կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 21:23
Հասարակություն

Աշտարակում խմելու ջրի համակարգի վթարն աղիքային վարակիչ հիվանդության պատճառ է դարձել

Աշտարակում խմելու ջրի համակարգի վթարն աղիքային վարակիչ հիվանդության պատճառ է դարձել

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Պռոշյան փողոցում արձանագրվել են ստամոքս-աղիքային գանգատներով հիվանդներ: Տեղում կազմակերպված համաճարակաբանական հետազոտության արդյունքում Պռոշյան փողոցի թիվ 24 շենքում 3 հիվանդ աղիքային ինֆեկցիա նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք:

 

Հիվանդներն ունեն գլխացավ, ընդհանուր թուլություն, սրտխառնոց: Նշանակվել է համապատասխան բուժում: Նրանց վիճակը գնահատվել է բավարար, հիվանդության ընթացքը թեթև է:

 

Հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով բնակավայրում իրականացվում են բակային համայցեր: Արդյունքում հայտնաբերվել է ստամոքս-աղիքային թեթև գանգատներով 9 անձ, որոնց նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն:

 

Պռոշյան փողոցի թիվ 24 շենքի բնակիչներից իրականացվել են նմուշառումներ լաբորատոր հետազոտությունների նպատակով (հետազոտություններն ընթացքում են), և սահմանվել է բժշկական հսկողություն:

 

Այս միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիվանդության հավանական պատճառը խմելու ջրի ջրամատակարարման համակարգի վթարն է, ինչի հետևանքով խմելու ջրի նկատմամբ ևս սահմանվել է հսկողություն, իսկ բնակիչներին առաջարկվել է ժամանակավորապես դադարացնել հոսող խմելու ջրի օգտագործումը կենցաղում՝ մինչ վթարի վերացումը:

 

Հիվանդների օջախները ենթարկվել են եզրափակիչ ախտահանման: Բնակչության շրջանում տարածվել են բժշկահիգիենիկ գիտելիքներ: Առողջապահության նախարարության տեղեկացմամբ` աշխատանքները շարունկվում են: