կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-06 18:05
Իրավական

Բերման ենթարկված անձանց իրավունքները խախտվում են. կա օրենսդրական բաց, որը կլրացնի նոր օրենսգիրքը

Բերման ենթարկված անձանց իրավունքները խախտվում են. կա օրենսդրական բաց, որը կլրացնի նոր օրենսգիրքը

Դավիթ Վարդանյանին ոստիկանները երկու անգամ բերման են ենթարկել` այս տարվա փետրվարին քաղաքական թռուցիկներ բաժանելու եւ գրաֆիտի անելու ժամանակ: Մինչ բերման ենթարկելը, նաեւ ոստիկանությունում չորս ժամ արգելանքի տակ պահելու ընթացքում խախտվել են նրա մի քանի իրավունքները:

 

Փետրվարի 12-ին Դավիթն ընկերների հետ թռուցիկներ է բաժանելիս եղել, մոտեցել են մի քանի հոգի, ասել, որ հեռանան, այդ տարածքում թռուցիկ չբաժանեն: Տղաները ոստիկանություն են զանգահարել, հայտնել, որ իրենց խաղաղ գործողությունները խոչընդոտվում են: «Ոստիկանությունը եկավ և, առանց ճշտելու` ինչ է եղել, սկսեց բոլորին բերման ենթարկել: Հարցրեցի` ի՞նչ օրենք եմ խախտել, ո՞ր օրենքի հիման վրա են տանում ինձ, բան չասացին: Արդեն մի երկու ժամ անցել էր, որ ասացին` խուլիգանության կատարելու կասկածանքով են բերման ենթարկել:  Հետո արդեն փաստաբան եմ կանչել, չեն թողել ներս մտնի, չորս ժամ սպասելուց հետո նոր ասել են, որ կարող եմ տեսնել փաստաբանին, բայց արդեն անիմաստ էր` բոլոր պրոցեսները կատարվել էին»,- Yerkir.am-ի հետ զրույցում պատմեց Դավիթ Վարդանյանը:

 

Նա հայտնեց նաև, որ թույլ չեն տվել զանգահարել, պահանջել են բջջային հեռախոսը հանձնել, ինքը հրաժարվել է, բռնությամբ վերցրել են ձեռքից, անձնական խուզարկություն են կատարել` առանց փաստաբանի ներկայության:

 

Անձին ազատությունից զրկելու սկզբնական փուլում գործող Քրեական դատավարության օրենսգիրքը (ՔԴՕ) համակարգային երաշխիքներ չի նախատեսում, և օրենսդրական բացի հետևանքով թույլատրված խախտման վառ օրինակ է Դավիթի հետ պատահածը:

 

Փաստաբան Լուսինե Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշում է, որ ներկայումս անձին  ազատությունից զրկելու սկզբնական փուլում բազմաթիվ իրավախախատումներ են լինում: «Եթե այդ մարդու հարազատները շահագրգռված չեն լինում փաստաբան ներգրավել, ապա նա շատ քիչ հնարավորություն ունի փաստաբան ունենալու: Լինում են դեպքեր, երբ խոշտանգվում են: Անձին պահում են ժամեր շարունակ, որպեսզի վնասվածքները անցնեն, և հետո միայն ձերբակալման արձանագրություն են կազմում, որից հետո արդեն հաշվվում է ձերբակալման ժամանակը: Եվ բնական է, որ փաստաբան չեն ուզում ներգրավել: Զանգի իրավունքից օգտվելը համատարած խախտվում է, բժշկական օգնություն ցույց չի տրվում»,- ասում է նա:

 

Որպես առկա խնդիրների լուծում` Քրեական դատավարության նոր օրենգիրքը (նախագիծ) հատկապես մեծ ուշադրություն է դարձրել անձին ազատությունից զրկելու սկզբնական փուլի կանոնակարգմանը: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նախագծի համահեղինակ, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը:

 

Գործող ՔԴՕ-ն որոշակի իրավունքներ սահմանում է միայն դատավարական կարգավիճակ ունեցող անձանց և ոչ բերման ենթարկված անձի համար, որը չունի հստակ կարգավիճակ: Ներկայումս անձը համարվում է ձերբակալված, երբ նրան բերման ենթարկելուց հետո ձերբակալման արձանագրություն են կազմում և հանձնում նրան: Իսկ ահա, ՔԴՕ նախագծի հոդվածի 2-րդ մասի համաձայն, անձը համարվում է ձերբակալված նրան ազատությունից փաստացի զրկելու պահից, և ձերբակալման ժամկետը հաշվարկվում է նույն պահից:

 

«Եթե ոստիկանը անձի մոտ ստեղծում է համոզմունք, որ նա կորցրեց սեփական կամքով տեղաշարժվելու ազատությունը, ապա նա համարվում է ձերբակալված: Եվրոպական դատարանի հայտնի գործ կա` ոստիկանը թեթև խփել է մեջքին ու գլխի շարժումով հասկացրել` հետևել իրեն, և ԵԴ-ն համարել էր, որ այդ պահից անձը ձերբակալված է եղել»,- ասում է Ռ. Մելիքյանը, նշում նաև, որ, համաձայն նոր ՔԴՕ-ի, կամովին տեղաշարժվելու ազատությունը կորցնելուց անմիջապես հետո ձերբակալված համարվող անձն անազատության առաջին վեց ժամերի ընթացքում ունենում է նվազագույնը 6 իրավունք: Վեց ժամ անց անձը ձեռք է բերում մեղադրյալին վերաբերելի բոլոր իրավունքները:

 

Այսպիսով` ՔԴՕ նախագծի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` անձն իրավունք ունի փաստացի ազատությունից զրկվելու պահին բանավոր, իսկ արդեն հետաքննության մարմնի կամ վարույթն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի վարչական շենք մուտք գործելուց հետո նաև գրավոր կերպով տեղեկանալ օրենքով սահմանված իր նվազագույն իրավունքների ու պարտականությունների մասին, իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառը, պահպանել լռություն, իր ընտրած անձին տեղեկացնել իր գտնվելու վայրի մասին (զանգի իրավունք), փաստաբան հրավիրել, իր պահանջով բժշկական զննման ենթարկվել: 

 

Ի դեպ, ՔԴՕ նախագծի այս մասի վերաբերյալ  Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի պետի տեղակալ Արթուր Ղամբարյանը կարևորում է, որ նախագծի հեղինակները մասնավորեցրել են, թե որ իրավունքը որ պահից կարող է ծագել: Իրավունքների մի խումբը ծագում է անմիջապես անձին ձերբակալելու պահին (բանավոր տեղեկանալ իր նվազագույն իրավունքների ու պարտականությունների մասին, իմանալ իրեն ազատությունից զրկելու պատճառը, պահպանել լռություն), մյուս մասը վարչական շենք մուտք գործելուց հետո (փաստաբան հրավիրել, իր պահանջով բժշկական զննման ենթարկվել, զանգի իրավունք):

 

Զանգի իրավունքի դեպքում Ա. Ղամբարյանը կարևորում է նաև, որ նախագծի հեղինակները զուգակցել են հանրային ու մասնավոր շահերը: «Միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ եթե ունի զանգի իրավունք, ապա կարող է այդ իրավունքը չարաշահել: Օրինակ` նա կարող է կապվել իր հանցակիցների հետ, որից հետո կոչնչացվեն իրեղեն ապացույցներ: Եվ նախագիծը, այս հանգամանքը հաշվի առնելով, հնարավորություն է տալիս զանգի իրավունքը սահմանափակել վարչական շենք մտնելուց հետո 6 ժամով»,- ասում է նա:

 

Նախագիծը սահմանում է նաեւ այս իրավունքների ապահովման երաշխիքներ:  ՔԴՕ նախագծի համահեղինակ, արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը նշում է, որ դատարանը ձերբակալված մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու և կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու միջնորդությունը քննելիս պետք է անդրադառնա նաև ձերբակալման իրավաչափությանը:  «Նախագծի 295-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ դատարանը կայացնում է խափանման միջոց կիրառելու և կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու մասին որոշում, եթե հանգում է հետևության, որ անձի ձերբակալման ընթացքում թույլ են տրվել օրենքի կոպիտ խախտումներ (այս խախտումները սպառիչ թվարկված են նախագծում)»,- Yerkir.am-ին պատասխանում է Ա. Թաթոյանը:

 

Նա նշում է նաև, որ ՔԴՕ նախագծի մեջբերված կարգավորումները նպատակ ունեն նաև կանխարգելելու ազատությունից զրկված անձանց նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները: Այսպես` ՔԴՕ նախագծի 109-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հանցանք կատարած լինելու` անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով անձի ձերբակալման արձանագրության մեջ, ի թիվս այլնի, նշվում են ձերբակալվածի մարմնի կամ հագուստի վրա տեսանելի վնասվածքները` առկայության դեպքում, ինչպես նաև առերևույթ` նրա ֆիզիկական և հոգեկան վիճակը:

 

Փաստաբան Լուսինե Սահակյանը թեև կողմ է օրենսդրական բարեփոխումներին և շեշտում է, որ անձի իրավունքները բազմիցս խախտվում են ազատությունից զրկելու սկզբնական փուլում, սակայն համարում է նաև, որ խնդիրը ոչ թե օրենսդրական բացն է, այլ իրավակիրառման պրակտիկան: «Այո, գործող ՔԴՕ-ն լավ չի կարգավորում այդ մասը, և Վճռաբեկ դատարանը ստիպված եղավ նախադեպային որոշում կայացնել Գագիկ Միքայելյանի գործով դեռևս 2009 թվականին: …Մենք բազմիցս Վճռաբեկ դատարանի առջև բարձրացրել ենք այդ հարցը, որ իր որոշումը խախտում է նախաքննական մարմինը, իսկ դատարանն էլ չի ստուգում խախտումը: Բայց Վճռաբեկ դատարանը ոչինչ չի ձեռնարկում»,- ասում է նա:

 

Yerkir.am-ի հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը նույնպես նշում է, որ խնդիրը կապված է պրակտիկայի հետ: Բացի Գագիկ Միքայելյանի գործով հայտնի նախադեպից, նա նշում է, որ բերման ենթարկված անձի իրավունքները սահմանվում են նաև 2007 թվականին կառավարության կողմից ընդունված «Մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումից բխող` ծանուցման ենթակա իրավունքների ցանկը և ծանուցման կարգը հաստատելու մասին» 818-Ն որոշմամբ, և ի կատարումն այս որոշման` նույն թվականի ոստիկանապետի 3-Ն հրամանով` «արդեն 7 տարի է` բերման ենթարկվածներին ստորագրել են տալիս այդ թուղթը («Գրավոր ծանուցում  մարդու ազատությունների սահմանափակումից բխող իրավունքների մասին»` Ոստիկանապետի 3-Ն հրամանի հավելված 2)»:

 

Եվ այս դեպքում, թե ո՞րն է լինելու օրենսդրական դաշտում բարեփոխումը, եթե ՔԴՕ նախագծով սահմանված իրավունքներն արդեն իսկ ամրագրված են այլ փաստաթղթերով, ՀՀ քննչական կոմիտեի պետի տեղակալ Արթուր Ղամբարյանը պարզաբանում է. «Ոստիկանապետի հրամանը կամ կառավարության որոշումը չեն կարող քրեադատավարական նորմեր պարունակել: Եվ ենթաօրենսդրական ակտերով կարգավորումը ցանկալի չէ, ուստի ճիշտ կլինի օրենսգրքի մակարդակում դա անել:  Իսկ  ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշմանը, ապա, իմ պատկերացմամբ, այն կառուցակարգեր չի պարունակում, ինչպիսիք պարունակում է նախագիծը: Այսինքն` ՎԴ-ն տվել է վերացական իրավունքներ, բայց դրանց մեխանիզմները  հստակեցված չեն, ինչն այդ իրավունքը կարող է դարձնել ոչ թե պրակտիկ, այլ տեսական իրավունք: Այդ խնդիրը, իմ պատկերացմամբ, ՔԴՕ նախագիծը լուծել է»:

 

Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ