կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-18 23:19
Առանց Կատեգորիա

Փաշինյանն ասելիք չունի՞

Փաշինյանն ասելիք չունի՞

Անդրադառնալով ՀՀ տարածքում օտարերկրյա զինծառայողների ներկայությունը բացառելու մասին  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի անսպասելի հայտարարությանը՝  ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանել է, որ խոսքը Հայաստանի սանիտարահամաճարակային վերահսկողության բարձրացումն ապահովող լաբորատորիաների մասին է, որտեղ, ըստ խոսնակի, աշխատում են բացառապես հայ մասնագետներ:

ՀՀ ԱԳՆ խոսնակի պարզաբանմանը կասկածելու հիմքեր չկան, բայց, փոխարենը, առնվազն տարօրինակ է,  որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ընթացող բանակցությունների և դրանց արդյունքում սպասելի փաստաթղթի մասին մենք իմանում ենք ՌԴ արտգործնախարարից և ոչ թե ՀՀ ԱԳՆ-ից: Զոհրապ Մնացականյանը տեղյակ չէ՞ր այդ բանակցություններից, թե՞ իրավունք չուներ այդ մասին խոսել առաջինը: Իսկ ո՞ւր մնացին ՀՀ իշխանությունների խոստումները, թե այսուհետ ժողովուրդն է իշխանություն և ժողովուրդն է որոշում ինչ անել:

Եթե այլ բան չասենք, սա ընդամենը գործարք է ժողովրդի թիկունքում, որով Ռուսաստանը իրավունք է ստանում ստուգել ՀՀ ցանկացած ձեռնարկություն ու ՍՊԸ, եթե հանկարծ Մոսկվայում կասկածներ առաջանան, որ այդ ձեռնարկություններում օտարերկրյա զինծառայողներ են աշխատում:

Կարծում ենք՝ լրացուցիչ բացատրությունների անհրաժեշտություն կա այստեղ: Նախ՝ անհասկանալի է, թե ինչու է Սերգեյ Լավրովն այդ մասին հայտարարում մի այնպիսի տոնով, որ, կարծես, Հայաստանը չթույլատրված բան է արել և, ահա, իրենք բռնացրել են Հայաստանին ու այլևս նման բան չանելու մասին պայմանագիր են պարտադրում: Ո՞ւմ է հանգստացնում Լավրովը՝ երաշխավորելով, որ Հայաստանում օտարերկրյա զինվորականներ չեն կարող լինել: Մյու կողմից էլ՝ տակավին պարզաբանում չի տրվել, թե ինչ պետք է հասկանալ «օտարերկրյա զինծառայող» ասելով: Ռուս զինծառայողներն, արդյոք, չե՞ն համարվում օտարերկրյա:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինն ավելի է խտացրել գույները: Անդրադառնալով թեմային՝ նա ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև իսկապես կա «երկխոսություն»՝ բիոլաբորատորիաների հարցերով և ոչ միայն Հայաստանի, այլ նաև նախկին Խորհրդային Միության անդամ այլ երկրների հետ: Իսկ ինչո՞ւ են ռուսները կենտրոնացել բիոլաբորատորիաների վրա, որոնք ստեղծվել են հետխորհրդային տարածքի մի շարք երկրներում: Արդյոք դրանք առանց Ռուսաստանի իմացության ստեղծված լաբորատորիաներ չե՞ն: Այդ ինչպես է պատահել, որ մի խումբ երկրներ, խոսքները մեկ արած, նմանատիպ լաբորատորիաներ են ստեղծել իրենց տարածքներում, իսկ Ռուսաստանում նոր են գլխի ընկել, որ պետք է այդ երկրներին պարտավորեցնել՝ արգելել օտարերկրյա զինծառայողների մուտքն այդ լաբորատորիաներ:

Համադրելով Լավրովի և ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունները, կարելի է մտածել, որ նշված լաբորատորիաներում աշխատում են ազգությամբ հայեր, որոնք, հնարավոր է, օտար երկրների քաղաքացիներ են: Ի՞նչ է ստացվում՝ մենք այսուհետ պետք է զգուշանանք ՀՀ տնտեսության մեջ սփյուռքահայ մասնագետներ ներգրավելո՞ւց:

ՀՀ կառավարությունը, մեր կարծիքով, պարտավոր է հանդես գալ համապատասխան մեկնաբանությամբ և պարզաբանել Սերգեյ Լավրովի ու ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունների տողատակերը: Առնվազն պետք է բացատրել, թե խոսքն ինչ լաբորատորիաների մասին է: Այլապես անհասկանալի է, թե ինչու պետք է մեր ռազմավարական դաշնակիցն այդպես կենտրոնանար այդ հարցի վրա, ասես Հայաստանում դավադրություն է եղել:

Էդիկ Անդրեասյան