կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-14 16:29
Քաղաքական

«Դավաճան Նիկոլն այստեղ անելիք չունի՛». Ապարանում կայացել է բողոքի ակցիա

Մեր այսօրվա հավաքն ունի ընդամենը մեկ նպատակ՝ պահանջում ենք, որ այս իշխանությունը հեռանա: Թուրքի հետ համաձայնության եկած իշխանությունը, թուրքի գրպանը մտած իշխանությունը չի՛ կարող ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը. Ապարան քաղաքի հրապարակում այսօր տեղի ունեցած բողոքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արագածոտնի մարզի բնակիչ, ՀՅԴ անդամ Ռուսլան Բարսեղյանը:

Հիշեցնենք՝ Ապարան քաղաքի հրապարակում այսօր տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի ընթացքում ապարանցիները պահանջել են Փաշինյանի իշխանության՝ ժամ առաջ հեռացումը և նոր, անցումային կառավարության ձևավորումը:

Ինչո՞ւ են Նիկոլ Փաշինյանին դավաճան անվանում, Ռուսլան Բարսեղյանն այդ առիթով նշեց.  «Երբ Փաշինյանը գալիս էր իշխանության, խոսք տվեց, որ յուրաքանչյուր հարց կքննարկի ժողովրդի հետ, խոսք տվեց, որ Արցախն անառիկ կպահի, որ պետք է յուրաքանչյուր հայ որոշի Հայաստանի ճակատագիրը: Բայց բոլորս տեսանք, որ Փաշինյանը գիշերով ստորագրեց այդ ամոթալի կապիտուլյացիոն հայտարարությունը՝ չհարցնելով ոչ մեկիս»:

Ըստ Ռուսլան Բարսեղյանի՝ այն մարդիկ, որոնք համաձայն են Նիկոլ Փաշինյանի հետ, որոնք մինչ օրս սատարում են նրան, նույնպես դավաճանել են Հայաստանի Հանրապետությանը, Արցախին:

Նա հորդորեց ապարանցիներին՝ չվիրավորել իրար, փոխարենը  լինել միասնական և հեռացնել այն իշխանությանը, որը վաճառեց Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, դավաճանեց սփյուռքին ու ամբողջ հայությանը:

Ռուսլան Բարսեղյանին և ակցիայի մասնակիցներից ոմանց ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկել: Yerkir.am-ի հետ զրույցում Ռուսլան Բարսեղյանը նշեց, որ իրենց ակցիան եղել է բացառապես խաղաղ բնույթի, և ճիշտ հակառակը՝ հենց իրենք են կոչ արել ապարանցիներին՝ չտրվել սադրանքների և հարգալից լինել միմյանց հանդեպ:

«Այսքանից հետո մեզ համար ցավալի է, որ ոստիկանությունը շարունակում է ծառայել ոչ թե օրենքին, այլ հլու-հնազանդ կատարում է գահավիժող ռիժիմի ապօրինի հրահանգներն ու քհամաճույքները»,- ոստիկանության Ապարանի բաժնից Yerkir.am-ին հայտնեց Ռուսլան Բարսեղյանը:

Ակցիայի այլ մանրամասներ՝ տեսանյութում: