Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին տարիներին ամուսնալուծությունների թվի կայուն աճ է նկատվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ Արգամ Ստեփանյանը: «Եթե անցած տարի գրանցվել է թվով 3900 ամուսնալուծություն, ապա այս տարի դրանց թիվը 4600-ն է, որը 15 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը»,- ասաց նա:
Ամուսնալուծության պատճառների մասին խոսելով` փաստաբան Լիանա Բալյանը նշեց, որ դրանք կարող են լինել արևմտյան բարքերի, սոցցանցերի, հեռուստասերիալների ազդեցության հետևանքով: «Ամուսնալուծության համար մեզ ամենից հաճախ դիմում են 90-ական թվականների ներկայացուցիչները: Նոր սերունդը բավական թեթև է վերաբերվում բաժանությանը, իսկ առավել դժվար որոշում են կայացնում մարդիկ, ովքեր 20-30 տարի և ավելի ամուսնացած են, ընտանեկան արժեքները նրանց մոտ ամուր հիմքի վրա են գտնվում»,- ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ 2014-ի օգոստոսին հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով ՀՀ նախագահին և արդարադատության նախարարությանը՝ ամուսնալուծության գործընթացում ներգրավել հոգեբանի` որպես երրորդ անձ, քանի որ շատ հաճախ հոգեբանի հետ խորհրդատվությունները հարթում են կոնֆլիկտային իրավիճակները և փրկում ամուսնությունը:
Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք Հայաստանում ընդունված է կնքել ամուսնական պայմանագրեր` ամուսնալուծության դեպքում գույքային և այլ վեճերից խուսափելու համար, Լիանա Բալյանը պատասխանեց, որ ամուսնաընտանեկան օրենսգրքի 27-րդ հոդվածը նախատեսված է` կարգավորելու նման հարցերը, այսինքն` ամուսինները կարող են կնքել պայմանագիր, բայց հայկական մենթալիտետի պատճառով զույգերը չեն գնում նման քայլի, որը նրանց կօգներ հետագայում կոնֆլիկտային իրավիճակներից խուսափել:
Հոգեբան Իրինա Ծատուրյանն էլ նշեց, որ իր պրակտիկայում հանդիպել է շատ զույգերի, որոնց հետ տարած հոգեբանական աշխատանքից հետո նրանք հրաժարվել են ամուսնալուծվելու մտքից, և միայն զույգերի 5 տոկոսն է, որ գնացել է այդ քայլին:
Հոգեբանը նաև հավելեց, որ ամուսնալուծության պատճառները շատ բազմազան կարող են լինել` արտագնա աշխատանք, կախվածություններ, զույգերից մեկի սեռական կողմնորոշում, որը քիչ հանդիպող, բայց լուրջ խնդիր է: Կան նաև միայն մեր տարածաշրջանին բնորոշ պատճառներ, որոնցից մեկն էլ ծնողների միջամտությունն է ամուսնական ինստիտուտի ձևավորմանը: