Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական ընդդիմադիր Haqqin.az կայքը շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու հետ կապված իր խմբագրականում, խիստ քննադատության է ենթարկել բանակի ու երկրի ղեկավարությանը: Խմբագրականը ներկայացնում ենք ստորև.
«ԵԱՀԿ մշտադիտարկումը մարտական գործողությունների գոտում անցել է առանց միջադեպերի»,- ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության վերջին մամուլի հաղորդագրության մեջ։ Իսկ ադրբեջանական հանրությունը նորաթուխ նախարար Զաքիր Հասանովից բացատրություն է պահանջում ողբերգության վերաբերյալ, որը 11 զինծառայողի (ըստ ադրբեջանական կայքերի), իսկ գուցեև 14 ադրբեջանցի զինծառայողի (ըստ հայկական տվյալների) մահվան է հանգեցրել։
Զոհվել է բանակի գրեթե կես դասակ, իսկ ՊՆ-ն փորձում է համաքաղաքացիների, զինծառայողների ծնողների, ողջ երկրի համբերությունը։ Լռում են։ Ինչո՞ւ են զոհվել այդ զինվորները։ Նրանք զոհվել են հակառակորդի հարձակման ընթացքո՞ւմ, թե՞ դաշտում՝ հարձակման անցնելիս։ Ովքե՞ր են այդ զինվորները, հետախուզության զինծառայողնե՞ր, մոտոհրաձգային ուժե՞ր, թե՞ պայմանագրայիններ։ Ո՞վ է նրանց ուղարկել և ինչո՞ւ։ Արդյո՞ք նրանք իրոք զինված են եղել իսրայելյան արտադրության զենքերով, թե՞ այն լուսանկարները, որոնք հայտնվել են հայկական կայքերում կեղծիք են։
ՊՆ-ն հրաժարվում է պատասխանել հարցերին, իսկ դա խոսում է այն մասին, որ նորաթուխ նախարարը պարզապես ասելիք չունի։ Սակայն դատելով ամենից՝ մեր զինվորներն են հարձակման անցել, իսկ նրանց դիմավորել են փոխադարձ կրակով։
Զինվորական գործից քիչ թե շատ տեղյակ ցանկացած մեկը, կամ անգամ ռազմարվեստից հեռու մարդը գիտի, որ հարձակվող կողմն ավելի շատ զոհեր է տալիս, քան նա, ով ընդունում է հակառակորդի հարվածը։ Երեկ հայտնի դարձավ 2 հայ զինվորի մահվան մասին։ Այսօր հաղորդվեց ադրբեջանական կես դասակի զոհվելու մասին։ Արդյո՞ք 2 հայ Ռեմբոները հարված են հասցրել ադրբեջանական բանակի ամբողջ խմբի։
Դրան հավատալը դժվար է, այդպես չի լինում, և ոչ այն պատճառով, որ Հայաստանը Ռեմբո չունի, այլ, դատելով ամենից, ոչ պաշտոնական տվյալներով զինվորները ոչ թե զոհվել են նռնակի բեկորներից, այլ գնդակից։ Այսինքն, մեր զինվորները ոչ թե դիվերսիայի զոհ են դարձել, այլ ոչ փորձառու զինվորներին պարզապես կրակել են։
Եթե նրանք զինվորներ չեն, այլ հետախույզներ, ապա ի՞նչ հետախույզ են, որ այդքան հաճախ են ընկնում անվարժ հայ զինվորի կրակի տակ։ Իսկ հայկական բանակում, եթե հավատանք հայ լրագրողների քննադատական հոդվածներին, թագավորում է անօրենությունը։
Իսկ եթե նրանք ոչ թե հետախույզներ, այլ պարզապես նորակոչիկներ են, ապա ո՞վ է նրանց մահվան ուղարկել։ Իսկ գուցե դա ՊՆ օպերատիվ վարչության ղեկավար Էլբրուս Օրուջևի ձեռքի գո՞րծն է։ Այո, այո, չէ՞ որ վերջերս այս սպային, ով Շուշիի պաշտպանության հրամանատարն էր եղել և հաջողությամբ քաղաքը հանձնել էր հայերին, ՊՆ-ում բարձր պաշտոնի նշանակեցին։
Այսպես, թե այնպես, ՊՆ ղեկավարությունը պետք է հանրությանը տեղեկացնի տեղի ունեցածի մասին։ Իսկ ո՞վ է հարձակվել։ Ինչո՞ւ, և ինչո՞ւ են այդքան զոհերը։ Կամ էլ մենք պատերազմ ենք սկսել և մինչ այժմ չգիտե՞նք դրա մասին։ Կռվելու ենք, շատ լավ, սակայն այդ մասին պետք է տեղեկացնել ժողովրդին...
Դեռ վերջերս Զաքիր Հասանովը հայտարարել էր, թե ամեն զոհված ադրբեջանցի զինվորի փոխարեն Հայաստանը 10 զինվորի կորուստ է ունենալու։ Ստացվում է, որ Հասանովի բանակը եթե ոչ այսօր, ապա վաղը 140 հայ զինվոր է սպանելու, այսինքն՝ կես գումարտա՞կ։
Ինչ-որ անհավատալի է թվում։ Ինչո՞ւ է լռում Զաքիր Հասանովը։ Իսկ գուցե նրա անունը և՞ս Ղազախում զոհվածների թվում է։ Չէ՞ որ ամեն ժամ թարմացվում է խեղճ զինվորների ցանկը, որոնք մահվան են ուղարկվել, և նրանց թիվն աճում է։ Իսկ գուցե Զաքիր Հասանովը նրանց մե՞ջ է եղել, և շուտով նրա անունը կհայտնվի զոհերի թվո՞ւմ...»։