Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իր վերջին հարցազրույցում ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը վստահություն է հայտնում, որ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադառնալու է, և որ Հայ ազգային կոնգրեսը դեռևս չի կորցրել իր կենսունակությունը: Լյուդմիլա Սարգսյանը կա'մ անուղղելի ռոմանտիկ է, կա'մ քաղաքական մահապարտ:
ՀԱԿ-ի կորիզը կազմող կուսակցություններից մեկը` Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ն, որևէ մակարդակով չի ներկայացել Կոնգրեսի վերջին քաղխորհրդի նիստին: ՀԺԿ-ն ՀԱԿ-ում իր ներգրավվածությունը, այսպիսով, դարձնում է ձևական, ինչը քաղաքական այս միավորումը լքելուն ուղղված առաջին քայլն է: Երբ ՀԺԿ-ն ևս հեռանա Կոնգրեսից, վերջինիս «պարիսպները» պաշտպանելու ողջ բեռը փաստացի կմնա միայն ՀՀՇ-ի, ՍԴՀԿ-ի, Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջ դեռևս մնացած մի քանի մոլեռանդների կամ նվիրյալների և, անշուշտ, անփոխարինելի Լևոն Զուրաբյանի վրա:
Փաստացի Կոնգրեսում չէ նաև առաջնորդը` Լևոն Տեր-Պետրոսյանը: Նախագահական ընտրություններին իր չառաջադրվելը բացատրելով տարիքի անհամատեղելիությամբ` նա, ըստ էության, առաջին հերթին թիկունքից հարվածեց հենց Կոնգրեսին` հաստատելով, որ այն այլևս քաղաքական սուբյեկտ չէ և քաղաքականության մեջ այլևս անելիք չունի: Որովհետև երբ խաղից դուրս է գալիս ներգրավված բոլոր ուժերին միմյանց զոդող հանգույցը, միջուկը, մնացած տարրերն ուղղակի մատնվում են քաոսի, ինչը և տեղի է ունենում հիմա:
Առաջնորդից բացի, Կոնգրեսը նաև կորցրել է քաղաքականության մեջ մնալու մոտիվացիան: Երբ, Տեր-Պետրոսյանի ինքնամեկուսացմամբ պայմանավորված, այն հայտարարեց նախագահական ընտրություններին չմասնակցելու և որևէ թեկնածուի չպաշտպանելու մասին, անուղղակիորեն հաստատեց, որ կա'մ հրաժարվում է իշխանափոխության իր հիմնարար նպատակադրումից, կա'մ կորցրել է դրա համար անհրաժեշտ ներուժը: Հետևանքների իմաստով այստեղ որևէ տարբերություն չկա: Առաջնորդի ինքնամեկուսակցումը, միավորող հիմնանպատակի չեզոքացումը ոչ միայն անիմաստ են դարձնում այս ֆորմատով Կոնգրեսի պահպանումը, այլև նույնիսկ վնասակար:
Փետրվարի 19-ին` նախագահական ընտրությունների հաջորդ օրն արդեն, այլ քաղաքական ուժերի հետ միասին Կոնգրեսը կանգնելու է կոնկրետ խնդրի` հետագա անելիքները, ռազմավարությունն ու մարտավարությունը հստակեցնելու հրամայականի առջև: Ներկայիս խղճուկ տեսքով ու բովանդակությամբ այն բացարձակապես դրան պատրաստ և ունակ չէ: Նախկին հզոր քաղաքական միավորից այսօր մնացել է ընդամենը դրա ուրվականը, որն այլևս ի զորու չէ անգամ ինքն իր ներքին կազմակերպչական խնդիրների կարգավորմանն ուղղված որոշումներ կայացնել:
Միակ գործոնը, որը դեռ ինչ-որ կերպ իմաստավորում է այս կառույցի ֆորմալ գոյությունը, ԱԺ-ում ՀԱԿ-ի խմբակցությունն է, որը, սակայն, իր վրա կրում է Կոնգրեսում առկա բոլոր ճաքերը: ՀԱԿ-ի հավատավոր լյուդմիլասարգսյանների կողմից այս կենդանի դիակը համառորեն քաղաքական գործոն դարձնելը Կոնգրեսին վերջնականապես մղում է մարգինալացման` թույլ չտալով ենթարկվելու նոր իրողություններից բխող անհրաժեշտ ռեաբիլիտացիայի:
Ըստ այդմ` ՀԱԿ-ն ունի երկու հնարավոր տարբերակ: Առաջինն առաջարկում է ՀԱԿ-ում իր գործունեությունը սառեցրած Հրանտ Բագրատյանը` նախաձեռնել և ստեղծել լիբերալ կողմնորոշման ուժերի միավորում: Սա քաղաքականությունը գաղափարական հենքի վրա տեղափոխելու առումով առողջ առաջարկություն է, որն, իր հերթին, կարող է նման կոնսոլիդացման դրդել նաև ձախ, պահպանողական, ազգայնական ուժերին: Նախագահական ընտրություններին մասնակցելով` Բագրատյանն իրականում այդ խնդիրն է փորձում լուծել` միաժամանակ ձգտելով իր համար դրա առաջնորդի դերն ստանձնելու հիմքեր ստեղծել: Բագրատյանն առաջարկում է ասպարեզը թողնող Տեր-Պետրոսյանին փոխարինել իրենով: Մերժելով սատարել նրան ընտրություններում` ՀԱԿ-ը փաստացի մերժում է նրա այս առաջարկությունը: Բացի ՀԱԿ-ից պոկվող բեկորների` աստիճանաբար Բագրատյանի շուրջը համախմբվելու նկատելի պրոցեսը վկայում է, որ այս տարբերակը լուրջ պահանջարկ ունի: Սակայն այստեղ առկա է ՀՀՇ-ի գործոնը, որին, փաստորեն, առաջարկվում է կորցնել ունեցած դոմինանտությունը ՀԱԿ-ում, ինչից, սակայն, վերջինս ոչ մի կերպ հրաժարվել չի ցանկանում: Եթե այս դաշտում կոմպրոմիսը կայանա, շատ հնարավոր է` քաղաքական դաշտում բոլորովին նոր միավորում ստեղծվի, ինչի նախանշանները, սակայն չափազանց թույլ են:
Երկրորդ տարբերակը ակտիվորեն քննարկվում է ՀԱԿ-ում: Խոսքը վերաբերում է Կոնգրեսը` որպես դաշինք, կուսակցության վերածելուն: Իբրև գաղափար, այն լավն է, սակայն գործնականում` գրեթե անիրագործելի: Պարզ է` որ սա առաջին հերթին բխում է ՀՀՇ-ի շահերից, քանի որ այդ նոր կուսակցությունը, ենթադրաբար, պլանավորվում է կառուցել հենց ՀՀՇ-ի հենքի վրա: Այսինքն` այն կարգավիճակը, որը ՀՀՇ-ն Տեր-Պետրոսյանի ձեռամբ ուներ ՀԱԿ-ում, այս տարբերակի գործադրման պարագայում դառնալու է գրեթե դե յուրե: Սակայն այս դեպքում ի հայտ է գալիս իրենց ինքնուրույնությունը պահել ցանկացող մյուս ուժերի, կոնկրետ` ՍԴՀԿ-ի հարցը, որոնք ստիպված են լինելու կա'մ ներծծվել այս նոր կուսակցության մեջ, կա'մ անջատվել դրանից: Պարզ է, որ իբրև կուսակցություն, այն պետք է ունենա գաղափարական որոշակի ուղղվածություն և, դատելով դրանում ՀՀՇ-ի ենթադրվող հեգեմոնությունից, լինելու է աջակողմյան: Այդ դեպքում Լյուդմիլա Սարգսյանն, օրինակ, ստիպված կլինի ընտրություն կատարել ՍԴՀԿ-ի և Տեր-Պետոսյանի միջև:
Բայց դատելով Լյուդմիլա Սարգսյանի վերոնշյալ հայտարարությունից` կոնգրեականները որոշել են ընտրել երրորդ, շատ ավելի իրատեսական թվացող տարբերակը` շարունակել ներկայիս «դե յուրե կա, դե ֆակտո չկա», ըստ էության, ջայլամային, ինքնախաբեության արգասիք վարքագիծը: Դա նշանակում է շարունակել սեփական շարքերի` դեռևս Կոնգրեսի հանդեպ հավատ ունեցողների նկատմամբ անազնիվ ու մանիպուլյացիոն վերաբերմունքը: Ակնհայտ ճշմարտությունները, առկա միտումները քողարկելու քաղաքականությունը, որը սկսվել է «եղիազարայնթապցիական» գաղափարների հասունացմամբ, զարգացվել ԲՀԿ-ամետ քաղաքագիտական վերլուծություններով և այժմ փոխարինվել Կոնգրեսի չեղած կենսունակությունը հասարակության վզին փաթաթելով, պղտորում է քաղաքական ողջ համակարգը` ավելի մեծացնելով հասարակության հիասթափությունը ՀԱԿ-ից, բայց որ ավելի կարևոր է` ընդդիմությունից` որպես իրավիճակ փոխելու ունակ համակարգի:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ