կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-23 15:30
Քաղաքական

Կառավարությունը մերժում է ՕԵԿ-ականների օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը մերժում է ՕԵԿ-ականների օրենսդրական նախաձեռնությունը

Կառավարությունը վաղվա նիստում դեմ կարտահայտվի  ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:

 

Սույն նախագծով ՕԵԿ-ական պատգամավորներն առաջարկում են «Կուսակցությունների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «եւ օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» բառերը և ուժը կորցրած ճանաչել 28.1-րդ հոդվածը: Այսինքն' նախագծով առաջարկվում է վերացնել օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ֆինանսավորում ստանալու դեպքում, ինչպես նաև ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկը գերազանցող ակտիվների արժեք ունեցող կուսակցությունների հաշվետվությունները հրապարակելուց առաջ պարտադիր աուդիտ անցնելը:

 

Որպես հիմնավորում՝ նախագծի հեղինակները նշում են, թե «Կուսակցությունների մասին» օրենքի 28.1-րդ հոդվածը սահմանում է, որ այն կուսակցությունները, որոնց ակտիվների արժեքը գերազանցել է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի տասնահազարապատիկը, ինչպես նաեւ այն կուսակցությունները, որոնք օրենքով սահմանված կարգով պետական բյուջեից ստացել են ֆինանսավորում, պարտավոր են հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո, չնայած այն հանգամանքին, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերստուգիչ ծառայության կողմից վերահսկողություն է իրականացվում կուսակցությունների ֆինանսական միջոցների շրջանառության նկատմամբ:

 

«Օրենքի այս պահանջն իրական խոչընդոտներ է ստեղծում կուսակցությունների գործունեության համար՝ անհարկի եւ անուղղակի կերպով սահմանափակելով յուրաքանչյուր քաղաքացու՝ այլ քաղաքացիների հետ կուսակցություններ ստեղծելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքը, քանի որ Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն բարձր է աուդիտի ծառայությունների արժեքը (շուրջ 800 հազար դրամ եւ ավելի), այլեւ ոչ բոլոր կուսակցություններն ունեն համապատասխան ֆինանսական միջոցներ օրենքով սահմանված դեպքերում աուդիտի անցկացումն ապահովելու համար: Արդյունքում՝ համապատասխան ֆինանսական միջոցներ չունեցող կուսակցությունները ստիպված են դադարեցնել իրենց գործունեությունը, իսկ պետական բյուջեից ֆինանսավորում ստացող կուսակցություններն այդ միջոցների զգալի մասն ուղղում են աուդիտի անցկացմանը»,- նշում են պատգամավորները և առաջրկում վերացնել կուսակցությունների հաշվետվությունների աուդիտը:

 

Կառավարությունն իր եզրակացությամբ դեմ է ներկայացված տեսքով օրենքի նախագծի ընդունմանը: Կառավարությունում էլ համարում են, թե «Կուսակցությունների մասին» օրենքը 28.1-ին հոդվածով լրացվել է 2012 թվականին՝ կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2009-2012 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»  թիվ 1272-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 65-րդ կետի պահանջների համաձայն: Նման պահանջը պայմանավորված է GRECO-ի՝ կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովման նպատակադրմամբ, և լրացվող հոդվածի նպատակն էր, որպես հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման միջոցառում, բարձրացնել կուսակցությունների գործունեության ֆինանսավորման թափանցիկությունը և ֆինանսական վերահսկողությունը:

 

«Մինչդեռ ներկայացված նախագծի համաձայն' օրենքի 28.1-ին հոդվածն ուժը կորցրած է ճանաչվում, իսկ օրենքի 28-րդ հոդվածից հանվում են «և օրենքով նախատեսված դեպքերում դրա վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը» բառերը:  Այդ առումով գտնում ենք, որ նախագծով նախատեսվող փոփոխությունները կնվազեցնեն կուսակցությունների գործունեության թափանցիկության ապահովումը և չեն բխի GRECO-ի սահմանած չափանիշներից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության հիշյալ որոշման 65-րդ կետի պահանջներից»,- իր եզրակացությունը փաստարկում է կառավարությունը: