կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-15 15:01
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու աղմուկ հանած օրինագծին

Նիկոլ Փաշինյանը կողմ է քվեարկելու աղմուկ հանած օրինագծին

Այսօր ԱԺ հերթական քառօրյա նիստում շարունակվում է բանակում փոխհատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը: Պատգամավորները հանդես են գալիս ելույթներով:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ` նախապես ասելով, որ նախագծին կողմ է քվեարկելու, որովհետև այն նպաստելու է բանակի մարտունակության բարձրացմանը, զինվորի` հոգեպես հանգստությանը: Սակայն, պատգամավորի խոսքով, ՀՀ քաղաքացիների մեծ մասն արդարացիորեն ըմբոստանում է այս նախագծի դեմ` պահանջելով, որ նախևառաջ պատժվեն պետությունը թալանողները:

«Այս 1000 դրամները յուրօրինակ տուգանք են ՀՀ քաղաքացիների համար այն բանի համար, որ 25 տարիների ընթացքում չկարողացան ստեղծել էֆեկտիվ պետություն և իշխանություններ, որ չեն կարողացել ձևավորել այնպիսի բյուջե, որը հնարավորություն կտար լուծելու կարևոր խնդիրները»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ բանակի համար կարվում են այնպիսի անորակ սապոգներ, որ հագնելուց քսան րոպե անց դրանք քրքրվում են, և ով չգիտի, որ ծնողներն են հոգում իրենց ծառայող երեխայի հագուստի հարցը: Ըստ Փաշինյանի` այսօր զինվոր պահելը ծնողի համար դարձել է ուսանող պահելուց ավելի ծանր խնդիր:

«Այնպես ենք անում, որ մեր զինվորների ու սպաների համար մեռնելն ավելի ձեռնտու լինի, քան ապրելը, բա ո՞ւր է պետության դերակատարությունը: Հիմա ժամանակն է ասել, թե ապրիլին ինչ եղավ, ոնց եղավ, որ կառավարությունը ԶՈՒ ռազմավարական զարգացման պլանը թերակատարել է մի քանի տասնյակ միլիարդ դրամով: Ասում եք՝ թուրքը կտեսնի, կուրախանա, բայց մեր խնդիրների մասին պետք է բաց խոսենք: Ապրիլյան պատերազմն անորակ սապոգ ու զենք էր, բայց 400 հազար դոլարանոց մեքենայից իջնում են ու լրագրողներին ասում՝ մեր պետության միջոցները սուղ են: Հիմա պատերազմ է, վաղը կլինի ուժեղ պատերազմ, ամեն ինչ պետք է արվի ճակատի համար: Բայց 1000 դրամով հարց չենք լուծում, այլ ժամանակ ենք ձգում»,- ասաց Փաշինյանը:

Պատգամավորը հավելեց, որ այսուհետ ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, թե բարձր պաշտոններ զբաղեցնողներն այս երկրում ինչ ունեն, ով ինչքան փող ունի բանկերում, ով ինչքան գույք ունի: Նա պատրաստվում է հանդես գալ նախաձեռնությամբ` ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կզբաղվի հենց այդ հարցով: Հանձնաժողովը կստուգի պաշտոնատար անձանց գույքային վիճակը, բանկային հաշիվները, այդ պաշտոնատար անձանց հետ փոխկապակցված անձանց ունեցվածքը:

«ՀՀ քաղաքացիները պետք է իմանան, ով ինչ է տարել այս պետությունից, հերիք եղավ: Առանց վենդետաների ու կախաղանների, առանց վրեժխնդրության` ժողովուրդը պետք է որոշի նրանց պատասխանատվության հարցը: Պետք չէ որևէ մեկին բոմժ սարքել, բայց չպետք է թույլ տալ, որ մեր պետությունը բոմժ դառնա»,- ասաց Փաշինյանը: