կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 19:03
Առանց Կատեգորիա

Ինչ է տալու Մաքսային միությունը Ղարաբաղին

Ինչ է տալու Մաքսային միությունը Ղարաբաղին

Մաքսային միությանը միանալու մասին` Սերժ Սարգսյանի հայտարարությունից առաջ ռուսական փորձագիտական, քաղաքագիտական շրջանակները համառորեն այն միտքն էին զարգացնում, թե, ստորագրելով ԵՄ ասոցացման համաձանյագիրը, ՀՀ նախագահը Ադրբեջանին է հանձնում Լեռնային Ղարաբաղը, այլ կերպ ասած` դավաճանում է Հայաստանի ազգային շահերին: Հիմնական փաստարկն այն էր, որ ԵՄ մաքսային ընդհանուր տարածքին Հայաստանի միանալու պարագայում ՀՀ-ն հստակ սահմանազատվելու է ԼՂՀ-ից, Երևանը զրկվելու է Ստեփանակերտի վրա ունեցած ազդեցությունից, իսկ ԼՂՀ-ն` արտաքին բոլոր շուկաներից:

 

Սերժ Սարգսյանը ընտրեց Մաքսային միությունը: Եվ չնայած նույն շրջանակները չեն պնդում, թե ՀՀ նախագահը հայրենանվեր քայլ կատարեց ու փրկեց ԼՂՀ-ն կործանումից, սակայն նաև չեն խոսում այն մասին, թե ինչ է տալու ԼՂՀ-ին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը և ինչպես է դա ազդելու, ընդհանրապես, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Ամենակարևոր հարցը, որի պատասխանը չեն ուզում տալ ո'չ Մոսկվայում և ո'չ էլ Երևանում, այն է, թե Մաքսային միությանը միանալու պայմանագիրը ստորագրելուց հետո արդյո՞ք Հայաստանի և ԼՂՀ-ի միջև սահմանազատում տեղի չի ունենալու, այսինքն` Մաքսային միության սահմանը չի՞ անցնելու ԼՂՀ-ի և Հայաստանի միջև: Եթե անցնելու է, ապա, ռուսական տրամաբանությամբ, ի՞նչ տարբերություն` Սերժ Սարգսյանը Բրյուսելի՞ ձեռքով է հանձնում Ղարաբաղը Ադրբեջանին, թե՞ Մոսկվայի: Եթե` ոչ, ապա դա նշանակում է, որ Ռուսաստանը և ՀԱՊԿ անդամ պետությունները նախ պետք է ճանաչեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ապա նրան ՄՄ-ի մեջ ներառեն Հայաստանի հետ միաժամանակ: Մինչդեռ հայտնի է, որ դրան կտրականապես դեմ են թե' Ղրղզստանը, թե' Մաքսային միության մաս կազմող Ղազախստանն ու Բելառուսը:

 

Բայց ամենագլխավորն այն է, որ դրան այս պահին պատրաստ չէ նաև Ռուսաստանը: Նախ` Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահող երկրներից մեկն է, որը Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին մի քանի անգամ նախագահի մակարդակով հայտարարել է, թե պաշտպանում է ներկայումս բանակցությունների սեղանին դրված և հակամարտության կարգավորման բանալի համարվող, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները: Իսկ վերջիններս խարսխված են ԵԱՀԿ հելսինկյան եզրափակիչ ակտի երեք հայտնի սկզբունքների վրա` տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի հարգման և ուժի կիրառումից ու դրա սպառնալիքից հրաժարման: Սա նշանակում է, որ, լինելով միջնորդ երկիր, Ռուսաստանը չի կարող միակողմանիորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղը, հետևաբար` այն, որպես ինքնուրույն սուբյեկտ, անգամ լավագույն ցանկության դեպքում չի կարող ներգրավվել Մաքսային միության շրջանակում:

 

Երկրորդ` ԼՂ հիմնահարցի վերջնական կարգավորումը երբեք չի բխել և առավել ևս հիմա չի բխում Ռուսաստանի շահերից: Մի կողմից` դա Ադրբեջանի վրա ազդելու միակ ուժեղ լծակն է, իսկ մյուս դեպքում` Գյումրիում իր ռազմալայանի գոյությունը Հայաստանի անվտանգության պաշտպանության անվան տակ արդարացնելու միակ միջոցը: Միով բանիվ` դա Հարավային Կովկասը վերջնականապես չկորցնելու` Ռուսաստանի եզակի փրկօղակն է: Միակ տարբերակը, որի պարագայում Մոսկվային ձեռնտու է լինելու ԼՂ վերջնական կարգավորումը, այն է, որ հենց Ռուսաստանը դառնա շփման գոտում խաղաղարար առաքելություն իրականացնող երկիրը, որի լեգիտիմ մանդատը նրան թույլ կտա էլ ավելի մեծացնել իր ռազմական կոնտինգենտը մերձավորարևելյան տարածաշրջանի անմիջական հարևանությամբ:

 

Բայց դրան կտրականապես դեմ է Արևմուտքը: Սիրիայում ստեղծված միջազգային պայթյունավտանգ իրավիճակը մեծացնում է հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ` պայմանավորված, առաջին հերթին, Իրանի գործոնով: Մաքսային միությանն անդամակցել պարտադրելով, դրանով Հայաստանին ինքնուրույնությունից զգալիորեն զրկելով` Մոսկվան այս փուլում փորձում է լուծել հարավկովկասյան տարածաշրջանում լիարժեք ազդեցություն ունենալու խնդիրը` շատ լավ հասկանալով, որ Արևմուտքի նպատակը նաև այս տարածաշրջանում իր շուրջ բուֆերային գոտի ստեղծելն է: Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը կիսով չափ լուծելու էր այդ խնդիրը, և հենց այս հեռանկարից Մոսկվան զրկեց իր ստրատեգիական մրցակիցներին` ԵՄ-ին և ԱՄՆ-ին:

 

Մոսկվան հետևողականորեն ջանքեր է գործադրում` վերականգնելու հարաբերությունները Իրանի հետ, որը խարխլվել էր թե' C300 զենիթահրթիռային համալիրների վաճառքից հրաժարվելու և թե' Պուտինի` Իրան կատարելիք այցը ձախողելու պատճառով: Հայտնի է, որ Ռուսաստանը համաձայնել է Իրանին հատկացնել А2500 զենիթահրթիռային համալիրների 5 դիվիզիոն (սա С-300В-ի կատարելագործված տարբերակն է), եթե Թեհրանը հրաժարվի «Ռոսոբորոնէքսպորտ» -ի դեմ ներկայացրած 4 միլիարդ դոլարի փոխհատուցման հայցից: Մոսկվան նաև պատրաստակամություն է հայտնել ստանձնել Իրանի Բուշերի ատոմակայանի կառուցման աշխատանքները: Եթե այս հարցերում կողմերը համաձայնության գան, ապա սիրիական ճգնաժամի խորապատկերին կարող է ստեղծվել Ռուսաստան-Իրան տանդեմը` դրանից բխող բոլոր հետևանքներով:

 

Իսկ դրանում Հայաստանի դերակատարումը դառնում է ոչ երկրորդական, որովհետև նրան փաստացի երկու կողմերի միջև խողովակի դեր է վերապահվելու: Եվ ահա այս ամենի ֆոնին, հաշվի առնելով նաև Հայաստանին ՌԴ ազդեցությունից գոնե մասամբ դուրս քաշելու` ԵՄ-ի պլանների ձախողումը, ԱՄՆ-ը որոշում է փոխել ԵԱՀԿ Մինսկի խմբում իր համանախագահին և այդ պարտականությունները դնում է Աֆղանստանում և Պակիստանում ԱՄՆ հատուկ ներկայացուցչի նախկին տեղակալի` Ջեյմս Ուորլիքի վրա, ով, ի դեպ, եղել է Աֆղանստանի հետ երկկողմանի անվտանգության համաձայնագրի մշակման ու ստորագրման գլխավոր բանակցողը: Ակնհայտ է,որ այսպիսի բարձրակարգ դիվանագետի ընտրությունը պատահական չի արված: ԱՄՆ-ը զգալիորեն ուժեղացնում է ԼՂ կարգավորման գործընթացում իր դերակատարությունը, փորձում Ռուսաստանի ձեռքից վերցնել նախաձեռնողականությունը և պրոցեսը դուրս բերել փակուղային, նախապատերազմական իրավիճակից: Պատահական չէր, թերևս, որ Ուորլիքը հակամարտության գոտի առաջին այցը կատարելիս իր հետ բերել էր նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին, որոնցում խոսվում է Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա կարգավորմանն ուղղված «նոր» ջանքեր գործադրելու անհրաժեշտության և այդ հարցում ԱՄՆ-ի նախանձախնդրության մասին:

 

Փաստորեն, Հայաստանի` Մաքսային միությանը միանալուց հետո Ղարաբաղյան հիմնահարցը դառնում է այն հիմնական լծակը, որով ԱՄՆ-ը կարող է խանգարել Ռուսաստանին: Վաշինգտոնին անհրաժեշտ է, որպեսզի հատկապես այս փուլում և տեսանելի ապագայում հարավկովկասյան ճակատը լինի կատարյալ վերահսկելի և կայուն վիճակում, ինչը հնարավոր չէ Ռուսաստանի ներկայիս ագրեսիվ ձեռնարկումների պարագայում: Եվ չի բացառվում, որ, նոր խթան տալով ԼՂ կարգավորմանը, ԱՄՆ-ը ցանկանում է կա'մ շուտափույթ կարգավորման մղել Հայաստանին և Ադրբեջանին` ավելորդ գլխացավանքից, իր թիրախի անմիջական հարևանությամբ նոր պատերազմական օջախի առաջացումից խուսափելու համար, կա'մ, նախաձեռնողականություն ցուցաբերելով,  զրկել Ռուսաստանին Իրանի սահմանագծին ռազմական կոնտինգենտ տեղակայելու գայթակղությունից, ինչի առումով ԼՂՀ-ի տարածքն ամենահարմարն ու գրավիչն է:

 

Իսկ նման միակողմանի քայլ ձեռնակելու համար Ռուսաստանին որոշակի փուլում ընդամենը պետք կլինի անգամ մեկ փոքրիկ պրովոկացիոն ընդհարումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին` Հայաստանի անվտանգության երաշխավորի և ՀԱՊԿ ստրատեգիական գործընկերոջ կարգավիճակն օգտագործելու միջոցով դա իրականացնելու համար: Այնպես որ` ՄՄ-ին Հայաստանի միանալը ոչ այնքան Հայաստանի և Ղարաբաղի անվտանգության ապահովման, որքան գոնե կարճաժամկետ կտրվածքով իրավիճակի ապակայունացման և ստատուս քվոյի փոփոխության պոտենցիալ է պարունակում, որովհետև Մոսկվայի այս քայլերը սրում են տարածաշրջանի համար մղվող մրցակցությունը:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ