կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-30 12:23
Քաղաքական

Ծառուկյանը կողմ է խաղաղ, անցնցում իշխանափոխության. հարցազրույց

Ծառուկյանը կողմ է խաղաղ, անցնցում իշխանափոխության. հարցազրույց

Ներկայացնում ենք հատված ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` Zham.am-ին տված հարցազրույցից:

 

- Հոկտեմբերի 24-ի հանրահավաքն ավարտվեց: Կյանքը մտավ բնականոն հուն՝ նույն խնդիրներով, նույն մթնոլորտում: Որո՞նք են Ձեր և Ձեր քաղաքական գործընկերների հաջորդ քայլերը: 

- Ես համամիտ չեմ այդ ձևակերպման հետ: Հոկտեմբերի 24-ից հետո մթնոլորտը փոխվել է: Վստահ եմ՝ իշխանությունները տեսան դժգոհության ալիքը և, հուսով եմ, հասկացան, որ հին մեթոդներն ու քայլերն իրենց արագորեն տանելու են փակուղի: Ժողովուրդը բարձրաձայնեց փոփոխությունների պահանջը: Փոփոխություններ բոլոր առումներով՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, երկրի մթնոլորտի:

 

Ինչո՞ւ չէ, մարդիկ ուզում են նոր քաղաքական դեմքերով և նոր քաղաքական ուժերով իշխանություն: Համաժողովրդական ճնշումը պետք է է՛լ ավելի մեծացվի, և ընդհանրապես, առանց ժողովրդի համաձայնության ոչինչ մեր երկրում անել թույլ չենք տալու: Զուտ վերարտադրության համար սահմանադրական փոփոխություններ անել, այսինքն՝ նույն դեմքերով ու նույն մեթոդներով ևս 10 տարի կառավարել չի՛ ստացվելու: Դա ոչ թե իմ և քաղաքական ուժերի տեսակետն է, նույնիսկ ոչ թե ժողովրդի պահանջն է, այլ՝ բնության օրենքն է: Նման տապալումների և հետընթացի պարագայում ամբողջ աշխարհում իշխանությունները փոխվում են, ոչ թե վերարտադրվում: Մենք իրոք կողմ ենք խաղաղ, անցնցում իշխանափոխության: 

 

- Պարոն Ծառուկյան, նույնիսկ Ձեր ընդդիմախոսներից շատերն են ընդունում, որ այս շտաբերի ձևավորման գաղափարն իրոք գրագետ և ճիշտ հաշվարկված քայլ էր: Բայց լինենք անկեղծ. որոշ մարդիկ՝ տարբեր շրջանակներից, ասում են, որ Դուք չեք գնա մինչև վերջ, և կարող են լինել որոշակի պայմանավորվածություններ և Ձեզ կաշկանդող հանգամանքներ: 

- Ես տեղյակ եմ, ես գիտեմ՝ ովքեր են այդ մարդիկ, և ո՛ր շրջանակների պատվերն են կատարում: Այս ձեռագիրը նորություն չէ: Բայց եկեք մի փոքր հետ նայենք: Ես դեռևս 2009-ին էի ասում, որ տնտեսական քաղաքականության մեջ կոպիտ սխալներ կան: 2012-ի խորհրդարանական ընտրություններից հետո, հավաքելով մոտ կես միլիոն ձայն, Բարգավաճ Հայաստանը հրաժարվեց մաս կազմել իշխանական կոալիցիային: Դա իմ սկզբունքային և, վստահաբար կարող եմ ասել, ամենաճիշտ որոշումներից մեկն էր: Մեզ առաջարկվում էին բազմաթիվ պաշտոններ, բայց ոչ՝ սեփական ծրագրերով և մոտեցումներով երկրում իրավիճակ փոխելու հնարավորություն: Ես այն ժամանակ հայտարարեցի, որ իմ խնդիրը պաշտոնները չեն: Իմ խնդիրը պետությանը և ժողովրդին օգտակար լինելն է: Հոկտեմբերի 24-ի հանրահավաքում ես ասացի, որ ոմանք ինձ հարցնում են, թե՝ Ծառուկյան, քո՞ ինչին է պետք: Իրոք, ինձ անձամբ ինչո՞ւ է պետք:

Ինքնահաստատվելո՞ւ, փառքի՞, փող աշխատելու համա՞ր: Ի՞նչ մասնավոր խնդիր եմ ես լուծում: Ոչ մի՛: Բայց ես չեմ կարող լինել անտարբեր, երբ իմ աչքի առաջ Հայաստանը թուլանում է, ժողովուրդը հուսալքվում, օր օրի հազարավոր մարդկանց բարեկեցությունն ընկնում է, փոքր ու միջին բիզնեսը բառիս բուն իմաստով ոչնչանում է, և երկիրը կանգնում է անդառնալի կորուստների առաջ: Ես այդ մարդը չեմ: Այնպես որ այդ հեքիաթը վաղուց արդեն սպառվել է, թե՝ մինչև ո՞ւր կգնա Ծառուկյանը: Ես հետդարձի ճանապարհ չունեմ: Ես գնալու եմ այնքան, մինչև Հայաստանում իրավիճակը փոխվի:

 

Մինչև մարդկանց խնդիրները սկսեն լուծվել, մինչև տնտեսությունը սկսի վերականգնվել, մինչև Հայաստանը նորից սկսի շնչել: Եվ ես ուրախ եմ, որ այս հարցում ունեմ քաղաքական գործընկերների և համախոհների հզոր բանակ և, ինչպես բոլորը տեսան, հսկայական համաժողովրդական աջակցություն: 

 

Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուրում: