կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-18 11:22
Առանց Կատեգորիա

Մենք չեզոք սեռի գոյական հո չե՞նք

Մենք չեզոք սեռի գոյական հո չե՞նք

Մինչ մենք այսպես իրար ենք խառնվել, որ ռուսական դատարանում վերջ տան մեր հայրենակցի նկատմամբ այս խայտառակ վերաբերմունքին, հայաստանյան դատարանում ՀՀ մի քաղաքացու են ծեծում, իսկ մյուսին՝ վիրավորում: Եվ հիմա, եթե այդ ծեծված ու վիրավորանքի արժանացած քաղաքացիները հեռանան Հայաստանից ու մի օյին բերեն իրենց ու ընդունող երկրի գլխին, Գալուստ Գրիգորիչի նման մարդիկ են գտնվելու, որ ասեն՝ նայած, թե ինչն են նրանք համարում վիրավորանք ու ծեծ:

 

Եվս մեկ հատկանշական դետալ՝ որքան գալուստսահակյանների թիվը մեծ է ու ցինիզմն ավելի ընդգծված, այնքան մեծ է հեռացողների թիվն ու վիրավորվածության աստիճանը:

 

Դիցուք՝ Հրաչյա Հարությունյանի պահով Գալուստ Սահակյանն ասել է՝ նայած ինչ շիրմաքար է ուզում դնել իր որդու գերեզմանին: Լուսավորենք Գրիգորիչին, թեև դա այնքան էլ հեշտ գործ չէ: Ամենահասարակներից, Գրիգորիչ: Էն որ մեր ամեն գյուղի քարհանքում էլ կա: Քարագործ վարպետն էլ տնից է ու էժանով կտաշի: Ունի՞ այսօր մեր ազատամարտիկն այդ գումարը, ենթադրենք՝ մի 200 հազար դրամ: Հայաստանի բոլոր օրենքներում գրված է, որ դիակը չի կարող փողոցում մնալ, և որ այն հուղարկավորելու համար հարազատներին անվճար տարածք է հատկացվում: Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև դիակը չէր կարող սպասել, մինչև հարազատները գնային Ռուսաստան և այնտեղից փող ուղարկեին տեղի համար: Բայց նույնիսկ այս դեպքում Հայաստանում առաջ է եկել «նայած ինչ տեղ» հասկացությունը: Նկատում եք, չէ՞, որ չափերի մասին դեռ չենք խոսում: Միայն որակի՝ արևհայաց է՞, թե՞ ծմակ, թեք լա՞նջ է, թե՞ դուրան, տակը հո՞ղ է, թե՞ ղըռ, ճանապարհի մո՞տ է, թե՞ ճանապարհ չկա: Եվ այս չգրված շկալայով էլ որոշվում է, հարգելի' Գրիգորիչ, հայաստանցու վերջին հանգրվանի գինը, որը, օրենքին եթե նայենք, անվճար պետք է լիներ: Բայց, քանի որ գալուստսահակյանների իշխանության պայմաններում է ապրում հայաստանցին և, քանի որ գալուստսահակյանների թվի ավելացմանը ուղիղ համեմատական կարգով վիրավորված ու ծեծված է, նախօրոք գնում է Ռուսաստան, որ վաստակի իր կամ իր հարազատի տեղի փողը: Դե, իհարկե, «նայած տեղի»՝ սկսած երկու հարյուր հազարից, էն որ ճանապարհ չկա ու տեղն էլ ծմակ է ու ղըռ: Ունի՞ ազատամարտիկն այդ փողն իր ծերացած ծնողների համար:

 

Գալուստսահակյանների որոշ տեսակներ այդքան փողով ամեն օր պերերիվին քյաբաբ են ուտում, վեր կենում: Ապագա տեղներն ու միլիոնանոց շիրմաքարերն էլ՝ ապահովված: Բնականաբար՝ արևկող, ճանապարհի կողքին, տակը՝ հող: Այս նույն ռուս դեսպանը, որ ասել է, թե Հրաչյա Հարությունյանի գործում ազգային խտրականության հարց չկա, ժամանակին վարչապետ Տիգրան Սարգսյանին (սա նունպես գալուստսահակյանական տեսակ է) հայերեն լեզվով ասել է՝ դուք նորմալ երկիր ունեցեք, որ մենք հայերին կազմակերպված ձևով չարտահանենք Ռուսաստան: Այն ժամանակ վարչապետիս փոխարեն ես գետինը մտա: Բայց իր հեչ պե՞տքն էր, ասա: Մարդը խրախուսում է արտագաղթը: Արտագաղթը նրա համար երկիրը կառավարելու մեթոդիկա է: Ի՞նչ գետինը մտնել, ի՞նչ ամոթ, ի՞նչ բան: Ասում են՝ մեր հայրենակիցներն ուզում են ավելի լավ ապրել, խանգարե՞նք: Իսկ ո՞վ է ասել, որ ավելի լավ ապրելու գրավականը արտագաղթելն է: Այդ ինչո՞ւ որևէ գալուստսահակյան չի ձգտում ավելի լավ ապրել ու չի արտագաղթում: Սպանես՝ Հայաստանից չեն գնա: Կորմն «ըստե լավ ա»: Բայց իշխանություն եք կոչվում, ախր: Այնպես արեք, որ մյուսների համար էլ տանելի լինի: Գոնե այնքան, որ մի կտոր հացի համար չգնան, դրսերում հազար ու մի կասկածելի կազմակերպությունների նոքար դառնան ու այսպիսի օյին բերեն գլխներին:

 

Շարմազանովը` ևս մեկ գալուստսահակյան, զայրացած բարձրաձայնել է՝ ոչ ոք իրավունք չունի ՀՀ քաղաքացու հետ այդպես վարվել: Նկատի ունի Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթ հագցնելը: Այս մարդիկ դեռ չեն հասկացել, որ հանրահայտ դարձած ծաղկավոր խալաթն իրենց են հագցրել, այլ ոչ թե Հրաչյային, ով միամիտ, առանց հիշաչարության, առանց հետին մտքի հայտարարել է, որ շիրմաքարի փող վաստակելու համար է հասել Մոսկվա: Եվ ոչ մի գալուստսահակյան, չնայած իրենց խալաթ են հագցրել, պատկերացնո՞ւմ եք, մտքով չի անցկացնում հայտարարել, թե` գիտե՞ք ինչ կա, տղե'րք, դուք պետք է վերջնականապես հասկանաք, որ Հայաստանն ու հայը չեզոք սեռի գոյականներ չեն: Ու թեև մի օր ասել են՝ օրհնվի, մի գեղեցիկ օր էլ կասեն՝ անիծվի էն սհաթը... Նայած ձեզ քանիսնոց շիրմաքար է պետք մարդկայնությունից հավեժ հեռանալու պարագայում:

 

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ