Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ կառավարության նիստում պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հաստատմանը ներկայացրեց որոշման նախագիծ Հայաստանում գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման տրամադրման չափորոշիչները հաստատելու մասին:
Այդ որոշման 4-րդ կետում նշված չափորոշիչներին համապատասխանող՝ գրահրատարակչական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերին տրամադրվում է մեկ աշխատողի հաշվով` 6 - 8 քառ. մետր մակերեսով տարածք, 1 սենյակ` տնօրենի համար, 1 սենյակ /30-50 քառ. մետր մակերեսով/` որպես արխիվ-պահեստ, ինչպես նաև լրացուցիչ 1 սենյակ` պայմանագրային հիմունքներով աշխատողների համար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարակուսեց. «50 քառակուսի մետրը մի քիչ շատ չի՞ տնօրենի համար: Ինչի՞ համար է այդքան մեծ սենյակը»:
Արման Սահակյանը նշեց, որ ներկայումս Իսահակյան 28 շենքում տեղակայված են գրահրատարակիչներ, ըստ չափորոշիչների` բավական մեծ տարածություն են կորցնում նրանք, և այդ հարցը բարձրացրել են, քանի որ չեն կարողանում ունենալ պահեստային սենյակ և տնօրենի սենյակ:
«Հա, բայց 50 քմ-ն տնօրենի համար շատ մեծ է: Հիսուն քառակուսի, կարծում եմ, շատ մեծ է, 30-ից 40 է գրած, բայց 50 քմ-ն տնօրենն ի՞նչ պետք է անի, երեսունը բավական է, մնացածում աշխատողներին թող տեղ տան»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ ուսումնասիրել են խնդիրը, և իրականում դա տնօրենի սենյակ չէ, այն աշխատողների համար է: «Նրանք պայմանագրային մեծ թվով աշխատողներ են ներկայացնում, մեծ սենյակ է, որտեղ նստած են պայմանագրով աշխատող ձևավորողներ, խմբագիրներ»,- ասաց նա:
«Հա, ավելի լավ ա` գրեք` աշխատակիցների սենյակ, միանգամից հասկանանք»,- ասաց վարչապետը:
Որոշումը հաստատվեց: