կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-12 16:55
Քաղաքական

Էներգետիկ համակարգում պետք է կանխատեսելիություն լինի. Աղվան Վարդանյան

Էներգետիկ համակարգում պետք է կանխատեսելիություն լինի. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի խոսքով` հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր գործառույթների սահմաններում ներկայացրել է ստեղծված իրավիճակը` կապված էլեկտրաէներգիայի թանկացման հետ:

 

Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումներ է անցկացնում` պարզաբանումներ ներկայացնելով էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված:

 

«Ակնհայտ է, որ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է և համակարգային: Այստեղ կա սոցիալական հարց: Մեկ տարի առաջ է բարձրացվել էլեկտրաէներգիայի սակագինը, ի վերջո, յուրաքանչյուր նման բարձրացում ազդելու է ապրանքների ինքնարժեքի վրա, և այստեղ դրված է կառավարության պատասխանատվության հարցը»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

Նրա խոսքով` երկու հիմնական խնդիր կա: Առաջին` որ Հայաստանի սպառողների և տնտեսվարողների համար պետք է լինի որոշակի կանխատեսելիություն` ապագայի հետ կապված, որովհետև բացառված չէ, որ վեց ամիս կամ մեկ տարի հետո դարձյալ առաջ գա սակագնի բարձրացման խնդիրը:

 

«Անկանխատեսելիությունը զրկում է մարդկանց իրենց ֆինանսական ծրագրերը կազմելու, ինչպես նաև ներդրումներ անելու հնարավորությունից»,- ասաց Աղվան Վարդանյանը:

 

Երկրորդը սոցիալական խնդիրներն են: «Ճեղքվածքը, որը նկարագրվում է, կարող է փակվել նաև այլ աղբյուրներից»,- նշեց պատգամավորը`  օրինակ բերելով, որ ՀԷՑ-ը և «Երևան» ՋԷԿ-ը վարկեր են վերցրել, որոնց արտոնյալ ժամկետները վերջանում են, և առաջ է եկել մայր գումարի տոկոսները փակելու խնդիրը:

 

Դրանք, ըստ նրա, մեծ գումարներ են, և կառավարությունը կարող է գտնել միջոցներ` այդ վարկերը վերաձևակերպելու և համակարգը գոնե որոշակի ժամանակահատվածով ազատելու համար: 

 

Աղվան Վարդանյանի համոզմամբ` կա խնդիր` աուդիտի ենթարկել ողջ էներգետիկ համակարգը: Պպետության կողմից համակարգային մոտեցման դեպքում հնարավոր են նաև այլ լուծումներ, ամենակարևորը` կանխատեսելիություն պետք է լինի:

 

«Հայաստանում էլեկտրաէներգիան էապես թանկացել է 1999թ., հետո 2009-ին, 2013-ին, և հիմա նորից թանկանում է, և վտանգ կա, որ դա կարող է կրկնվող ցիկլ լինել»,- ասաց պատգամավորը: