կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-31 16:15
Առանց Կատեգորիա

Թույլ սեռի ուժեղ ներկայացուցիչները

Թույլ սեռի ուժեղ ներկայացուցիչները

Երեւանից 235 կմ, իսկ Ադրբեջանի սահմանից՝ շուրջ մեկ կիլոմետր հեռավորության վրա գտնվող Չինարի 75 ամյա բնակիչ Սուսան տատը մեկ ամիս է ջուր չի ունեցել: Ողջ գյուղն էր Սուսան տատի օրին: Շուրջ մեկ ամիս ամեն օր Սուսան տատը ջուր է կրել:

 

Գյուղապետը խոստացել էր՝ երկու օրից վթարված ջրագիծը կվերականգնեն, այդպես էլ եղավ: Չինարի 75 ամյա բնակչուհու համար ջուր չունենալը ոչ խնդիր է, ոչ էլ խնդրի լուծումն էր սրտի մխիթարանք: Սուսան տատի գյուղում ջրից առավել խաղաղություն են ուզում: «Շատ վատ ենք, կրակոցներ…Մեր դրությունը շատ վատ ա»,-ասում է Սուսան տատն, ու անգամ չի էլ հիշում, որ շուրջ մեկ ամիս ջուր է կրել:

 

Հետո շատ արագ կանչում է հարսին, հավանաբար կարծելով, թե մայրաքաղաքից ժամանած լրագրողին հարսն ավելի լավ կբացատրի, թե ինչ են անում, ոնց են ապրում. «Գոհար, Գոհար, եկ ստեղ վազ տալով»: Հարսը հարեւանուհու հետ է: «Ո՞նց եք»,-հարցնում եմ: «Եթե կրակոցները չլինեն, շատ լավ ենք»,-շտապում է ողջ գյուղի անունից հայտարարել Սուսան տատի հարեւանուհին:

 

«Բարձրանում ենք խանութ չգիտենք՝ կենդանի կվերադառնանք, թե ոչ: Մենք լավ կլինենք…Արտեր ունենք, լիքը արտեր, չգիտենք կհնձենք, թե չէ…չենք հնձի, ոչ մի կոմբայնավար չի գալիս: Ոչ մի բան չենք ուզում, մենակ ուզում ենք խաղաղ լինի: Ես կուզեմ հացի կարոտ լինեմ, նստեմ հաց հավաքեմ, մենակ կուզեմ խիղճս հանգիստ լինի, իմ երեխեն հանգիստ ապրի»,-ասում է Գոհարն ու դժգոհում, որ երկրի ղեկավարությունը միայն կրակոցների ժամանակ է հիշում, որ Չինարին կա:

 

Կողքից հարեւանուհին հուշում է. «էս երկու տարի ա անընդհատ շոշաթվում ա՝ գյուղը կա, կարկոցների բերանն ա»: Սուսան տատի հարսն էլ ավելացնում է. «Ժողովուրդը մեղք ա, մի լուսավոր կետ պետք ա լինի»: Բայց այս կանայք միշտ չէ, որ այսպես են ապրել. Նրանք հերթով շտապում են վերհիշել, թե ինչպես էին ապրում մինչեւ պատերազմը եւ շեշտում գյուղացու համար ամենակարեւորը. հողն էին կարողանում մշակել: «Հիմա մենք 4000 հա ցորենի արտ ունենք: Բայց ոչ մի կոմբայնավար անգամ գիշերը ռիսկ չի անում արտ մտնի: Գյուղում կոմբայն էլ չունենք»,- կրկին դժգոհում է Գոհարը: Տատն էլ ավելացնում է. «Մեռելն էլ չենք կարողանում ցերեկով տանենք թաղենք»:

 

Պատերազմից առաջ այլ էր. «Խաղաղություն: Քյացել ենք, եկել ենք: Իրար տան հաց ենք կերել: Վերջը ծանոթություն ա եղել էլի: Թուրքը մեր հարեւանն ա եղել»: Ու հիմա էլ ամենամեծ բանը, որ ուզում են այս կանայք, ու ողջ գյուղը՝ խաղաղությունն է: Բայց հարեւան երկրի հետ հարաբերություններն էլ առաջվանը լինել չեն կարող: «Մի բան է կոտրվել», թե ինչ՝ այս կանայք չգիտեն. «Մենք ոչ մի բան չենք ուզում, մենակ ուզում ենք՝ մի կտոր չոր հացը հանգիստ ուտենք: Աշխարհին խաղաղություն»:

 

Ու խաղաղությանը սպասելով «գյուղի վիրավոր տները», ինչպես նկարագրում են կանայք, չեն վերանորոգում: Ով էլ կարող է վերանորոգել, նախ մտածում է՝ իսկ եթե կրկին ու կրկին գնդակները ծակեն եվրոդռներն ու պատուհանները: «Մեր տներն էլ են վիրավոր, ոնց որ մարդկանց սիրտն ա վիրավոր, էդպես էլ մեր տները: Ոչ պատուհան կա, ոչ դուռ, ցելաֆոն ա»,-նկարագրում է Գոհարը:

 

Սուսան տատի տան կառուցումն էլ է կիսատ մնացել: Ամուսինը տան այս «ուզոռը» Ձովագյուղում է տեսել…ու սկսել է տուն կառուցել, բայց ավարտին չի հասցրել: Մահացել է, տունն էլ կիսատ է մնացել: Գրեթե ամենօրյա կրակոցների պայմաններում Սուսան տատի տղաները տան կառուցման աշխատանքներն ավարտին հասցնելու իմաստ չեն տեսնում: Հանկարծ զրույցին միանում է Էմմա տատը. Սուսան տատն է նրան կանչում: Տիկին Էմման նրա եւ տեգոր կինն է, եւ հարեւանուհին:

 

«Ասիլ դի՝ խի՞ չկանչիք, խոսամ»,-ասում է Սուսան տատն ու ձայն տալիս: Գալիս է Էմմա տատն ու պատմում՝ «առողջություն չունենք, օր չունենք, գիշերը կրակոցների ձեռը քնել չենք կարում»: Չէր հասցրել Էմմա տատն ավարտել խոսքը, երբ հեռախոսին զանգ եկավ: Թոռն էր Ռուսաստանից զանգահարել: Գիշերը կրակոցներ էին եղել: Ուզում էր տեսնել՝ տատն ինչպես է: «Մարդս էլ մեռավ, տղես էլ մեռավ, թուրքն էլ նեղացնում ա, մնացի սենց, ո՞ւր գնամ, ի՞նչ անեմ, գնալու տեղ չունեմ»,-ասում է Էմմա տատը: Այս կանանցից որեւէ մեկը գյուղից անգամ մեկ մետր հեռանալ չի պատրաստվում: Մի բան են ուզում՝ խաղաղություն…Ու կատակում՝ «Պատերազմ չլիներ, խաղաղություն լիներ, կարկուտին էլ կդիմանայինք»:

 

Մելանյա Մելքումյան