կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-26 13:13
Իրավական

«Ոսկե բանալի»՝ Yerkir.am-ին

«Ոսկե բանալի»՝ Yerkir.am-ին

Այսօր` սեպտեմբերի 26-ին, Տեղեկատվության ազատության միջազգային օրը նշանավորելու համար արդեն 12-րդ անգամ անցկացվեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխությունը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Թրայան Հրիսթեանը, պետական գերատեսչությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր ելույթում կարևորեց նման մրցանակաբաշխության անցկացումը, հատկապես`      երկրում ժողովրդավարության ամրապնդման և քաղաքացիական հասարակության ձևավորման համատեքստում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործադիրը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման խնդիրը: «Մեր երկրում տեղեկատվության ազատությունը երաշխավորված է օրենքով, և մենք հետևողական ջանքեր ենք գործադրելու, որպեսզի ապահովվի կառավարման համակարգի թափանցիկությունը»,- ընդգծեց վարչապետը:

 

Նշենք, որ մրցանակակիրներն ընտրվել էին ոլորտում գործող 7 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված անկախ ժյուրիի կողմից՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Մրցանակաբաշխության դրական մրցանակը՝ «Ոսկե բանալին»՝ որպես բաց և հրապարակային աշխատանքի խորհրդանիշ, շնորհվեց մի շարք անձանց և կազմակերպությունների:

 

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական ինքնակառավարման մարմին ճանաչվեց Արմավիրի մարզպետարանը:

 

Տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց ՀՀ ոստիկանության` www.police.am կայքը:

 

ԲԿԳ հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույնս իրականացնելու համար հատուկ մրցանակ շնորհվեց ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը,  իսկ տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս օգտագործած ՀԿ ճանաչվեց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն:

 

Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողականորեն լուսաբանած լրատվամիջոց ճանաչվեց Հայաստանի հանրային ռադիոն:

 

Իսկ տեղեկատվության ազատության իրավունքը լավագույնս օգտագործած լրատվամիջոց ճանաչվեց Yerkir.am- ը՝ ստանալով «Ոսկե բանալի»: Մրցանակը yerkir.am կայքի գլխավոր խմբագիր Ագնեսա Խամոյանին հանձնեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ժողովրդավարացման բաժնի ղեկավար Օլիվեր Մակքոյը:

 

Կայքի գլխավոր խմբագիրն իր խոսքում նշեց, որ նման մրցանակը և' հաճելի է, և' պարտավորեցնող: Նա շնորհակալություն հայտնեց կայքի աշխատանքը գնահատելու համար և հույս հայտնեց, որ պետական գերատեսչությունները կգործեն ավելի թափանցիկ և օրենքով սահմանված կարգով կպատասխանեն լրատվամիջոցների հարցումներին:

 

Տեղեկություն ստանալու իրավունքը լավագույնս կիրառած փաստաբան ճանաչվեց Կարեն Մեջլումյանը:

 

Իսկ մրցանակաբաշխության բացասական խորհրդանիշը՝ «Ժանգոտ կողպեքը», որպես փակ աշխատանքի խորհրդանիշ, տրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին՝ որպես ՏԱ տեսանկյունից ամենազավեշտալի պատասխանի հեղինակ-գերատեսչություն:

 

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն էլ ճանաչվեց որպես քաղաքացիների հարցումներին ամենադանդաղը պատասխանող մարմին: