կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-08 12:15
Իրավական

Թևոսիկի եղբոր սպանության գործով նոր պաշտպանին ևս արգելվել է քննության մասին տեղեկություններ հայտնել

Թևոսիկի եղբոր սպանության գործով նոր պաշտպանին ևս արգելվել է քննության մասին տեղեկություններ հայտնել

Շուրջ մեկ ամիս է, ինչ փոխվել է քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի սպանությունը կազմակերպելու մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի` Իսոյի պաշտպանը: Նրա շահերն այսուհետ ներկայացնում է փաստաբան Արսեն Սարդարյանը: Ըստ «Ժողովուրդ» թերթի` նախորդ պաշտպանին` Գայանե Գալոյանին, փոխել են, քանի որ գործը լավ ընթացքով չի գնացել:

 

Սակայն yerkir.am-ը ժամանակին գրել էր, որ Գալոյանը Սարգսյանի և նրա ընտանիքի հետ դեռևս 1998-ից մտերիմ հարաբերությունների մեջ է եղել: Դեռ այն ժամանակ` Արմեն Տեր-Սահակյանի բանդայի գործով որպես մեղադրյալ անցնող Իսոյի շահերը պաշտպանել է հենց Գայանե Գալոյանը, ինչից հետո և սկսվել է նրանց մտերմությունը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում` տիկին Գալոյանը չցանկացավ մեկնաբանել, թե ինչու այլևս չի պաշտպանում Սարգսյանին:

 

Նշենք, որ օգոստոսի 3-ին կլրանա Սարգսյանի կալանքի ժամկետը, և, ամենայն հավանականությամբ, նախաքննական մարմինը կրկին կմիջնորդի երկարաձգել այն:

 

Սարգսյանի նոր պաշտպան Արսեն Սարդարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ, ծանոթանալով գործի այն փաստաթղթերին, որոնց նախաքննության ընթացքում թույլատրվում է ծանոթանալ, տեսել է, որ Իսրայել Սարգսյանը միանշանակ անմեղ է և առնչություն չունի գործին:

 

Նշենք, որ արդեն մեկ ամիս է, ինչ այս գործի նախաքննությունն ընթանում է հույժ գաղտնի: Գործով պաշտպանները, այդ թվում` Արսեն Սարդարյանը ստորագրել են նախաքննության գաղտնիքը չհրապարակելու մասին փաստաթուղթ: Սակայն, ըստ նոր պաշտպանի, գործի նկատմամբ նման խիստ մոտեցում ցուցաբերելն արդեն վկայում է այն մասին, որ Իսրայել Սարգսյանին առաջադրված մեղադրանքը մերկապարանոց է: «Այսօր մենք տեսնում ենք, որ այս տղաներն անմեղ են: Կարող ենք այդ մասին բարձրաձայնել, սակայն, թե դա ասելիս ինչի՞ վրա ենք հիմնվում, իրավունք չունենք ասելու»,- նշեց նա:

 

Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածով` նախաքննության կամ հետաքննության տվյալները հրապարակելն առանց դատախազի, քննիչի կամ հետաքննություն կատարող անձի թույլտվության պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով: