կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-17 13:20
Հասարակություն

Գլոբալիզացիան նույնպես ազդել է ամուսնալուծությունների աճի վրա

Գլոբալիզացիան նույնպես ազդել է ամուսնալուծությունների աճի վրա

Հայաստանում ամուսնական պայմանագրեր սովորաբար կնքում են այն դեպքում, երբ ամուսիններից մեկը օտարազգի է, իսկ երկու հայի միջև ամուսնական պայմանագիր կնքելն ապագայի խնդիր է. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավաբան, փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

 

Թեև առանձնապես տարածված չէ ամուսնական պայմանագիր կնքելը, սակայն դրա առկայությունն իրականում շատ կարևոր կարող է լինել թե' ամուսնության ընթացքում, թե' ամուսնալուծության դեպքում: Մ. Ֆարմանյանը նշեց, որ ամուսնական պայմանագրով կարող են սահմանվել գույքային իրավահարաբերությունները, ընդհանուր գույքի, սեփականության ծավալը և այլն: Թերևս ամուսնալուծությունից հետո նախկին ամուսինների միջև առաջացած թշնամության պատճառներից մեկն էլ հենց  գույքի չգոհացնող բաժանումը կարող է լինել, ինչը պայմանագրի միջոցով կարելի էր լուծված համարել:

 

Վերջին շրջանում Հայաստանում ամուսնալուծությունների թվի աճի (35.5 տոկոս) վերաբերյալ փաստաբանը հայտնեց, որ այս ցուցանիշը վերաբերում է գրանցված ամուսնալուծություններին: Այսինքն` հավանական է, որ բաժանումների թիվն ավելի մեծ է:

 

Հոգեբան Խաչիկ Գասպարյանը խոսեց ամուսնալուծությունների հիմնական պատճառների մասին: «Ընտանիքը մի համակարգ է, և եթե անդամներից մեկը որևէ խնդիր է ունենում, ապա այդ համակարգը վերաձևավորվում է»,- ասաց նա: Հոգեբանի խոսքով` մեկի խնդիրը կարող է ազդել ամբողջ ընտանիքի անդամների վրա: Եվ այս դեպքերում ցանկալի արդյունքի  հնարավոր է հասնել միայն ընտանիքի անդամների, այլ ոչ թե խնդիր ունեցողի հետ աշխատելու դեպքում:

 

Իսկ ընդհանուր առմամբ, ամուսնալուծության պատճառները տարբեր կարող են լինել` սկսած նյութական ֆինանսական խնդիրներից մինչև հասարակական դերերի խախտումն ընտանիքում:

 

Հոգեբանն օրինակ բերեց վերջերս իրենց այցելած մի ընտանիքի խնդիրը: Կինը երկար ժամանակ ընտրած է եղել «ամուսնու մոր» դերը, երեխայի պես է վերաբերվել նրան, խնամել, հոգ տարել: Սրա պատճառով նրանց որդին է սկսել ավելի երկար բացակայել տնից, նրան դուր չի եկել հոր` անընդհատ հիվանդի ու հոգատարության կարիք ունեցող տղամարդու կերպարը: Այնուհետև, երբ կինը դադարել է այդ դերը տանել, ամուսնու հետ կապված խնդիրներ են առաջացել:

 

Խ. Գասպարյանը հայտնեց նաև, որ եթե երե խան նյարդահոգեբանական խնդիրներ է  ունենում, խնդրի պատճառը փորձում են փնտրել ընտանիքի ավագ անդամների շրջանում, 3-5 տոկոս դեպքերում է միայն, որ խնդիրն իսկապես երեխայինն է լինում:

 

Գլոբալիզացիան նույնպես իր դերն ունեցել է այս գործում: Ներկայումս երիտասարդներն ավելի համարձակ են չլռելու և չհանդուրժելու հարցում: Հոգեբանը պատմեց, որ երբ ԱՄՆ-ում է ապրելիս եղել, հայ ընտանիքները խնդիր ունենալու դեպքում դիմել են հենց իրեն` վստահ լինելով, որ հայ հոգեբանն ավելի ճիշտ կհասկանա խնդիրը:

 

Խաչիկ Գասպարյանն էլ իր հերթին է զարմացել, երբ ծանոթացել է ամերիկացի հոգեբանների աշխատաոճին նման դեպքերում: Մեկ-երկու անգամ ամուսինը ուշ է տուն գալիս, վիճում են… Եվ հոգեբանը, որը, սովորանբար, պասիվ դերում է լինում, մղում է նրան դեպի ամուսնալուծության գործընթաց` ասելով, թե պետք է պաշտպանի իր «ես»-ը, անձնական կյանքը և այլն: