կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-27 18:50
Առանց Կատեգորիա

Նախանձե՞լ, արդյոք, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային

Նախանձե՞լ, արդյոք, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային

Այսօր Բրյուսելում ԵՄ գագաթաժողովի շրջանակում Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան վերջապես ստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերը` նախանշելով թե' Եվրոպայի, թե' հետխորհրդային ողջ տարածաշրջանի համար բոլորովին նոր պատմաքաղաքական փուլի մեկնարկ:

 

Այս իրադարձությունը միանշանակ պետք է համարել Ռուսաստանի արտաքին քաղաքական ամենախոշոր պարտությունը ԽՍՀՄ փլուզումից հետո ընկած ողջ ժամանակաշրջանում, որը շոշափելի կերպով ցույց է տալիս, թե ինչպիսի արագությամբ է Ռուսաստանը կորցնում իր ավանդական ազդեցության գոտիները: Բայց դրանում մեղավորը Ռուսաստանն է, որն արդիականացման անհրաժեշտ գործընթացը նախաձեռնելու և դրանով իր հետևից հետխորհրդային երկրներին տանելու, նրանց համար ինքնազարգացման առողջ միջավայր ստեղծելու փոխարեն նախընտրեց շարունակել ժանդարմ կամ, ավելի ճիշտ, բանտապահ մնալու այն նույն ուղեգիծը, վարքաբանությունը, որոնցով առաջնորդվում էին Ռուսական կայսրությունը, ապա նաև Խորհրդային միությունը: Մոսկվան հնձում է այն, ինչ սեփական ձեռքերով ցանել էր տասնամյակներ շարունակ:

 

Բայց սա ոչ թե ռազմավարական, այլ միայն տակտիկական պարտություն է: Մոսկվայում համարում են, որ խաղն այսքանով չի ավարտվել, և դեռ կարող է լինել երկրորդ, գուցե նաև երրորդ խաղակես: ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է` իր շուկաները պաշտպանելու համար, իսկ դրա ներքո կարելի է հասկանալ նոր ձևի ու որակի հարաբերություններ Ասոցացման համաձայնագրին միացած երկրների հետ:

 

Այս իմաստով վաղ է հունիսի 27-ը ԵՄ-ի կապիտուլյացիոն հաղթանակը համարել: Քաղաքական առումով` Բրյուսելն, իհարկե, դիրքային լուրջ առավելություն ստացավ: Սակայն տնտեսական, սոցիալական դիվիդենդները նույնքան շոշափելի և նշանակալի չեն: Իրականում Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան մերձեցնելով իրեն և անմիջական հասանելիություն ստանալով ազդելու նրանց ներքին ու արտաքին քաղաքականության վրա` Եվրոպան իրենը դարձրեց նաև նրանց սոցիալ-տնտեսական բոլոր հիմնահարցերը: Եվ դա մի շրջափուլում, երբ իր տնտեսությունն ամենալավ օրերը չի ապրում:

 

Դրան զուգահեռ ԵՄ-ն կլանեց նաև Ասոցացման համաձայնագիրը ստորագրած երկրների ունեցած տարածքային բոլոր կոնֆլիկտները` աբխազական և հարավօսական, Մերձդնեստրի, ինչպես նաև Ղրիմի և Արևելյան Եվրոպայում անջատողականության հենքի վրա սկսված քաղաքացիական պատերազմի: Սրանք իրականում վառոդով լցված տակառներ են, որոնք կարող են պայթել ցանկացած պահի, առավել ևս, որ «խաղն» ավարտված չհամարող Ռուսաստանն ակնհայտորեն փորձելու է անել ամեն ինչ` կայծն այդ տակառներին մոտեցնելու համար, թեև Ուկրաինայի պարագայում դրա մասին խոսելն արդեն ուշացած է: Այս իմաստով Եվրոպան ավելի շատ նոր հոգս ու գլխացավանք վերցրեց իր վրա, քան առավելություններ ձեռք բերեց:

 

Հիմա հարցն այն է, թե ինչպիսի արագությամբ են այս երեք երկրների բնակիչները զգալու Եվրամիության հետ ասոցացումից ակնկալած արդյունքները, որքանով են բավարարվելու նրանց ցանկությունները, որքանով են ԵՄ-ի հովանու ներքո իրենց անվտանգ և երաշխավորված զգալու: Եվրոպական արժեհամակարգը, կառուցակարգերը նրանց համար ռեաբիլիտացման, ժամանակակից ժողովրդավարական պետությունների վերածվելու տրանսֆորմացիոն հնարավորություններ են ստեղծում: Բայց դա ոչ միայն ժամանակ է պահանջում, այլև Բրյուսելի կողմից ֆինանսական, մեթոդաբանական, ռեսուրսային տևական օժանդակություն, անվտանգության կոնկրետ երաշխիքներ: Եթե այդ ամենը տվյալ երկրների հասարակությունները չստանան, հանրային հիասթափության էֆեկտը կարող է անկանխատեսելի հետևանքների բերել: Բայց Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան գոնե արդեն գիտեն` որն է իրենց նպատակակետը, ինչին պետք է ուղղեն պետության և հասարակության ներուժը: Իսկ դա ինքնավերափոխվելու ամենակարևոր ստիմուլներից մեկն է:

 

Մի բան, որը գոնե այս պահին չունի Հայաստանը: Պրոցեսները, որոնք տեղի են ունենում 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո, դեռևս հնարավորություն չեն տալիս միանշանակ պատասխանելու` եվրաասոցացումից հրաժարումն ինքնին միանշանակ դրակա՞ն, թե՞ միանշանակ բացասական հետևանքներ ունեցավ Հայաստանի համար: Եթե խնդրին մոտենում ենք զարգացման հեռանկարի տեսանկյունից, ապա կորուստները միանշանակ են: Նման հեռանկար այս պահին գործնականում գոյություն չունի: Փակ են որևէ ուղղությամբ շարժվելու, անգամ հետ գնալու ուղիները: Հայաստանը չի կարող գնալ դեպի Եվրոպա, չի կարող մտնել ՄՄ կամ ԵՏՄ, և, ըստ ամենայնի` նրան չեն թողնում նաև առաջնորդվել, այսպես կոչված, «ոչ, ոչ»-ի տրամաբանությամբ: Մյուս կողմից, սակայն, Ուկրաինայի օրինակը չափազանց ակնառու է` չտեսնելու համար, թե ինչպիսի հետևանքներ կարող էր ունենալ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու որոշումը չփոխելը:

 

Խնդիրը կոնկրետ ԼՂ հիմնահարցը չէ: ԵՄ-ի հետ ասոցացումից հրաժարումը ոչ մի գրամով չի ավելացրել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ինչում հասարակությանը փորձում էին համոզել Հայաստանի իշխանություններն ու Ռուսաստանի պալատական փորձագետները: Ընդհակառակը` հենց այդ որոշումից հետո է սահմանագծին շատ ավելի լարված իրավիճակ ստեղծվել, ավելի շատ զինվորներ են զոհվում, Ռուսաստանն ավելի շատ է զինում Ադրբեջանին, դեռ մի բան էլ առաջացել է Հայաստանը ԼՂՀ-ից մաքսակետերով սահմանազատելու` նախկինում ուղղակի աներևակայելի վտանգը:

 

Խնդիրը գործնականում Հայաստանում պերմանենտ ու շարունակական ներքին բախումների առաջացման, դրանում թե' ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի և թե ռուսական ռազմաբազայի կոնտինգենտի ներգրավման, Ռուսաստանից Հայաստան հոսող տրանսֆերտների աղբյուրը չորացնելու, այդ երկրում բնակվող և աշխատող հսկայական թվով հայաստանցիների բռնի վերադարձման, գազի և էլեկտրաէներգիայի կրկնապատիկ թանկացման միանգամայն իրատեսական հեռանկարի և դրա կատաստրոֆիկ հետևանքների մեջ է, ինչն ուղղակի արկածախնդրության, էմոցիաներով առաջնորդվելու տեղ չի թողնում:

 

Որքան էլ ներկայում Հայաստանը զգալիորեն Ռուսաստանին է հանձնել կամ զոհել իր ինքնիշխանության զգալի մասը, ՄՄ-ին անդամակցության շարունակ հետաձգումը նոր շանս է ստեղծում` ավելի ու ավելի չեզոք դիրքերում հայտնվելու և Կրեմլի մոտ այդ բռնակցման պահանջարկը չեզոքացնելու համար, որից պետք է ուղղակի ատամներով կառչել: Այս իմաստով ոչ թե պետք է Վրաստանին, Ուկրաինային ու Մոլդովային նախանձել, այլ աշխատել` վերադարձնելու համար արտաքին չհաշվարկված մանևրումներում կորսված դիրքերը:


Գևորգ Դարբինյան