կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-09 12:04
Իրավական

Դսեղի անտառտնտեսության տնօրենն ու անտառապետերը կաշառք են ստացել ապօրինի ծառահատումների դիմաց

Դսեղի անտառտնտեսության տնօրենն ու անտառապետերը կաշառք են ստացել ապօրինի ծառահատումների դիմաց

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Տիգրան Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2010-ի մարտից մինչև 2013-ի մայիսն ընկած ժամանակահատվածում աշխատելով ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Լոռու տարածքային բաժնում` իր աշխատանքային պարտականությունների կատարման ընթացքում Դսեղի անտառտնտեսության տնօրեն Վահե Ք.-ից, անտառապետեր Գարիկ Պ.-ից, Սամվել Վ.-ից և Թովմա Մ.-ից տեղեկություններ է ստացել, որ յուրաքանչյուր տարի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը Դսեղի անտառտնտեսությանը տվել է 5000մ3 փայտանյութի հատման թույլտվություն սանիտարական և անցումային հատումների համար, սակայն անտառապետերի կողմից հատվել և վաճառվել է ավելի շատ քանակությամբ փայտանյութ:

 

Ապօրինի ծառահատումներից հետո փայտանյութը տեղափոխող յուրաքանչյուր ավտոմեքենայի վարորդ ապօրինի գումարներ է վճարել անտառապետերին: ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության այն բաժինների պետերին, որոնց վարչական տարածքով անցել են փայտ տեղափոխող մեքենաները, անտառապետերը վերը հիշատակված գումարներից մասնաբաժին են տվել:

 

Կալանավոր Տիգրան Մ.-ն նշել է նաև, որ մնացած գումարները բաժանվել են անտառապետերի և անտառտնտեսության տնօրենի միջև, իսկ ոստիկանության բաժինների պետերն իրենց բաժին հասած գումարներից մասնաբաժին են տվել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետին և մարզի դատախազին: Կատարվում է նախաքննություն: