կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-19 18:17
Մշակույթ

Ո՞նց կարող է լավ երաժշտությունը վատ գաղափարի համար լինել. Վահե Հայրապետյան

Ո՞նց կարող է լավ երաժշտությունը վատ գաղափարի համար լինել. Վահե Հայրապետյան

Հունիսի 21-ին Կարապի լճի տարածքում տեղի կունենա «Ֆրեսկո» փառատոնի բացման արարողությունը: Հատուկ «Ֆրեսկո» միջազգային փառատոնի համար գրվել է հիմն, որի հեղինակը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն է:

 

Կոմպոզիտորն այն անվանում է ոչ թե հիմն, այլ փառատոնի խորհրդանիշ երգ, որովհետև ունի էմոցիոնալ շատ լիցքեր ու փառատոնի գաղափարներն ընդգրկող բովանդակություն:

 

«Քանի որ երգը գրվել է կինոփառատոնի համար, պետք է մի քիչ էլ կադրային, ֆիլմային թեքում ունենար: Պատահական չեն նաև երգի տողերի սկզբնաբառերը՝ մենք…, մեզ…, բայց…, և…, իսկ կրկներգում՝ բա՛ց…ով…, կա…, ուր…: Հիմքում բարությունն է, սերը, հավատքը և այլն»,- պատմում է մաեստրոն:

 

Երգի երաժշտությունը ծնվել է այն ժամանակ, երբ կոնպոզիտորը լսել է փառատոնի գաղափարի մասին ու զրուցել նախաձեռնողներից մի քանիսի հետ: Խոսքը և երաժշտությունը գրելու համար նրանից պահանջվեց երկու շաբաթ: «Մեծ հեքիաթ» երգի գործիքավորումը ևս կատարել է Վահե Հայրապետյանը, ինչից հետո փառատոնին միանալու ցանկություն է հայտնել նաև Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ:

 

«Ո՞նց կարող է լավ երաժշտությունը վատ գաղափարի համար լինել: Սա իմ՝ որպես քաղաքացու, որպես քրիստոնյայի վերաբերմունքն է փառատոնին»,- ասում է Երվանդ Երզնկյանն ու խոստովանում, որ համաձայնել է միանալ փառատոնին հենց երգը լսելու պահին:

 

Այս օրերին ընթանում են երգի ձայնագրման աշխատանքները: Առաջին անգամ այն հնչելու է հունիսի 21-ին՝ փառատոնի բացման արարողության ժամանակ: Երգի կատարման ընթացքում, ինչպես արդեն տեղեկացրել ենք, բեմում կլինեն նաև լսողության խնդիրներ ունեցող երեխաները, ովքեր երգի բովանդակությունը հանդիսատեսին կփոխանցեն ժեստերի լեզվով: