կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-04 15:35
Իրավական

Հովիկ Աբրահամյանը պաշտոնատար անձանց վիրավորելու դեպքում վարչական տույժը քիչ է համարում

Հովիկ Աբրահամյանը պաշտոնատար անձանց վիրավորելու դեպքում վարչական տույժը քիչ է համարում

Այսօր կառավարության նիստում, երբ ՀՀ արդարադատության նախարարը զեկուցում էր պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչներին վիրավորելու համար պատասխանատվության և այդ համատեքստում խոսքի ազատության մասին, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը սրտնեղեց` վարչապետին ասելով, որ կառավարության շենքի առջեւ միշտ  կանգնում է մի անձնավորություն, ով մեկ տարուց ավելի է` ամբողջ հասարակության աչքի առաջ անընդհատ իրեն և գիտության պետական կոմիտեի նախագահին հայհոյում է ամենավերջին խոսքերով:

 

«Բազմաթիվ անգամ մենք դիմել ենք տարբեր հնարավոր կառույցների, որ այդ մարդու դեմ միջոցներ ձեռնարկեն: Վերջերս նա դարձել է  անգամ ագրեսիվ և սպառնալիքներ է հնչեցնում: Եթե օրենքները կան, ապա ինչո՞ւ չեն պաշտպանում մեզ»,- բողոքեց ԳԱԱ նախագահը:

 

 ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նշեց, որ պաշտոնատար անձը նման դեպքերում պետք է դիմի դատարան` իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, և որպես պատասխանատվության միջոց` նախատեսված է թե' նյութական պատասխանատվություն, թե' բարոյական` ներողություն խնդրելու ձևով:

 

Հովիկ Աբրահամյանը հարցրեց. «Հիմա եթե պաշտանատար անձին հայհոյում են, դա խուլիգանություն չէ՞, դատարանն այս դեպքում ի՞նչ կարող է անել»:


Գևորգ Կոստանյանը պատասխանեց, որ խուլիգանությունը դա հասարակության նկատմամբ ակնհայտ արհամարհական վերաբերմունքն է, իսկ երբ անձին են հայհոյում, դա առանձին կոնցեպցիա է:

 

«Հիմա, որ պարոն Մարտիրոսյանին վիրավորել են, դիմի ոստիկանություն, ոստիկանությունը ի՞նչ պետք է անի»,- կրկին հարցրեց վարչապետը:

 

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ, Ռադիկ Մարտիրոսյանին վիրավորող անձի հետ կապված, ոստիկանությունը վարչական տուգանք է կիրառել, և դրանով սահմանափակվել են:

 

«Խոսքը 85 տարեկան մարդու մասին է, պետք չէ դրան պարզապես ուշադրություն դարձնել: Օրենքը տալիս է վարչական տուգանքի հնարավորություն, մենք դա արել ենք: Եթե բավարար չէ` կարող եք դիմել մեր դեմ դատարան»,- ասաց ոստիկանապետը:

 

Վարչապետը հարցրեց. «Հիմա վարչական տույժով բավարարվո՞ւմ են, ես այդ հարցի լուծումը չհասկանցա: Հը, պարո'ն Կոստանյան, Դուք խոսքերի հետևից մի ընկեք ու մեզ մի տարեք իրավական դաշտ: Պարոն Մարտիրոսյանը ակադեմիկոս մարդ է, և նրան հայհոյել են, մարդը ի՞նչ անի: Պարո'ն Մարտիրոսյան, դատարան դիմել եք՞: Ես, իրոք, չեմ հասկանում, որքան իրավաբան, այնքան էլ կարծիք»:


ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է և իր լուծումն է պահանջում, և կա մի ինստիտուտ, որի ներդրումը կարող է վերջ տալ թեմայի հետ կապված տարաձայնություններին, դա բարոյական վնասի հատուցման ինստիտուտն է: