կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-04 22:51
Մշակույթ

«Ֆրեսկո» ֆիլմերի միջազգային փառատոնում կլինի հատուկ ծրագիր` նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին

«Ֆրեսկո» ֆիլմերի միջազգային փառատոնում կլինի հատուկ ծրագիր` նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնի ֆիլմերի նախընտրական արդյունքները հայտնի են: Կազմակերպիչները կինոսերներին առաջարկում են 58 ֆիլմ աշխարհի 17 երկրից:

 

Այս տարի «Ֆրեսկոն» առաջարկում է նաև հատուկ ծրագիր` նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին: Ծրագրի շրջանակում կցուցադրվի Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի մասին պատմող 6 ժապավեն Իսրայելից, Հայաստանից և Իտալիայից: Նշված ժապավեններից մրցութային ծրագրում ընդգրկված է միայն մեկը:

 

Հատուկ ծրագրում ընդգրկված է նաև «Ավրորա» հոլիվուդյան ժապավենը` հայերի ցեղասպանության մասին նկարահանված առաջին ֆիլմը։ Ռեժիսոր Օսկար Ափֆելի ֆիլմն առաջին անգամ ցուցադրվել է 1919թ. փետրվարի 16-ին Նյու Յորքում։ Ֆիլմը նկարահանվել է Հայոց ցեղասպանության ականատես, չմշկածագցի Արշալույս Մարտիկանյանի «Հոշոտված Հայաստան» փաստագրական հուշագրության հիման վրա։ Գլխավոր դերակատարն ինքը՝ Արշալույս Մարտիկանյանն է։ Ֆիլմից պահպանվել է շուրջ 18 րոպեանոց ժապավեն, որը հեղինակային իրավունքը տնօրինողների համաձայնությամբ փառատոնին է տրամադրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

 

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը փառատոնի ընթացքում կդառնա հատուկ ծրագրի հիմնական գործընկերներից մեկը. այնտեղ կցուցադրվեն ծրագրում ընդգրկված 2 ֆիլմ, և կանցկացվի հանդիպում փառատոնի հատուկ հյուրերից մեկի` հայր Հովհաննեսի (Ջովաննի Գուայտա) հետ: Ռուսական ուղղափառ եկեղեցու քահանան իտալացի պատմաբան, աստվածաբան և գրող է, ով հայերի մասին երեք աշխատության, այդ թվում` 2005-ին Մոսկվայում լույս է տեսած «Ճիչ Արարատից. Արմին Վեգները և հայերի ցեղասպանությունը» գրքի հեղինակն է:

 

Հանդիպման ընթացքում Ջովաննի Գուայտան կխոսի հայերին նվիրված իր արդեն հրատարակված աշխատությունների մասին, կպատմի իր նոր գրքի մասին, որի վրա աշխատում է այս օրերին: