Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աժ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, խոսելով քառյակի համատեղ հայտարարության և կառավարությանը ներկայացրած 12 պահանջների մասին, նշեց, որ արձագանքները տարբեր են` իշխանությունները փորձում են ցույց տալ, որ նորմալ է, լավ ընդդիմություն է, ԶԼՄ-ների մի շերտ փորձում է ցույց տալ, որ ընդդիմությունը շատ վատն է` մտքում ունենալով, որ որքան ասեն` ընդդիմությունը վատն է, այդքան անսասան կպահեն իշխանությանը:
«Ցավում եմ, բայց լրատվամիջոցները, երբ անդրադառնում էին քայակի հայտարարությանը, կարծես հայտարարության առաջաբանն անտեսեցին: Ուզում եմ հատված կարդալ, որը շատ հարցերի պատասխաններտ կտա»,- ասաց Աղվան Վարդանյանը` մեջբերելով հայտարարության այս հատվածը. «Քառյակում ընդգրկված ուժերը հայտարարում են՝ Հայաստանի ինքնիշխանությունը, ԼՂՀ անկախությունը, անվտանգության ապահովումը, հիմնահարցի խաղաղ և արդարացի կարգավորումը գերակա սկզբունքներ են: Այս հարցերում անթույլատրելի է որևէ նահանջ»:
Պատգամավորի խոսքով`մեջբերում է բոլոր նրանց համար, ովքեր մեղադրում են քառյակին միայն սոցիալ-տնտեսական հարցերին անդրադառնալու համար: Ինչ վերաբերում է 12 կետերին, ապա դրանց իրականացման կարևոր ցուցիչ է լինելու կուտակայինի հետ կախված խնդիրը, որովհետև երբ կառավարությունը քաղաքական հայտարարություններ արեց` շարադրելով կուտակային խնդրի վերաբերյալ իր մոտեցումները, նրանք նաև դիմել էին ԱԺ խմբակցություններին, որ ներկայացնեն մասնագետներ` ճիշտ լուծումներ գտնելու համար:
«Մեր խմբակցությունը տվել է չորս անուն, բայց մինչ այժմ կառավարության կողմից նրանց հետ որևէ կապ չի եղել, որևէ քննարկում չի եղել: Բայց մեզ տեղեկատվություն է հասնում, որ օրենքի նոր փաթեթը շուտով Ազգային ժողով պետք է գա»,- ասաց պատգամավորը:
Նա անդրադարձավ նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման խնդրին: Վարդանյանի խոսքով` քառյակն արդեն հայտարարել էր իր 12 պահանջների մասին, երբ հանկարծ պարզվեց, որ համակարգում շատ ծանր է վիճակը, որ չկա այլ ելք, քան էլեկտրաէներգիայի թանկացումը:
«Հայաստանում էլեկտրաէներգիան վերջին տարիներին մի քանի անգամ է թանկացել: Կտրուկ թանկացում եղել է 1999-ին` մոտ երկու անգամ, որից հետո տասը տարի թանկացում չի եղել, հետո` 2009, 2013-ին և արդեն 2014-ին: Սա նշանակում է, որ մտնում ենք մի փուլ, երբ չկա կանխատեսելիություն, և որևէ մեկը մեզ չի կարող երաշխավորել, որ մեկ տարի հետո նույն խնդրի առաջ չենք կանգնելու, որովհետև ունենք մի էներգետիկ համակարգ, որոնց սեփականատերերը շատ մեծ ֆինանսական ճեղքվածք ունեն»,- ասաց Աղվան Վարդանյանը:
Նրա կարծիքով` դեռևս պարզ չէ, թե ոնր է այդ ճեղքվածքի պատճառը` ապաշնորհությո՞ւնը, ոչ ճիշտ ղեկավարո՞ւմը, թե՞ կան սուբյեկտիվ պատճառներ: Եվ երկար ժամանակ կառավարությունը համոզում էր, թե Հայաստանն ունի շատ լավ էներգետիկ համակարգ, հիմա պարզվում է, որ դա այդպես չէ, անգամ սպառնում են անջատումներ անել, եթե իրենց խնդիրները լուծում չստանան:
Ըստ Աղվան Վարդանյանի` նման անկանխատեսելությունը հարվածում է տնտեսությանը: Նախ` տեղին չեն այն համեմատությունները, թե այլ երկրներում ավելի բարձր է էլեկտրաէներգիայի գինը, որովհետև նույն երկրում կարող է չլինել գործազրկության ու աշխատավարձերի նման բացասական մակարդակ:
Նաև, ըստ պատգամավորի, ներդրումների վրա է ազդում այդ անկանխատեսելիությունը: «Մենք կարծում ենք, որ կառավարությունը այստեղ անելիք ունի, պետք է քննարկի ու լուծումներ գտնի, այլ աղբյուրներից միջոցներ գտնի, վարկային պարտավորությունները վերաձևակերպի, բայց չգնա թանկացման կամ ամբողջ էներգետիկ համակարգը ենթարկի աուդիտի և հանրությանը ցույց տա վիճակը»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ այդ ոլորտում կա լուրջ խնդիր: