կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-20 10:36
Քաղաքական

Հպարտ եմ, որ մեր նախագահը հանդիպմանը գնացել էր «երկաթե շերեփով». ԼՂՀ պաշտպանության նախարար

Հպարտ եմ, որ մեր նախագահը հանդիպմանը գնացել էր «երկաթե շերեփով». ԼՂՀ պաշտպանության նախարար
Հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին հակառակորդի կողմից կատարված դիվերսիոն ներթափանցման փորձերն ու սահմանային գծում ռազմական տեխնիկայի կուտակումները նպատակ ունեին ապակայունացնել իրավիճակն ու հոգեբանական ճնշում գործադրել մեր զինվորների վրա։ Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն՝ անդրադառնալով վերջին ժամանակահատվածիի սահմանային լարվածությանը։

 

«Ադրբեջանը պարզապես շանտաժի միջոցով փորձել է մեզ վիրտուալ վախեցնել՝  ռազմական տեխնիկան առաջ քաշելով` փորձելով հասկացնել, որ հենց վաղը սկսելու է պատերազմը։ Սակայն դա արդյունք չի տվել, քանի որ այդ շանտաժը կարճ է տևել, մեր գործողությունների արդյունքում արդեն օգոստոսի 5- ից հակառակորդը հետ է քաշել ուժերը»,-ասաց նա։

 

Իսկ թե որքան կտևի սահմանում տիրող խաղաղությունը հարցին նախարարը պատասխանեց.«Ամեն օր սպասում եմ պատերազմի։ Բանակի ամենօրվա գործունեությունն ուղղված է պատերազմին պատրաստ լինելուն»:

 

Հակոբյանի խոսքով՝ հուլիսի վերջի և օգոստոսի սկզբի հակառակորդի իրակացարած 7 դիվերսիոն գործողություններն իրականացրել են Ադրբեջանի հատուկ ստորբաժանման անդամները, որոնք պատրաստվել են Կիպրոսում։ Հիշեցնենք, որ այս ընթացքում հակառակորդը տվել է 36 զոհ: Այս թիվը հաստատեց նաև նախարարը՝ նշելով, որ կոնկրետ անուն-ազգանուններ կան։

 

Նշենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի շուրջ երեք անգամ ավելացել է հակառակորդի կողմից արձակված կրակոցների թիվը։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ եթե նախորդ տարվա այս ժամանակահատվածում հակառակորդն արձակել է 7560 կրակոց, ապա այս տարի այդ թիվը հասնում է 17903-ի:

 

«Մենք երբեք անիմաստ չենք կրակում` կրակում ենք այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը լինում է, և կրակելուց էլ փորձում ենք կրակել դիպուկ»,-ասաց նա։

 

Խոսելով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների` Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից, նախարարը նշեց.«Հպարտ եմ, որ մեր նախագահը հանդիպմանը գնացել էր «երկաթե շերեփով» և հպարտ եմ նրա համար, որ դա նաև մեր զինվորների շնորհիվ էր»:

 

Նախարարն անդրադարձավ նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին պարբերաբար զենք վաճառելուն։ Նա նշեց, որ թեև դա վատ է, սակայն դա իրեն չի վախեցնում։