կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-18 17:47
Առանց Կատեգորիա

Լավրովը ղարաբաղյան աքցանի մեջ է առնում Ադրբեջանին

Լավրովը ղարաբաղյան աքցանի մեջ է առնում Ադրբեջանին

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջան կատարած այցի շրջանակում այսօր Բաքվում ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության և ԼՂ հիմնահարցի հետ դրա առնչության վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է, որ այս ամսվա վերջին նախատեսվում է Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին, և որ ԼՂ խնդիրը միջազգային իրավունքի այլ սուբյեկտ է:

 

«Գիտեք, որ հայկական կողմն արդեն հայտարարել է, որ Հայաստանը կանդամակցի ԵՏՄ-ին այն սահմաններով, որով անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին, այդ թվում` ԱՀԿ-ին: ԵՏՄ-ին անդամակցելը և ԼՂ հակամարտության լուծումը միանգամայն այլ հարցեր են»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:

 

Ըստ էության` առաջին անգամ Մոսկվան պաշտոնական մակարդակով հստակ դիրքորոշում է արտահայտում մի հարցի վերաբերյալ, որից համառորեն խուսափում էր: Այդ դիրքորոշումից կարելի է կատարել միանգամից մի քանի եզրակացություն:

 

Առաջին` ըստ էության` Հայաստանի անդամակցության հարցը վերջնականապես լուծված է, և, ամենայն հավանականությամբ, դա տեղի կունենա այս ամսվա վերջին: Հնարավոր չէ պատկերացնել, որ ՌԴ արտգործնախարարը կոնկրետ վերջնաժամկետների մասին կարող է խոսել` առանց այդ մասին հստակ ու վերջնական քաղաքական որոշման առկայության: Դրա մասին էր վկայում նաև երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում նախագահ Սերժ Սարգսյանի` ոչ պակաս հստակ և միանշանակ հայտարարությունը. «Ինձ համար կարծեք թե այս հարցը սպառված էր, և ես զարմանում եմ, որ մենք դեռևս շարունակում ենք այն քննարկել: Բովանդակային առումով ամեն ինչ իսկապես վերջացած է և շատ պարզ: Այո, Հաայստանն անդամակցելու է ՄՄ-ին` իր իսկ կողմից ճանաչած սահմաններով, այնպես, ինչպես ՀՀ-ն այս 23 տարիների ընթացքում անդամակցել է մնացած բոլոր միջազգային կառույցներին»:

 

Միակ հարցը, որ մնում է անորոշ, այն է, որ եթե ՀՀ նախագահը խոսում է Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու մասին, ՌԴ արտգործնախարարն ակնարկում է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին: Եվ հիմա պարզ չէ, թե Հայաստանի համար այս կառույցներից որում է տեղ բացվում:

 

Երկրորդ` Լեռնային Ղարաբաղը, ֆորմալ առումով, չի լինելու ԵՏՄ-ի մաս, և այս հարցը ևս վերջնականապես լուծված է: Սերգեյ Լավրովը հստակ խոսում է ԼՂ հակամարտության` միջազգային իրավունքի այլ սուբյեկտի լինելու մասին, իսկ Սերժ Սարգսյանը` ԼՂՀ-ից Հայաստանի դե յուրե սահմանազատմամբ` հայկական երկրորդ պետության անկախությունը փաստացի ճանաչելու: Ահա, թե այս միտքն ինչպես է արտահայտում Սերժ Սարգսյանը. «Ճշմարտություն է նաև այն, որ ՀՀ-ն ունի առանձնահատուկ հարաբերություններ երկրորդ հայկական հանրապետության` ԼՂՀ-ի հետ: Եվ կասկածի տակ առնել այն հանգամանքը, որ ԼՂՀ-ն անկախ հանրապետություն է, սխալ է»:

 

Ողջ հարցը մնում է այն, թե արդյո՞ք սա նշանակելու է, որ Հայաստանի և ԼՂՀ-ի միջև դրվելու են մաքսակետեր և, եթե դրվելու են, ապա ԵՏՄ-ՄՄ-ի և ԼՂՀ-ի՞, թե՞ ԵՏՄ-ՄՄ-ի ու Ադրբեջանի մաս կազմող ԼՂ-ի միջև: Լավրովը դիվանագիտորեն խուսանավում է այս թեման շոշափելուց, ինչից կարելի է միայն ենթադրել, որ այդ հարցի վրա պարզապես աչք է փակվելու: Մանավանդ, որ Լավրովը տեղի ուենցողը համեմատում է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հետ, որը ևս փաստացի աչք է փակել, հակամարտության չկարգավորվածությամբ պայմանավորված, սահմանային անորոշության վրա:

 

Երրորդ` բաց տեքստով հենց Բաքվում նման հայտարարություններ անելը չի կարող զուտ պատահականություն լինել: Եթե ավելի պարզ ներկայացնելու լինենք Լավրովի հայտարարության իմաստը, ապա նա, ըստ էության, Բաքվին կանգնեցնում է այն փաստի առաջ, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը չպետք է դիտարկել ԼՂ հիմնահարցի կարգավորման ինչ-որ եղանակ, այսինքն` հույս ունենալ, որ եթե Հայաստանը սահմանազատվում է ԼՂՀ-ից, ապա դա նշանակում է, որ ԵՏՄ անդամ երկրները ճանաչում են ԼՂ-ն` որպես Ադրբեջանի մաս: Ավելին` Լավրովը հղում է կատարել ԵԱՀԿ ՄԽ-ին և դրա շրջանակում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը` փաստացի հասկացնելով, որ հարցի լուծումը շարունակելու է մնալ հենց այդ ձևաչափի շրջանակում:

 

Այս հանգամանքը կարելի է դիտարկել որպես Մոսկվայի կողմից Ադրբեջանի նկատմամբ որոշակի ճնշում գործադրելու միջոց: Լավրովը, փաստորեն, ներկայացնում է այն հեռանկարը, թե ինչ կարող է լինել, եթե Ադրբեջանը շարունակի մերժել ռուսական եվրասիաինտեգրացիոն նախագծերում չներգրավվելու` իրեն արվող անուղղակի առաջարկությունները: Հետևաբար, եթե Բաքուն ուզում է ԵՏՄ-ն դիտարկել որպես այդ հարցի լուծման և Հայաստանին ինչ-որ բան պարտադրելու հարթակ, ապա պետք է անմիջականորեն մասնակցություն ունենա դրանում:

 

Մոսկվան, փաստորեն, ԼՂ հիմնահարցը փորձում է օգտագործել որպես երկսայրի սուր, որը պետք է միաժամանակ աշխատի թե' Ադրբեջանի և թե' Հայաստանի դեմ` ըստ անհրաժեշտության և նպատակահարմարության: Այնքանով, որքանով Հայաստանը մտել է պրոցեսի մեջ, իսկ Ադրբեջանը` ոչ, որին ԵՏՄ բերման ենթարկելու հարցում Մոսկվան շահագրգիռ է գուցե քառակի անգամ ավելի շատ, այս սուրը հիմա աշխատեցվում է Բաքվի դեմ:

 

Եվ Սերժ Սարգսյանի` առավել քան նկատելի ինքնավստահությունը, որ նա արտահայտում էր` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ակնկալվող արդյունքների մասին խոսելով, թույլ է տալիս եզրակացնել, որ պաշտոնական Երևանը հավատում է այն հեռանկարին, թե ԵՏՄ-ն միշտ, այլ ոչ թե ըստ իրավիճակների և ըստ Մոսկվայի քաղաքական շահագրգռությունների է աշխատելու ԼՂՀ-ի անկախության կամ առնվազն ներկա ստատուս քվոն պահպանելու օգտին:

 

Գևորգ Դարբինյան