կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-01 12:29
Քաղաքական

Մեղք են էս ժողովուրդը, եկեք` էս անգամ ժողովրդի սրտով անենք. Սեյրան Սարոյանը խոսեց ԱԺ նիստում

Մեղք են էս ժողովուրդը, եկեք` էս անգամ ժողովրդի սրտով անենք. Սեյրան Սարոյանը խոսեց ԱԺ նիստում

Այսօր ԱԺ նիստում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարությամբ ելույթ ունեցավ` ասելով, որ ոչ իշխանական ուժերը քիչ առաջ նիստ են հրավիրել «Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և առաջարկում են ԱԺ նախագահին` քննարկում կազմակերպել:

 

«Կարծում եմ` հարցը չպետք է քաղաքականացենք ու կուսակցականացնենք, որովհետև այսօրվանից օրենքը պետք է սկսի գործել: Որևէ կուսակցություն քաղաքական դիվիդենդներ չպետք է ակնկալի: Պետք է հրատապ լուծում տրվի այս հարցին»,- ասաց պատգամավորը:

 

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշեց. «Շատ հետաքրքիր եռյակ-քառյակ է ձևավորվել: Երկու օր առաջ մենք ենք ասել` եկեք հավաքվենք ու համատեղ որոշենք: Մի մասը եկավ, մի մասը չեկավ, դուք գնացիք արտահերթ նիստի ճանապարհով: Մեր փոխարեն հիմա դուք եք առաջարկում քննարկում: Ի՞նչ պատահեց, որ դուք եք առաջարկում: Մենք դեմ չենք, պարզապես մենք էինք դա առաջարկել: Ուզում եք լավամարդ լինել, իբր դուք եք ուզում քննարկել, իսկ մենք չենք ուզում»:

 

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը նշեց, որ հարցը տնտեսական բնույթի է, պետք չէ այն քաղաքականացնել, այլ հարկավոր է կազմակերպել քննարկում հանձնաժողովում:

 

ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը նշեց, որ երբ երեկ ինքը հանդիպել է ցուցարարների հետ, նրանք ասել են, որ վարչապետն է իրենց ուղղորդել ԱԺ, որովհետև ԱԺ-ն պետք է այդ հարցը լուծի, ուստի ԱԺ-ի հեղինակությունը բարձր պահելու համար պետք է կազմակերպել այդ քննարկումը: Պատգամավորը դիմեց ՀՀԿ-ականներին. «Արտահերթ նիստը դրա համար է, որ քննարկեինք: Բա գայիք, ու թող նիստը կայանար: Եթե` ոչ, ուրեմն այդ նիստերն ավելորդ են: Հրատապն այն է, որ հազարավոր մարդիկ ճաղերից այն կողմ կանգնած են»,- ասաց նա:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ժամը 13: 30-ին հրավիրում է խմբակցության ներկայացուցիչներին իր մոտ`  խորհրդակցության: «Կարծում եմ` կառավարությունն էլ այդ հարցը կքննարկի, և այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամին կարող եք դիմել կառավարության ներկայացուցիչներին»,- ասաց նա:

 

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց. «Խոսքը նրա մասին է, որ այսօր է ուժի մեջ մտնում օրենքը, և ՓՄՁ-ները տասը օրվա ընթացքում պետք է գույքագրում անեն, ինչը հսկայական ու բարդ աշխատանք է նրանց համար, ուստի արտահերթ նիստի հրավիրման և դրան քաղաքական մեծամասնության չմասնակցելը այլ հարթության մեջ պետք է քննարկել»:

 

Խոսեց նաև ՀՀԿ-ական պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը. «Արեք էլ չքննարկենք, էլ ի՞նչ պետք է քննարկենք: Էն ա` սաղիս մտքին կա: Հլը մի տասը օր պիտի քննարկենք, քսան օր քվեարկենք... Մեղք են էս ժողովուրդը: Արեք` էս անգամ ժողովրդի սրտով անենք»:

 

Նիստերի դահլիճում աշխուժություն սկսվեց: Գալուստ Սահակյանը հայտարարեց. «Եկեք` անցնենք առաջ, միտինգի մի' վերածեք, ստիպված ենք հանդարտեցնել կրքերը»:

 

Ձայնագրման սարքավորումներում տեխնիկական խոտան գրանցվեց, ինչի պատճառով ՕԵԿ խմբակցությունը 20 րոպե ընդմիջում վերցրեց: