կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-03 17:42
Առանց Կատեգորիա

Ծառուկյանը իշխանափոխության «թայմ աութ» է վերցնում

Ծառուկյանը իշխանափոխության «թայմ աութ» է վերցնում

Սերժ Սարգսյանի կողմից սահմանադրական փոփոխությունների` իրեն ներկայացված հայեցակարգի մասին դիրքորոշում հայտնելու համար մինչև 2015թ. փետրվար-մարտ ամիսը ժամանակ վերցնելը սահմանադրական փոփոխություններ անցկացնելու որոշումը փոխելու հնարավորության, ըստ այդմ` նաև ԲՀԿ-ի հետ բանակցություններ սկսելու պատուհան թողնելու կիսաբաց ակնարկ էր:

 

Մյուս կողմից, սակայն, հաշվի առնելով, որ եռյակն իր պայքարը կառուցում է այդ փոփոխությունների կասեցման նպատակադրման վրա, հարցը ժամանակավորապես օրակարգից հանելով` նրան քաղաքական վակուումի մեջ դնելն էր: Հաշվարկն այն է, որ նման վիճակը սրելու և առավել արտահայտիչ է դարձնելու եռյակի ներսում առկա մարտավարական, գաղափարական հակասությունները:

 

Եթե դրանք նույնիսկ չհանգեցնեն եռյակի ձևաչափի և շարժման տապալմանը, գոնե զգալիորեն կթուլացնեն այն` հարուցելով լիդերների նկատմամբ հասարակության անվստահությունն ու հիասթափությունը: Չի կարելի բացառել, որ Սերժ Սարգսյանն իր հիմնական հաղթաթուղթն է համարում նախագահական աթոռի համար ԲՀԿ-ի և նրա լիդերի սկսած պայքարի ժամանակավրեպությունը, այսպես կոչված` «ֆալստարտ» վերցրած լինելու հանգամանքը, քանի որ Ծառուկյանը գրեթե չի թաքցնում, որ անգամ արտահերթ ընտրությունների պահանջ ներկայացնելու և հասարակությանը մոբիլիզացնելու ջանքերն ուղղված են հերթական ընտրություններին:

 

Եվ ահա իշխանության այս քայլին ԲՀԿ-ն պատասխանեց... համաժողովրդական շարժման շտաբներ ստեղծելու մտադրության մասին հայտարարությամբ: Առաջին հայացքից թվում է, թե սա հեղափոխական տրամադրությունները ընդհուպ կրիտիկական վիճակի թեժացնելուն ուղղված կարևոր քայլ է, մանավանդ, երբ Ծառուկյանը հանրահավաքից հետո zham.am-ին տված հարցազրույցում ասաց, որ շտաբների ստեղծման նպատակներից մեկը անհրաժեշտ պահին հասարակությանը արագ ոտքի հանելու և հանրապետության ողջ տարածքում համաժամանակյա բողոքի ակցիաներ սկսելու նախադրյալների ապահովումն է:

 

Իրականում, սակայն, այս նախաձեռնությունն ուղղված է մարտավարական բոլորովին այլ խնդիր լուծելուն: ԲՀԿ քաղաքական թևը ներկայացնող ակտիվ պատգամավորներից մեկը` Ստեփան Մարգարյանը, օրեր առաջ հայտարարեց, թե իրենց համար առաջնահերթը հենց շտաբների ձևավորումն է հանրապետության ողջ տարածքում: «Եթե մենք արագ չձևավորենք սրանք, հնարավոր չի լինի առաջ գնալ: Շարժումը Ազատության հրապարակից պետք է տեղափոխվի, ընդգրկի նաև ողջ երկիրը: Շարժումը միայն Ազատության հրապարակում չի լինում: Բողոքի կամ պահանջների ակցիաները միայն Ազատության հրապարակով չեն պարփակվելու: Դրանք պետք է տարածվեն ամենուրեք: Ամենուրեք տարածվելու պարագայում է միայն հնարավոր է իշխանություններին պարտադրել` անել այդ քայլերը»,- ասել է Մարգարյանը:

 

Մինչդեռ, ինչպես հայտնի է, Ծառուկյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքում հայտարարել էր, թե առաջնահերթը պետք է լինի հասարակական ճնշման ազդեցությամբ իշխանությանը Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելուն հարկադրելը: Այլ կերպ ասած` հանրահավաքից հետո ԲՀԿ-ն փոխեց իր առաջնահերթությունը` առաջիկա պրոցեսների մեխը դարձնելով հենց շտաբների ձևավորումը: Իսկ ինչ է դա իրենից ներկայացնում, կամ ո՞րն է դրա քաղաքական «արժեքը»:

 

Շտաբները իրականում շարժմանը, դրա ծավալմանը` կազմակերպական և բովանդակային առումով, ոչինչ չեն տալու կամ, ավելի ճիշտ, ոչինչ չեն ավելացնելու այն ռեսուրսին, որն այսօր առանց դրանց էլ ունի ԲՀԿ-ն: Խնդիրն այն է, դրանց վրա դրվելիք առաքելությունը առանց խոչընդոտների կարող են հանգիստ կատարել ՀԱԿ-ի, ԺԿ-ի և հատկապես ԲՀԿ-ի տարածքային գրասենյակները, որոնք կան հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում: Պարզ է, որ շտաբները ստեղծվելու են հենց այդ գրասենյակների, կառույցների հենքի, մարդկային ռեսուրսի վրա: Կազմակերպական նոր կենտրոններ ստեղծելու անհրաժեշտությունը, ըստ այդմ, բացարձակապես պայմանավորված չէ շարժմանը նոր խթան հաղորդելու հանգամանքով:

 

Մինչդեռ շտաբների ձևավորումը ժամանակ է պահանջում, և հենց այդ ժամանակն է, որ անհրաժեշտ է Ծառուկյանին: Այսինքն` իրականում շտաբների ձևավորումը հիանալի պատրվակ է շարժումը, պրոցեսը ձգձգելու համար: Ընդ որում` այնքան, ինչքան պետք կլինի ԲՀԿ-ին: Այս իմաստով ուշագրավ էր հատկապես իրողությունը, որ ո'չ ԲՀԿ նախագահը, ո'չ էլ շարքային անդամները, առավել ևս` ՀԱԿ-ը կամ ԺԿ-ն, այդպես էլ չեն հստակեցնում, թե ինչքան է տևելու շտաբներ ստեղծելու պրոցեսը: Սա առնվազն կասկածելի է թվում եռյակի կողմից արվող այն պնդումների, տված այն գնահատականների ֆոնին, թե երկրում հասարակական, սոցիալ-տնտեսական վիճակն օրհասական է ,և օր առաջ փոփոխություններ են անհրաժեշտ: Այսինքն` մի կողմից արագ փոփոխությունների պահանջ է դրվում, իսկ մյուս կողմից` ԲՀԿ-ն իր ռեսուրսները, քաղաքական պրոցեսի ուղղվածությունը շեղում է դեպի շտաբների ձևավորումը:

 

Եվ չի բացառվում, որ այսպիսի կուրսն ընտրվել է պրոցեսը ընդհուպ մինչև սահմանադրական փոփոխությունների հայցեակարգի մասին կարծիքը վերջնականապես հստակեցնելու համար Սերժ Սարգսյանի վերցրած ժամկետի ավարտը ձգձգելը: Այսինքն` ինչպես Սերժ Սարգսյանը «թայմ աութ» վերցրեց` քաղաքական նկատառումներով, այնպես էլ դադար է վերցնում Գագիկ Ծառուկյանը, որով փորձում է ցույց տալ, որ հասկացել է նախագահի մտադրությունը, բայց ելակետը շարունակելու է համարել, սահմանադրական փոփոխությունների հետ կապված, Սերժ Սարգսյանի հետագա պլանների կոնկրետացումը: Սա նաև նշանակում է, որ ԲՀԿ-ն առնվազն չի մերժում իշխանության հետագա վերաձևման շուրջ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններ վարելու հնարավորությունը:

 

Իսկ դա արդեն խախտում է Լևոն-Տեր Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի կարճաժամկետ պլանները, որոնք, առնվազն մինչև մյուս փետրվար կամ մարտ ամիսը հայտնվում են դիտորդի կարգավիճակում` սպասելով, թե ինչպես կհանգուցալուծվի Սարգսյան-Ծառուկյան կամ գուցե նաև Սարգսյան-Քոչարյան «մուկնուկատուն»:

 

Եթե քայլերի սինխրոնիզացման այս մոդելն է ընկած ներկայիս քաղաքական պրոցեսների հիմքում, ապա պետք է ենթադրել, որ կա'մ այս ընթացքում հանրահավաքներ չեն լինի, կա'մ դրանք կլինեն ուղղակի հանրահավաքներ` հասարակական տրամադրությունների «տաքությունը», էներգետիկան պահպանելու համար: Կլինեն միջանկյալ ինչ-որ քայլեր, որոնք ժամանակ շահելու, իշխանության նկատմամբ ճնշումը որոշակիորեն մեծացնելու էֆեկտ կթողնեն` վերջինիս մանևրի հնարավորությունները սահմանափակելու համար:

 

Սակայն ուղղորդիչ, սկզբունքային որոշումներ այդ ընթացքում դժվար թե կայացվեն: Բայց նույնիսկ դա եռյակի համար չափազանց դժվար կլինի իրականացնել, քանի որ բնականորեն ի հայտ է գալու հանրահավաքներին ինչ-որ բովանդակություն հաղորդելու, ասելիք փոխանցելու և դրանց միջոցով զանգվածի մոտիվացվածությունը պահելու խնդիր: Առավել ևս, երբ խոսքը վերաբերում է հասարակական մի ստվար զանգվածի, որը ոչ թե մանևրներ է սպասում շարժման առաջնորդներից, այլ արագ գործողություններ՝ «հիմա»-ի տրամաբանությամբ: Եվ բոլորովին պատահական չէ, որ չնայած հոկտեմբերի 24-ից գրեթե մեկուկես շաբաթ է անցել, սակայն, բացի շտաբներ ձևավորելուց, այլ ասելիքների մասին եռյակը հայտարարություն չի անում: Նույնիսկ չի պարզաբանվում` նոր հանրահավաք լինելո՞ւ է արդյոք, եթե լինելու է, ապա ե՞րբ, և առհասարակ, ի՞նչ գործողություններ են հաջորդելու վերջին հանրահավաքին: Պատճառը թերևս այն մտավախությունն է, որ առաջացած վակուումի պայմաններում, երբ չկա նոր ասելիք, երբ շարժման առաջնորդը գործնականում ասել է այն առավելագույնը, ինչ կարող էր ասել, նոր հանրահավաքներն ի ցույց են դնելու այդ բովանդակային դատարկությունը, դրա ֆոնին ավելի ու ավելի ակնառու դարձող մարտավարական հակասություններն ու եռյակում ընթացող ներքին դիրքային պայքարը: 

 

Գեւորգ Աղաբաբյան