Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայում երեկ գիշեր կատարվածը կարելի է պետական հեղաշրջման ձախողված փորձ որակել: Արդեն վաղ առավորտյան, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի օդանավը վայրէջք կատարեց Ստամբուլի միջազգային օդանավակայանում, պարզ դարձավ, որ հեղաշրջումը տապալվել է և Թուրքիայի կառավարությունն աստիճանաբար իր վերահսկողության տակ է վերցնում իրավիճակը:
Հեղաշրջումը տապալվեց հիմնականում երեք պատճառով: Նախ՝ բանակի գեներալիտետի մեծ մասը հրաժարվեց չեզոքություն պահպանել կամ դրա մասնակիցը դառնալ՝ շարունակելով հավատարիմ մնալ գործող գերագույն գլխավոր հրամանատարին՝ նախագահ Էրդողանին: Դրա արդյունքում, ըստ էության, հեղաշրջման նախաձեռնողները՝ բանակի հրամանատարության մի փոքր շրջանակի հենքի վրա, մնացին միայնակ: Երկրորդ պատճառն այն էր, որ Էրդողանն իր համար ծանրագույն շրջանում դիմեց ժողովրդին՝ դուրս գալ փողոցներ և պայքարել ապստամբած զինվորականների դեմ: Այս կոչին հետևելով՝ փողոց դուրս եկած Էրդողանի կողմնակիցները Անկարայի և Ստամբուլի փողոցներում պաշարեցին տանկերը և զինվորականներին՝ թույլ չտալով տեղաշարժվել և իրականացնել իրենց առջև դրված խնդիրները: Երրորդ՝ իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ հեղաշրջումը լավ չէր պլանավորվել կամ պլանավորվածի համաձայն տեղի չունեցավ, քանի որ կառավարության անդամները, նախագահ Էրդողանը կարողացան խուսափել ձերբակալությունից: Այս հանգամանքը թերևս պայմանավորված էր նրանով, որ Թուրքիայի անվտանգության ծառայությունները ևս ներգրավված չէին հեղաշրջման փորձի մեջ և կարողացան ապահովել իշխանության ֆիզիկական անվտանգությունը:
Սա Ռեջեփ Թայիբ Էրդողանի իշխանավարման շրջանում պետական հեղաշրջման երկրորդ անհաջող փորձն էր: Առաջինը 2007թ. էր, որն անարյուն տապալվեց «Էրգենեկոնի» հայտնի գործի բացահայտմամբ: Այն փաստը, որ նախագահ Էրդողանին հաջողվում է երկրորդ անգամ խուսափել նման փորձությունից, հաստատում է նրա ունեցած մեծ ազդեցությունը երկրում և հատկապես զինված ուժերի համակարգում: Էրդողանին հաջողվել էր «Էրգենեկոնի» գործի շրջանակներում ջարդել թուրքական բանակի ամուր ողնաշարը, զրկել նրան մինչ այդ ունեցած զգալի անկախությունից, ինչն էլ դարձավ երկրորդ, իրապես վտանգավոր և 60 մարդու կյանք տարած հեղաշրջման փորձի տապալման հիմնական գրավականը: Հիմա արդեն պարզ է, թե որքան էլ որպես անձ լինելով անհավասարակշիռ, երբեմն՝ ընդհուպ անադեկվատ, ինչն է այդքան համարձակություն տալիս Էրդողանին՝ իրականացնելու երկրում նախագահական կառավարման ռեժիմ մտցնելու և փաստացի սուլթանի վերածվելու ծրագիրը, որն է նրա երկարակեցության պատճառը:
Տեղի ունեցածն անշուշտ հսկայական ազդեցություն է ունենալու թե Թուրքիայի, և թե տարածաշրջանի վրա: Էրդողանի իշխանավարումը բաժանվելու է մինչև հեղաշրջման այս փորձը և դրանից հետո ժամանակաշրջանների: Կասկած չկա, որ էրդողանն արյան մեջ կխեղդի «պուտչը» առաջին հերթին իր ուժը ցուցադրելու և ապա ողջ կառավարման համակարգում մաքրազարդումներ կատարելու համար: Հիմնական և հզոր հարվածը կհասցվի բանակին՝ այնտեղից մաքրելու բոլոր անցանկալի, քիչ թե շատ անկախ շրջանակներին՝ քեմալականության կամ «խորքային պետության» գաղափարակիցներին վերջնականապես չեզոքացնելու նպատակով: Թուրքական հզոր բանակն, իհարկե, որոշ ժամանակով հսկայական ցնցումների կենթարկվի, կկորցնի իր մարտունակությունը, բայց փոխարենը Էրդողանը կստանա լիարժեքորեն վստահելի ուժային համակարգ: Հեղաշրջման տապալումն էականորեն կամրապնդի քաղաքական դաշտում, կառավարման համակարգում և հասարակությունում Էրդողանի դիրքերը: Վերջինս այս ձախողված հեղաշրջումը առիթ կդարձնի իր դիկտատուրան հաստատելու և այդ դիկտատուրայի հաստատումն արդարացնելու համար: Իսկ այդ հանգամանքը Թուրքիային կդարձնի ավելի անկանխատեսելի, քանի որ քաղաքական հիմնական որոշումների կայացումը պայմանավորված կլինի բացառապես մեկ մարդուց՝ հեղաշրջումը հաղթահարած և հնարավոր քաղաքացիական պատերազմը կանխած Էրդողանից:
Հիմա ողջ հարցն այն է, թե երկրով մեկ իրականացվելիք մաքրազարդումներն ինչպես կկազմակերպվեն, ովքեր կհայտնվեն Էրդողանի արյունոտ մամլիչի տակ: Թուրքիայի հանրապետության պատմության մեջ նախորդ հեղաշրջումների փորձը ցույց է տալիս, որ հետևանքների վերացումն ուղեկցվում է արյունահեղությամբ, դաժանություններով, մարդու իրավունքների տոտալ ոտնահարմամբ, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև այդ երկրի էթնիկ փոքրամասնություններին: Անկասկած՝ թե քրդական և թե հայկական շրջանակներն այս հեղաշրջումից հետո իշխանության համար դառնում են հարմար թիրախներ: Միակ գործոնը, որը կարող է քիչ թե շատ նվազեցնել քրդերի և հայերի հնարավոր հալածանանքների հնարավորությունը, այն իրողությունն է, որ Էրդողանը կարծես թե հակված է հեղաշրջման փորձի թիկունքում տեսնելու արտաքին, արևմտյան ուժերի: Նա իրադարձությունների ծավալման հենց առաջին ժամերին սկսեց կատարվածում մեղադրել թուրք հայտնի այլախոհական, մտավորական, քաղաքական գործիչ, «Հիզմեթ» շարժման հիմնադիր և իշխող վարչակազմի ամենակատաղի հակառակորդ Ֆեթուլլա Գյուլենին: Վերջինս այսպես կոչված կամավոր վտարանդիի կարգավիճակով նեկայումս բնակվում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում: Գրեթե կասկած չկա, որ եթե հեղաշրջման փորձը կապվի Գյուլենի հետ, ապա Էրդողանը ԱՄՆ-ից պահանջելու է հանձնել նրան, և ամենայն հավանականությամբ մերժում կստանա: Այս հանգամանքը պատճառ կդարձվի՝ ԱՄՆ-ին, արևմտյան երկրներին մեադրելու Թուրքիայում անկայունություն հրահրելու, իշխանության տապալում նախաձեռնելու մեջ: Սա էլ իր հերթին թերևս, կծառայեցվի Ռուսաստանի հետ մերձեցումն ավելի արագացնելու և ավելի համոզիչ դարձնելու համար:
Ամեն դեպքում՝ Թուրքիան հիմա մեծ փոփոխությունների, վտանգավոր ցնցումների շրջափուլ է տեղափոխվում, որը տարածաշրջանային երկրներին, այդ թվում նաև Հայաստանին պետք է չափազանց զգոն դարձնի:
Գևորգ Դարբինյան