Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵրՊԻ-ՀՊՃՀ-ի կամերային նվագախմբի 50-ամյակին և նվագախմբի ղեկավար, կոմպոզիտոր Սերգեյ Աղաջանյանի 85-ամյակի առթիվ ՀՊՃՀ (Պոլիտեխնիկ)-ում տեղի է ունեցել տոնական միջոցառում։ Միջոցառմանը ներկա էին նվագախմբի անդամները, ովքեր ժամանել էին աշխարհի տարբեր երկրներից` տոնելու հարազատ նվագախմբի տոնը:
Ներկա էին նաև ԵրՊԻ-ի շրջանավարտ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը և կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը։ Նրանք Պոլիտեխնիկի և նրա երաժշտական ավանդույթների մասին հիշողությունները ներկայացրեցին ներկաներին և երաժշտական ողջույն հղեցին հանդիսատեսին, իսկ Երևանի պետական կոնսերվատորիայի «Կոմիտաս» երգչախումբը կատարեց Սերգեյ Աղաջանյանի ստեղծագործություններից։
Միջոցառմանը ներկա էր Սերգեյ Աղաջանյանի կինը և նրանց 10-ամյա թոռնիկը՝ տաղանդավոր ջութակահար Միքայել Աղաջանյանը, ով նույնպես հանդես եկավ ելույթով։
Միջոցառման ավարտին ՀՊՃՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանը հայտարարեց, որ ՀՊՃՀ գիտական խորհրդի որոշմամբ` կամերային նվագախումբն այսուհետ կկոչվի Սերգեյ Աղաջանյանի անունով: Հավաստագիրը նա անձամբ հանձնեց Սերգեյ Աղաջանյանի թոռնիկին և կնոջը։ Թոքմաջյանը շնորհակալագրեր հանձնեց նաև լարային քառյակի անդամներին։
Հոբելյանական միջոցառումների շարքում, նվագախմբի երաժիշտ-մասնակիցների նախաձեռնությամբ, նախատեսվում է տպագրել գիրք, որում զետեղված են լինելու այս տարիներին կատարված աշխատանքներն ու անցած պատմությունը, ինչպես նաև կնկարահանվի վավերագրական ֆիլմ: