է աշխատավարձի 36 տոկոսի չափով, այլ ոչ թե 26 տոկոսի չափով, ինչպես ավելի ցածրների դեպքում: Եվ այս դեպքում, եթե այդ 400 կանայք, ովքեր 1 միլիոն աշխատավարձ են ստանում, որպես մայրության նպաստ ստանան առավելագույնս 2 միլիոն դրամ (4.6 միլիոն դրամի փոխարեն), ապա այդ երկու միլիոնից 36 տոկոսը կգանձվի` որպես հարկ, և արդյունքում` նա կստանա չնչին նպաստ:

 

Այնինչ` բարձր վարձրատրվող կանայք միշտ ընդգծում են, որ իրենք նաև բարձր հարկեր են տալիս պետությանը: Իսկ Մանե Թանդիլյանը պնդում է, որ յուրաքանչյուր աշխատող կին իր վճարած հարկերով ավելի շատ օգուտ է տալիս պետությանը, քան պետությունը նրան մայրության նպաստ է տալիս: «Սա ուղղակի տնտեսել է հիվանդ, խոցելի խմբերի հաշվին»,- ասաց նա:

 

«Այս ամբողջ ընթացքում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ պաշտոնյաները պնդում են, թե կապ չունի` ինչքան հարկեր են վճարում: Սակայն մենք վճարում ենք այդ հարկերը` ավելի լավ կրթության, ավելի լավ առողջապահական համակարգ, բարեկարգ միջավայր ունենալու համար: Այսինքն` այդ հարկերը ծառայում են հենց այդ նպատակներին»,- ասաց Տաթևիկ Դավթյանը:

 

Նա նշեց նաև, որ արդեն իսկ դիմել են կառավարությանը` խնդրելով հետ կանչել օրենսդրական փաթեթը ԱԺ-ից: Սակայն, եթե քննարկման դրվի փաթեթը ԱԺ-ում, ապա դիմելու են պատգամավորներին, որ դեմ քվեարկեն: Իսկ եթե այսքանից հետո նախագիծն ընդունվի, ապա դիմելու են քայլերի, որպեսզի այն ճանաչվի հակասահմանադրական: