Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր քառյակի նիստից հետո, երբ պարզ դարձավ, որ ՀՅԴ-ն չի մասնակցելու ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» քաղաքական ուժերի կողմից հրավիրված հանրահավաքին, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, արդյոք՞ ՀՅԴ-ն մտադիր է իշխանությունների հետ կոալիցիա կազմել , ասաց. «Մեր խնդիրը կոալիցիայի հետ կապված մենք հստակ հայտարարել ենք, դրանք 7 կետերն են, եթե այդ կետերի հետ լիարժեք ընդունելի համաձայնություն չլինի, մենք կոալիցիայի մաս կազմելու խնդիր չենք դրել և չենք դնելու»:
Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ սահմանադրական փոփոխություններով պայմանավորված կառավարման համակարգի փոփոխությունը 7 կետերից մեկն է եղել:
Բազմաթիվ հարցերում ՀՅԴ-ն լուրջ տարաձայնություններ ունի իշխանությունների հետ, և բնականաբար, անկախ ամեն ինչից, քանի դեռ շատ հարցեր չեն լուծվել, ՀՅԴ-ն մնում է ընդդիմադիր դաշտում:
Այն հարցին, հնարավոր՞ է, որ սահմանադրական փոփոխությունների հարցը պատճառ դառնա, որ ՀՅԴ-ն թողնի քառյակի ֆորմատը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ երեք ուժերի իրավունքն է շարունակել պայքարը հանրաքվեի դեմ, և այն նախագծի դեմ, որը կարող է ընդունելի լինել ՀՅԴ-ի համար, և ՀՅԴ-ն հարգանքով է մոտենալու այդ փաստին:
«Իրենք իրավունք ունեն քարոզել ժողովրդին իրենց տեսակետը, մենք էլ իրավունք ունենք քարոզելու մեր տեսակետը, թող հանրաքվեն որոշի, ում տեսակտն էր ճիշտ: Անկախ որևէ բանից, եթե հանրաքվեում հաստատվի նոր համակարգ, մենք ունենալու ենք նոր Հայաստան նոր համակարգում, այն ժամանակ տեսակետները բոլորովին կփոխվեն»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ քառյակի ուժերն ունեն բազմաթիվ հարցեր, որոնք կարող են համատեղ իրականացնել խորհրդարանում: Երեք ուժերը կարող են զբաղվել ընդդեմ սահմանադրական փոփոխություններին քարոզչությամբ, բայց քառյակը կշարունակի, օրինակ Նաիրիտ-ի հարցով պահանջել համատեղ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծում և այլն:
Արմեն Ռուստամյանը նշեց, որ մոտ ժամանակներս Դաշնակցությունը իշխանություններին կներկայացնի սահմանադրական փոփոխությունների փաթեթը :
«Մենք ներկայացնելու ենք մեր պահանջները ու ակնկալելու ենք դրա հետ կապված արձագանք: Հետո կորոշենք մեր հետագա քաղաքական մարտավարությունը, բայց դա կլինի հոկտեմբերի 15-ից հետո, դրա համար էինք ասում` եկեք սպասենք մինչև հոկտեմբերի 15-ը, բայց իրենք որոշեցին հանրահավաքը հոկտեմբերի 10-ին անել»,- ասաց պատգամավորը:
Այն հարցին, ի՞նչն էր պատճառը, որ երեք ուժերը որոշեցին չսպասել, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.
« Իրենք համարում են, որ ամեն ինչ պարզ է և որևէ խնդիր չունեն այս հարցի հետ կապված, և իրենք ամեն դեպքում դեմ են սահմանադրական փոփոխություններին, եթե ամեն դեպքում դեմ են, ինչու՞ սպասեն: Օրինակ, եթե պարզվի, որ Դաշնակցությունը կողմ է լինելու , եթե իր առաջարկներն ընդունվեն, ապա ՀՅԴ-ն և երեք ուժերը հայտնվելու են տարբեր դաշտերում: Իհարկե կար հնարավորություն, որ եթե իշխանությունը չընդունի ՀՅԴ առաջարկները, կարելի էր հոկտեմբերի 15 –ից հետո անել հանրահավաքը, և մենք խնդիր չէինք ունենա այդ հանրահավաքին միանալու, բայց իրենք նախընտրեցին, որքան հնարավոր է` շուտ անել հանրահավաքը, որովհետև ծրագիր կա, մարզային այցելություններ կան, հանրահավաքից հետո էլի քայլեր են նախատեսվում: Հետագայում, երբ մենք տեսնենք, որ մեր հարցերը սահմանադրական բարեփոխումների հետ կապված փակուղի մտավ, չստացվեց, բացարձակապես մեզ ոչինչ չի խանգարելու շարունակել համագործակցությունը նույն քառյակի մեջ»: