կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-21 17:39
Հասարակություն

Մենք երկիրը երբեք չառաջնորդեցինք դեպի արկածախնդրություն. Նիդերլանդներում նշվել է ՀՅԴ 129-ամյակը

Մենք երկիրը երբեք չառաջնորդեցինք դեպի արկածախնդրություն. Նիդերլանդներում նշվել է ՀՅԴ 129-ամյակը

Հունվարի 18-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքում տեղի ունեցավ ՀՅԴ Նիդերլանդների «Արամ Մանուկյան» կոմիտեի կողմից կազմակերպված ՀՅԴ հիմնադրության 129-ամյակի հանդիսավոր տոնակատարությունը։ Միջոցառումը բարձր մակարդակով վարեցին Ալին Մերտխանյանը և Մկրտիչ Ամրոյանը

Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը, Ալմելոյի շրջանի հոգևոր հովիվ Տեր Մաշտոց Բաղդասարյանը, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի անդամ Հրաչ Վարժապետյանը, Նիդերլանդներում գործող տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ և հյուրեր։

Տոնակատարության բացումը կատարվեց ՀՄԸՄ սկաուտների շքերթով և Հայաստանի Հանրապետության և ՀՅԴ-ի քայլերգերով: Այնուհետև ելույթով հանդես եկավ ՀՅԴ Նիդերլանդների «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչ՝ Նուբար Վարդանյանը, առանձնապես ներկայացնելով ՀՅԴ-ի վերջին ժամանակաշրջանի մարտահրավերները, ՀՅԴ Նիդերլանդների «Արամ Մանուկյան» կոմիտեի աշխատանքները և ձեռքբերումները։ Անդրադարնալով հայրենիքի այսօրվա տիրող քաղաքական վիճակին և մթնոլորտին՝ նա նկատեց. «Քաղաքական կուսակցությունների  սխալ գործունեությունները և անպատասխանտու խոսքերը վտանգում է հայության միասնականությունը, ուստի անհրաժեշտ է վերականգնել մակարդակը և քաղաքական կուսակցությունները պետք է ստանձնեն ազգը միացնողի դերը»:  

Ելույթով հանդես եկան Դաշնակցության շարքերը անցած նորագիր երիտասարդներ հայտնելով իրենց սրտի խոսքը ՀՅԴ մեծ ընտանիքին միանալու վերաբերյալ։  

Դիպուկ էր Նիդերլանդներում ՀՀ Դեսպան Տիգրան Բալայանի շնորհավորական խոսքը, որով նա արժևորեց ՀՅԴ-ի 129 տարիների հայանպաստ գործունեությունը․ «Դաշնակցությունը եղել է ոչ միայն հայապահպանության ջահակիրը և Հայաստանի պետականության բացակայության պայմաններում Հայ Դատի առաջնորդողը, այլ նաև եղել է համախմբողը բոլոր նրանց համար ովքեր մտածում էին հայապահպանության մասին, հայ դատի մասին, հայոց դատը առաջ տանելու, հայկական հարցը առաջ տանելու մասին։»

Դեսպանը նաև նշեց, որ Արցախյան գոյամարտում Դաշնակցության դերակատարությունը չափազանց մեծ է եղել, նա շեշտեց՝ չի կարելի թերագնահատել այդ դերակատարությունը. «Պատահական չէ, որ Արցախյան գոյամարտի առաջին օրերից Դաշնակցությունը վերադարձավ Հայաստան, և ռազմաճակատի ամենաբարդ ու ամենածանր կետերում դաշնակցականներն էին պատերազմում»:

Նիդերլանդներում ամեն տարի նշվում է ՀՅԴ հիմնադրության տարեդարձը, սակայն այս տարվա տոնակատարությունը պատմական և հիշարժան դարձավ Նիդերլանդներում ՀՅԴ պատանեկան միության հիմնադրությամբ, որը պիտի լինի ՀՅԴ երիտասարդական միության աղբյուրն ու սերմը և վերջապես պիտի համալրի մեր ՀՅԴ շարքերը։ Այս առիթով տեղի ունեցավ 10 պատանիների հանդիսավոր խոստման արարողությունը, ովքեր երկու տարի շարունակ ՀՅԴ Նիդերլանդների շրջանի երիտասարդների կողմից պատրաստվել էին այս օրվա համար։

ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի կենտրոնական կոմիտեի անդամ՝ Հրաչ Վարժապետյանը պատանեկան միության հիմնադրությանը և ընդհանրապես ՀՅԴ-ի աշխատանքին անդրադարձավ՝ հաստատելով. «Դաշնակցությունը անցյալի կուսակցություն չէ, որ միայն պարծենում է իր փառահեղ պատմությամբ, այլ` ներկայի ու մանավանդ ապագայի:

Ներկայի կուսակցություն է՝ Սփյուռքի տարածքում շարունակելով  Հայ Դատի քաղաքական իր համառ ու նվիրյալ պայքարը, հայապահպանությունը, գաղութների ֆիզիկական անվտանգությունը, վկա՝ թարմ օրինակ հանդիսացող Հալեպը, այս օրերին` Լիբանանը: Այնպես, ինչպես անցնող տասնամյակներին: Ներկայի կուսակցություն է՝ արցախյան հիմնահարցի լուծման հոլովույթի մեջ իր էական մասնակցությամբ, իսկ Հայաստանի պետականության ամրապնդման համար իր անվերապահ ներդրումով: Ապագայի կուսակցություն է՝ իր վախճանական նպատակին հաղթական իրագործման` Ամբողջական Հայաստանի կերտումին ի խնդիր։

Այս բոլորի հասարակ հայտարարն ամփոփվում է մեկ բառով` ծառայություն: Ծառայություն` ազգին ու հայրենիքին: Ահա թե ինչու մեր կուսակցությունն առաջնորդող կուսակցությունն է մեր ժողովրդի յատկապէս սփյուռքյան հատվածին, պարզապես որովհետև առաջին հերթին Դաշնակցությունը ժողովրդին ծառան է»:

ՀՅԴ «Գարեգին Նժդեհ»  Երիտասարդական Միության անունից ելույթ ունեցավ Արփիար Մելիքյանը՝ հայտարարելով, որ Նիդերլանդների ՀՅԴ երիտասարդները շարունակում են  վերակենդանացնել մեր ազգային արժեքները հայրենիքի և սփյուռքի երիտասարդների սրտերում. «Մենք անկեղծ զինվոր ենք, ազգին նվիրյալ կամավոր ենք, զինված ենք սուրբ գաղափարով և պատրաստ ենք անձնազոհաբար աջակցել ազգին և հայրենիքին»:

Որպես օրվա գլխավոր բանախոս եզրափակիչ խոսքով հանդես եկավ ՀՅԴ Բյուրոյի անդամ՝ Մուրադ Փափազյանը, ներկայացնելով, թե ինչո՞ւ է այսօր Դաշնակցությունը ծառայում ազգին, ինչպես Հայաստանում, այնպես նաև Արցախում և սփյուռքում, և թե ինչո՞ւ ենք մենք հպարտ դաշնակցականներ: Բյուրոյի անդամն անդրադարձավ նաև ՀՅԴ քաղաքական գործունեությանը․ «Եվ այսպես ընթացել է մեր կուսակցության 129-ամյա ճանապարհը, միշտ իր գոյությունը պայմանավորելով ազգին իր օգտակարությամբ: Օգտակար, պիտանի լինել, ծառայել, կամ անհետանալ: Ա՛յս է առօրյա մեր մարտահրավերը ․․․»:

Անդրադարնալով իշխանություններին կամ ընդդիմությանը մաս կազմելու հարցին նա նկատեց.

«Նախկին իշխանության մէջ, ՀՅԴ-ն նրա մաս կազմելով, փորձեց ներսից ազդել քաղաքական գործընթացների և համակարգի վրա: Այսօր ընդդիմության մեջ, ՀՅԴ-ն իր կառուցողական առաջարկներով փորձում է, որ պետությունն ամրապնդի երկրի ու համակարգի ժողովրդավարությունը, ի վերջո ստեղծելով կառույցային հավասարակշռված համակարգ:

Ընդդիմութեան մէջ Դաշնակցությունը երբեք չեղավ ծայրայեղ, իսկ իշխանության մեջ եղավ միշտ բծախնդիր ու պահանջկոտ իր իսկ մաս կազմած կառավարությունների նկատմամբ, որոնց մեջ միշտ փոքրամասնություն էր կազմում։

Մենք երբեք երկիրն ու ժողովուրդը չառաջնորդեցինք դեպի արկածախնդրություն, դեպի անել, ընդհակառակը, հետամուտ եղանք բոլոր կողմերի և ուժերի համախմբման:

Անդրադառնալով Դաշնակցության դերին Արցախի խնդրի շուրջ՝ Մուրադ Փափազյանը նկատեց.

«Արցախի անկախության միջազգային ճանաչման համար մեր պայքարն անզիջող է: Մենք ամուր կանգնած ենք Արցախի ժողովրդի կողքին՝ 30 տարիներ ի վեր: Ժողովրդի ու դատի նկատմամբ մեր ցուցաբերած հավատարմությունը եւ վճռականությունը բանալին է երկար տևողության վրա պայքարի մեր հաղթանակին:

Հանուն մեր իրավունքի և հանուն արդարության, մենք աշխարհի չորս ծագերի մեջ երբեք չպիտի դադարենք Արցախի պաշտպանությունն ապահովելուց: Արցախը առաջնահերթությունների առաջնահերթությունն է այսօր մեզ համար»:

Միջոցառման ընթացքում տեղի ունեցան գեղարվեստական կատարումներ, այդ թվում` մշակութային պարեր (Զարթոնք պարախումբ) և բանաստեղծություն (Զավեն Զաքարյան)։ Տպավորիչ երեկոն ավարտվեց Մելո Պետրոսյանի և Վարանդ Ղազարյանի կողմից հեղափոխական երգերի կատարմամբ, մթնոլորտը հասցնելով իր գագաթնակետին։

Նշենք, որ նախքան ձեռնարկը սկսելը տեղի ունեցել էր կուսակցական ժողով ՀՅԴ Բյուրոյի և կենտրոնական կոմիտեի վերոհիշյալ ներկայացուցիչների մասնակցությամբ, որից հետո կատարվեց վեց նորագիրների երդման արարողությունը՝ ՀՅԴ բյուրոյի անդամ ընկ. Մուրադ Փափազյանի կնքահայրությամբ։