կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-15 12:50
Հասարակություն

Հոգեբուժարաններում խախտվում են մարդու իրավունքները. ՄԻՊ

Հոգեբուժարաններում խախտվում են մարդու իրավունքները. ՄԻՊ

Հոգեբուժարաններում համակարգային խնդիրները տարիներ շարունակ չեն լուծվում. մեծ առաջընթաց չկա նաև այդ ոլորտին առնչվող մեր արտահերթ զեկույցի հրապարակումից հետո: Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի  կանխարգելման ազգային մեխանիզմի ստորաբաժանման կողմից կազմակերպված «Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովումն ազատությունից զրկման վայրերում» խորագրով կլոր սեղան քննարկմանը:

ՄԻՊ-ից հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են դատավորներ, փաստաբաններ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության և արդարադատության նախարարությունների, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի, հոգեբուժական կազմակերպությունների, ծերերի և հաշմանդամների հատուկ տիպի տուն-ինտերնատների, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Միջոցառման ընթացքում քննարկվել են հոգեբուժական կազմակերպություններում անձանց հոժարակամ կամ ոչ հոժարակամ բուժման գործընթացի խնդիրները և դատական պրակտիկան, անգործունակ անձանց իրավունքների հիմնախնդիրները, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում հոգեբուժական օգնության և սպասարկման հետ կապված հարցերը:

Արման Թաթոյանը շեշտել է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։

Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատաման արժանի ներուժ:

Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում նրանց խնդիրները:

Խրոնիկ խնդիրներ ունի հոգեբուժարաններում մարդկանց իրավունքների ապահովումը: Չկան անհրաժեշտ համայնքահեն ծառայություններ, թերի են կառավարումն ու վերահսկողությունը, անհիմն ձգձգվում են դատական գործընթացները ու մարդկանց դնում երկարատև քաշքշուկների մեջ, չկա գործառույթների հստակ տարանջատում և այլն:

Արման Թաթոյանը, այս ամենին զուգահեռ, նշել է, որ գնահատված չէ հոգեկան առողջության ոլորտի աշխատանքը:

Բավարար չէ մասնագետների քանակը, խիստ թերի են մասնագիտական վերապատրաստումները, ինչը թույլ չի տալիս ոլորտը զարգացնել միջազգային պահանջներին համահունչ:

Անընդունելի են հոգեբուժարաններում կամ այլ հատուկ հաստատություններում աշխատանքային պայմանները, ցածր է աշխատողների սոցիալական երաշխիքների մակարդակը: Այս ամենն էլ անմիջական բացասական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան առողջության և մատուցվող ծառայությունների որակի վրա:

Իսկ գործնականում էլ շատ են դեպքերը, երբ հարցերը լուծվում են ոչ թե պետական քաղաքականության, այլ մասնագետների անձնական ջանքերով ու նրանց անձնական բարեխղճության շնորհիվ:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների երաշխավորման գործում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է ոչ միայն իրավասու պետական մարմինների և կազմակերպությունների, այլև քաղաքացիական հասարակության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը: