Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ն այսօր հանդես է եկել հայտարարությամբ.
Ինչպես հայտնի է, Բաղրմայանական ցույցերի կիզակետում, հունիսի 27-ին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ էլեկտարէներգիայի 7-դրամանոց աճը սուբսիդավորվելու է պետության կողմից: Սակայն հանրությանը չէր ներկայացվում, ոչ այդ սուբսիդիայի աղբյուրը, ոչ էլ այն, թե կոնկրետ ո՞ր խմբերի բաժանորդների էլեկտրաէներգիան է սուբսիդավորվելու: Այդ կապակցությամբ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» ուղղված գրությամբ հայտնում է, որ այժմ դեռևս քննարկվում է այդ սուբսիդավորման աղբյուրը և շահառուների շրջանակը: Այսինքն, Հայաստանի կառավարությունում դեռևս ոչ գիտեն, թե որտեղի՞ց են գտնելու խոստացված սուբսիդավորման գումարները, ոչ էլ թե կոնկրետ ու՞մ էլեկտրաէներգիան են սուբսիդավորելու:
Նշենք, որ եթե գործադիրը սուբսիդավորի բոլոր տեսակի բաժանորդներին (արդյունաբերական հիմնակներ, կազմակերպություններ և բնակիչ-բաժանորդներ), ապա կարժենա ամսեկան շուրջ 3 միլիարդ դրամ (6 մլն ԱՄՆ դոլար), ինչը բավականին մեծ գումար է: Տարեկան կտրվածքով դա կազմում է շուրջ 35 միլիարդ դրամ (74 միլիոն ԱՄՆ դոլար), ինչը ՀՀ պետական բյուջեի մոտ 3 տոկոսն է: Ուստի,այդ գումարը դժվար կլինի հարկերով ետ բերել, կամ հերթական վարկով ծածկել (քանի որ Հայաստանի պետական պարտքը տեղից էլ ահռելի է): Սակայն, եթե իշխանությունները որոշեն սուբսիդավորել միայն բնակիչ-բաժանորդներին, ապա դա մեր պետության վրա կնստի ամսեկան միայն 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար): Բայց այդ պարագայում էլեկտրաէներգիայի համար թանկացած գնով կվճարեն արդյունաբերական հիմնարկներն ու այլ կազմակերպությունները, ինչը կհանգեցնի էական գնաճի և կնվազեցնի ազգային արտադրանքի մրցունակությունը միջազգային շուկաներում ու մասնավորապես՝ ԵՏՄ տարածքում, ուր բոլոր երկրների էլեկտրաէներգիան զգալիորեն ավելի էժան է հայկականից: Արդյունքում էլ ավելի կպակասի մեր արտահանումը դեպի ԵՏՄ երկրներ:
Հ.Գ. Հարկ ենք համարում հիշեցնել, որ հունիսի 17-ին ՀԾԿՀ-ի կողմից սահմանված սակագները ուժի մեջ են մտնելու օգոստոսի 1-ից, հետևապես կառավարությանը բավականին քիչ ժամանակ է մնացել կողմնորոշվելու այդ սուբսիդիայի աղբյուրների և շահառուների շրջանակի մասին: Բացի այդ, առ այս պահը հայրենի արտադրողները չեն կարողանում կանխատեսել օգոստոսին արտադրվելիք ապրանքների գինը, քանի որ չգիտեն, թե որքա՞ն են վճարելու էլեկտրաէներգիայի դիմաց, ինչը էական վնաս է հասցնում շուկայի կանխատեսումներին»:
Թեմայի առնչությամբ հավելյալ մեկնաբանություն ստանալու ակնկալիքով yerkir.am-ը կապ հաստատեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ: Նա մեզ հետ զրույցում հայտարարեց, որ երբ ինքը նշել է, թե դեռ հստակեցված չեն այդ սուբսիդավորման աղբյուրները և շահառուների շրջանակը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռևս չէր հայտարարել, որ էլեկտրաէներգիայի թանկացման սուբսիդավորումը իրականացվելու է «Որոտան»-ի վաճառքից ստացած հասույթից: Նախարարից հետաքրքրվեցինք, թե այն հանգամանքը, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների էլեկտրաէներգիայի սակագինը չի սուբսիդավորվելու, արդյոք անհավասար պայմաններ չի՞ ստեղծում բիզնես միջավայրի համար և, արդյոք տեղին են մտահոգությունները, որ դա կհանգեցնի գնաճի և այլ խնդիրների: Ուշագրավ է, որ նախարարը չցանկացավ խոսել այս մասին: Նա նախ հայտարարեց, որ նման հարցի պատասխանելը իրենց նախարարության կոմպետենտության շրջանակներում չէ, ապա երբ պնդեցինք` որպես քաղաքացի պատասխանի, ասաց, որ պատասխան չունի: