Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու օր առաջ Սոչիում տեղի է ունեցել մի իրադարձություն, որը կարող է Հարավային Կովկասը վերածել աշխարհաքաղաքական առճակատման նոր թատերաբեմի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Աբխազիայի չճանաչված (բացառությամբ Ռուսաստանի) հանրապետության նախագահ Ռաուլ Խաջիմբան ստորագրել են դաշնակցության և ռազմավարական համագործակցության մասին 10-ամյա պայմանագիր, որով նախատեսվում է առաջիկա մեկ տարում ստեղծել ՌԴ և Աբխազիայի զինված ուժերի միացյալ զորքեր, որոնք պետք է իրականացնեն վրաց-աբխազական սահմանի պաշտպանությունը: Պայմանագրով, որի նախագիծն այս տարվա հոկտեմբերին Սուխումին էր տրամադրել ռուսական կողմը, Ռուսաստանը ստանձնում է Աբխազիայի անվտանգության երաշխավորի դերը: Կողմերի նկատմամբ ցանկացած ագրեսիա, ըստ պայմանագրի, դիտարկվելու է որպես ագրեսիա մյուս կողմի նկատմամբ: Բացի դրանից` Ռուսաստանը հանձն է առել 2015թ. մոտ 5 մլրդ ռուբլի տրամադրել Աբխազիային, երաշխավորել նրա սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը, կրթության և գիտության, առողջապահության բնագավառներում աշխատավարձն աստիճանաբար հասցնել Ռուսաստանի մակարդակին:
Տնտեսական առումով այս պայմանագիրը ենթադրում է ընդհանուր մաքսային տարածքի ստեղծում: Ըստ էության` սա պայմանագիր է այն մասին, որ Աբխազիան դե ֆակտո դառնում է Ռուսաստանի մաս` դե յուրե պահպանելով ներկայիս կարգավիճակը: Դա այլ կերպ, քան Վրաստանին պրովոկացիայի ենթարկելուն ուղղված քայլ, դժվար է անվանել: Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ ռուս-աբխազական պայմանագրի ստորագրումը որակել է որպես վրացական տարածքները Ռուսաստանի կողմից անեքսիայի ենթարկելու ակտ և Վրաստանի պետականությանը սպառնացող վտանգ: ԱՄՆ-ը, Եվրամիությունը, ՆԱՏՕ-ն, արևմտյան առանձին երկրներ արդեն հայտարարել են, որ չեն ճանաչում այդ պայմանագիրը և Ռուսաստանից պահանջել են հրաժարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը ճանաչելուն ուղղված գործողություններից:
Դիմելով այս քայլին` Ռուսաստանը փորձում է միաժամանակ երեք խնդիր լուծել: Նախ` այդպիսով Մոսկվան փորձում է հակակշռել Վրաստանում ՆԱՏՕ-ի որևէ բաղադրիչի տեղակայմանը` հաշվի առնելով Թբիլիսիում հյուսիսատլանտյան դաշինքի ուսումնական կենտրոն ստեղծելու շուրջ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունը կամ հնարավորության դեպքում ստիպել Վրաստանի իշխանություններին հրաժարվել այդ մտադրությունից:
Երկրորդ` Մոսկվան հող է նախապատրաստում Աբխազիան և Հարավային Օսիան Եվրասիական տնտեսական միությանը եթե ոչ դե յուրե, ապա առայժմ գոնե փաստացի ինտեգրման համար, ինչին ուղղված են ոչ միայն մաքսային ընդհանուր ռեժիմներ սահմանելու մասին` պայմանագրում առկա կետերը, այլև Ռուսաստան-Աբխազիա ավտոճանապարհային և երկաթուղային նոր հանգույցների կառուցման մասին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած հայտարարությունները:
Եվ երրորդ ու թերևս ամենակարևոր ու ամենաինտրիգային գործոնը` դեպի Հայաստան ուղղակի ցամաքային կապի ստեղծումն է, կամ ինչպես Ռուսաստանում է ընդունված համարել` ցամաքով ուղղակի Հայաստանի սահման դուրս գալը: Դեռևս այս տարվա սեպտեմբերին ռուսական lenta.ru լրատվական կայքում հրապարակվեց մարտավարական կոնյունկտուրայի կենտրոնի փոխտնօրեն Միխայիլ Չեռնովի հոդվածն այն մասին, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ստորագրման պատրաստվող այս փաստաթղթերը կարող են նախադրյալ ստեղծել Ռուսաստանի կողմից Հայաստանի «սահման դուրս գալու» համար, որտեղ, Աբխազիայի և Հարավային Օսիայի աշխարհագրական դիրքերի տված հնարավորությունները հաշվի առնելով, հիմնական շեշտը դրվում է հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածքով տրանսկովկասյան ավտոմայրուղի ստեղծելու վրա: Այդ հոդվածը, ըստ էության, մշակված պլանի նկատմամբ տարածաշրջանում առկա տրամադրությունները շոշափելու նպատակ էր հետապնդում:
Կարելի է ասել, որ, Սուխումի հետ ստորագրելով այս պայմանագիրը, Մոսկվան ինչ-որ իմաստով արդեն իսկ ձեռնամուխ է լինում դրա իրականացմանը: Դեպի Հայաստան ուղիղ ցամաքային ելք ունենալու հրամայականը պայմանավորված է մի քանի նկատառումով: Նախ` դրանով ինչ-որ չափով իմաստավորվում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, քանի որ Մոսկվայում ևս հասկանում են, որ առանց ընդհանուր սահմանի այդ անդամակցումը ո'չ Հայաստանին, ո'չ էլ ԵՏՄ-ին որեւէ էական բան չի տալիս: Բացի դրանից` վրաց-աբխազական տարածքներով Ռուսաստանի և Հայաստանի ավտոճանապարային և, հնարավորության դեպքում, նաև երկաթուղային կոմունիկացիաների շաղկապումը Ռուսաստանին հնարավորություն է տալիս դուրս գալու ոչ թե կամ ոչ այնքան Հայաստանի սահման, որքան բազմամիլիոնանոց շուկա ունեցող Իրան: Իրանի միջուկային ծրագրի շուրջ վեցյակի և Իրանի միջև վերջին բանակցությունների տապալման իրողությունը մեծացնում է ռուս-իրանական մերձեցման հնարավորությունները, և այս իմաստով նոր կոմունիկացիոն ուղիների ստեղծումը կարող է դառնալ ստրատեգիական նշանակության նպատակադրում թե' Մոսկվայի և թե', ինչ-որ պահից, Թեհրանի համար:
Եվ վերջապես` «Հայաստանի սահման» դուրս գալը Ռուսաստանին անհրաժեշտ է Գյումրիում տեղակայված` իր 102-րդ ռազմակայանի հետ ուղղակի կապ ունենալու համար` հաշվի առնելով ներկայումս ցամաքային կապ հաստատելու առումով Վրաստանի, իսկ օդային կապի իմաստով` Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հարուցվող լրջագույն բարդությունները:
Թեեւ առաջին հայացքից թվում է, թե Ռուսաստանի այս նոր արկածախնդրությունը կարող է բխել Հայաստանի շահերից, իրականում այն մեզ չափազանց վտանգավոր մարտահրավերների առջև է կանգնեցնում: Նախ` ամեն ինչից երևում է, որ սա Վրաստանը մասնատելու նախագիծ է, որտեղ, որպես ներքին ապակայունացնող գործոն, կարծես թե ոչ երկրորդական դերակատարում է վերապահվում ջավախահայությանը, ինչն էլ, իր հերթին, սպառնալիքներ է ստեղծելու հայ-վրացական չափազանց զգայուն հարաբերությունների համար: Բացի դրանից` չի բացառվում, որ Արևմուտքը, փորձելով իր պաշտպանության տակ առնել Վրաստանը, ուղղակի կարագացնի նրան թե' ՆԱՏՕ-ին և թե' ԵՄ-ին որքան հնարավոր է արագ ինտեգրելու գործընթացը: Փորձելով բարդացնել Ռուասատանի կյանքը` Վրաստանը կարող է նաև խաղարկել ԵՏՄ-ի հետ Հայաստանին կապող օղակ լինելու` իր բացառիկ կարգավիճակը և արհեստականորեն խոչընդոտներ ստեղծել դեպի Ռուսաստան ցամաքային այն միակ ճանապարհին, որն անցնում է Վերին Լարսի անցակետով:
Սակայն սրանք ընդամենը կարող են ծիծեռնակները լինել այն ամենի, ինչ կարող է տեղի ունենալ, եթե Վրաստանը վերածվի Ռուսաստան-Արևմուտք հերթական առճակատման թատերաբեմի: Իսկ դրա նախդրյալներն ինքնին ստեղծում է Աբխազիայի հետ ստորագրված պայմանագիրը, որն, ըստ էության, Ղրիմի միացման մոդիֆիկացված տարբերակն է: Դա ուղղակիորեն հղի է Վրաստանում նոր «ուկրաինական ճգնաժամի» ստեղծմամբ, իսկ այդ դեպքում հարվածի ողջ ծանրությունը, դրա հետևանքների ողջ բեռը իր վրա է վերցնելու Հայաստանը:
Գևորգ Դարբինյան